կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-01 20:38
Հասարակություն

Հայի ազնվական, պայքարող և աներեր տեսակն այլևս մեզ հետ չէ…

Հայի ազնվական, պայքարող և աներեր տեսակն այլևս մեզ հետ չէ…

Մայր Աթոռից ցավով տեղեկացնում են, որ օգոստոսի 31-ին կորոնավիրուսի հետևանքով վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիտասարդ միաբան, Հայորդյաց տների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ․ Մաղաքիա վարդապետ Ամիրյանը։

«Ի Տեր ննջեց Տ Մաղաքիա վարդապետ Ամիրյանը

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռի ողջ միաբանությունը խորապես սգում են հոգելույս Հայր Մաղաքիայի անժամանակ մահը և աղոթում նրա հոգու հանգստության համար։

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի»,- նշված է Մայր Աթոռի ցավակցագրում:

***

Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը (ավազանի անունը՝ Հայկ) ծնվել է  1980 թվականի սեպտեմբերի 13-ին, ՀՀ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում:

Տեղի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, 1997 թվականին ընդունվել է Շիրակի թեմի հոգևոր ընծայարան:

2000 թ-ին ավարտելով ընծայարանը, ընդունվել է Մայր Աթոռ  Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան:

2006 թ-ին, Սրբոց Վարդանանց տոնին, ձեռամբ Գերաշնորհ Տեր Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանի, ստացել է սարկավագական ձեռնադրություն և աստիճան:

2006 թ-ի հունիսին  ավարտել է Գևորգյան հոգևոր ճեմարանը և Վեհափառ հայրապետի տնօրինությամբ նշանակվել է Մայր տաճարում՝ իբրև լուսարար:

2007 թ. մարտի 22-ին պաշտպանել է  ավարտաճառ «Հակոբ Կարնեցին և Կարինի նշանավոր  վանքերը» թեմայով:

2007 թ-ի ապրիլի 15-ին՝ Կրկնազատիկի տոնին, ձեռամբ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի, ստացել է կուսակրոն քահանայի աստիճան:

2007-2008 թվականներին ծառայության է կոչվել Խոր Վիրապի վանքում՝ իբրև վանահոր օգնական:

2008-2011 թվականներինՎեհափառ  Հայրապետի տնօրինությամբ նշանակվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի ավագ վերակացու, այնուհետև՝ Գևորգյան հոգևոր ճեմարանի փոխտեսուչ:

2011 թ-ի մայիս ամսին, Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ, ծառայության է կոչվել Արգենտինայի Հայոց թեմում՝ իբրև առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր հովիվ:

2013 թ-ի հոկտեմբերի 5-ին պաշտպանել է  վարդապետական թեզ «Ամենայն Հայոց կաթողիկոսական աթոռը և տեղափոխությունները» թեմայով և ձեռամբ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի  ստացել մասնավոր վարդապետական աստիճանի տվչություն:

Արգենտինայում ծառայության ընթացքին Բուենոս-Այրեսի պետական համալսարանում ուսանել է իսպաներեն լեզու, այնուհետև  ԲուենոսԱյրեսի Պապական համալսարանում շուրջ  2 տարի ուսանել է Աստվածաբանություն:

***

Երիտասարդ և հայրենապաշտ հոգևորականի կենսագրության պայծառ էջերից մեկը, անշուշտ, մնալու է նրա՝ հայրենի Ջավախքում հոգևոր ծառայության կարճատև, սակայն անչափ տպավորիչ և անկատար բազմաթիվ նպատակներ ու ծրագրեր անթեղած շրջանը:

2018  թ. հոկտեմբերին,  Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ Հայր Մաղաքիան  վերադարձել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և 2019 թվականի  մարտի 20-ին, Հայրապետական տնօրինությամբ ծառայության է կոչվել Վիրահայոց թեմում որպես Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ (նստավայրը՝ ք. Ախալքալաք, Սբ. Խաչ առաջնորդանիստ մայր եկեղեցի):

Թվում էր, թե հայերեն, ռուսերեն, անգլերեն և իսպաներեն լեզուներին տիրապետող, աշխարհ տեսած Հայր Մաղաքաիայի համար դժվար կլինի հարմարվելը ազգային – քաղաքական, լեզվական, կրթամշակութային և սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներով հարուստ Ջավախքի միջավայրում: Սակայն հենց այստեղ էր, որ ուրվագծվեց նրա հայրենապաշտ,  պայքարող ու անհանգիստ տեսակը: Ջավախքում նրա հոգևոր ծառայության շուրջ մեկուկես տարին նշանավորվեց փոխադարձ բացահայտումներով. իր նվիրումի շնորհիվ Հայր Մաղաքիան ամեն օր իր համար բացահայտում էր Ջավախքը, փոխարենը՝ ջավախահայության և, ընդհանրապես, հայ ժողովրդի կողմից, հանձինս  Հայր Մաղաքիայի և Ջավախքի նոր առաջնորդի, բացահայտվում էր հայի պայքարող, աննկուն, աներեր և մշտապես անհանգիստ տեսակը:

Հոգեշնորհ Տ․ Մաղաքիա վարդապետ Ամիրյանն իր անափ սիրով, չարի դեմ ըմբոստացող իր համարձակ քայլերով, միաժամանակ՝ բարեպաշտ ու հայրենապաշտ իր ներկայությամբ կարճ ժամանակում դարձավ ջավախահայության սիրելին: Դժվար էր մատնանշել գեթ մեկ օր, որի ընթացքում նա չհասցներ այցելել Ջավախքի այս կամ այն շրջանի մոտ ու հեռավոր գյուղեր, հանդիպեր մարդկանց, լսեր նրանց ցավերի մասին, մանուկներին նվիրեր ազգային մշակույթի, պատմության և եկեղեցու մասին ձեռնարկներ, չմտներ գյուղի փակ կամ գործող եկեղեցի, այլևայլ սրբավայրեր՝ խորությամբ ուսումնասիրելու համար Ջավախքում անթեղված հայոց հոգևոր ժառանգության տարբեր շերտերը: Նա մանկան նման ուրախանում էր, միշտ լուսավոր նրա աչքերը տասնապատիկ անգամներ պայծառանում էին, երբ այս կամ այն գյուղում հայտնաբերում էր որևէ հնագիտական կամ հոգևոր-մշակութային արժեք: Դրան, որպես կանոն, անմիջապես հետևում էին հեռախոսազանգերը, որոնցով նա մեզ էր փոխանցում իր հուզմունքախառն ապրումները:

Հիշում եմ, թե ինչպես նա 2020 թ. ապրիլին այցելել էր Ջավախքի Ղուլալիս գյուղ և համանուն գյուղի միջնադարյան հայկական գերեզմանոցում առկա խաչքարերի լուսանկարների շարքում հրապարակել ևս մեկը, որը, պարզվում է, Առաջնորդական փոխանորդը դուրս էր հանել հողի տակից։ «Այդ վայրը ոչ միայն սրբատեղի է, այլև իր մեջ ունի չափազանց մեծ խորհուրդ. 1314 թվականով թվագրվող այս միջնադարյան խաչքարը ջավախահայության յուրօրինակ «անձնագիրն է» և փաստում է, որ Ջավախքում հայերն ապրել են դարեր շարունակ», - Yerkir.am-ին տված հարցազրույցում այդ առիթով նշել էր ՀԱԵ Ջավախքի Ընդհանուր Առաջնորդական փոխանորդը։ 

Ցավոք, հոգևոր առաջնորդի ծառայությունը Ջավախքում չափազանց կարճ տևեց. նրա ազգապահպան շառաչուն գործունեությունը կարճ ժամանակ անց հայտնվեց վրացական իշխանությունների ուշադրության կենտրոնում: Վերջիններս չհանդուրժեցին ոչ միայն Հայր Մաղաքիայի գործունեությունը Ջավախքում, այլև նրա գոյությունը: Հոգևորականին սկսեցին հետապնդել և վերահսկել նրա ամեն մի քայլափոխը: Հայր Մաղաքիան բազմիցս նկատողություններ էր ստանում Վրաստանի ուժային կառույցներից՝ այս կամ այն միջոցառումը կազմակերպելու կամ իր ներկայությամբ այն զարդարելու համար: Ի վերջո՝ նրա դեմ հարուցվեց քրեական գործ, հայ մշակույթի և պատմամշակութային արժեքների պահպանման համար ոչինչ չխնայող հոգևորականին մեղադրեցին ոչ ավել, ոչ պակաս, վանդալիզմի մեջ (իբրև թե նա վնասել էր Ջավախքի գյուղերից մեկի պատմական հուշարձանը): Ի վերջո՝ Հայր Մաղաքիայի առջև Ջավախքից հեռանալու պահանջ դրվեց:

Այդ ամենով հանդերձ՝ բարեպաշտ հոգևորականը, չնայած զավեշտալի մեղադրանքին ու ստացած անչափ ծանր վիրավորանքներին, երբեք թշնամանք չտարածեց Ջավախքում և իր շուրջը: Լինելով արիստոկրատ անձնավորություն՝ նա ըմբռնումով, իսկ հաճախ՝ ծիծաղով էր վերաբերվում գավառական շովինիզմի նմանվող այս կամ այն դրսևորմանը, իր հանդեպ կիրառված անարդարություններին, Ջավախքում ազգային-քաղաքական հողի վրա հաճախակի հանդիպող տհաճ երևույթներին:

Ճարահատյալ հեռանալով Ջավախքից՝ Հայր Մաղաքիայի սիրտը շարունակում էր բաբախել այդ խստաշունչ երկրամասի հոգսերի ու խնդիրների համար. նա Մայր հանրապետությունում ևս փորձում էր այս կամ այն կերպ օժանդակել Ջավախքի խնդիրների լուծմանն ու բարեսիրական ծրագրերին:

Հայր Մաղաքիայի համար իսկական ողբերգություն էր 44-օրյա պատերազմն ու Արցախի մեծագույն հատվածի կորուստը: Նա հետպատերազմյան ողջ ընթացքում անդուլ պայքար էր մղում՝ փորձելով կասեցնել հայրենակործան այս ընթացքը:   

Հոգեշնորհ Տ․ Մաղաքիա վարդապետ Ամիրյան հոգևորականի, մտավորականի, ուսուցչապետի, ազգային-հասարակական գործչի և բարեպաշտ մարդու անունը հավետ կմնա Հայ Առաքելական եկեղեցու և հայ ժողովրդի պատմության անդաստաններում: Նրա երկրային կյանքի փառավոր ուղին, որը պատշաճ ներկայացնող շարադրանքը դեռ ստեղծվելու է, օրինակ է ծառայելու լուսավոր և հայրենապաշտ սերնդի, հզոր ու ամբողջական հայրենիքի կերտման սուրբ գործում:   

Հոգիդ լույսերի մեջ, սիրելի՛ Հայր Սուրբ, ծանր է պատկերացնելը, որ այլևս չենք վայելելու ձեր լուսավոր և պատկառազդու ներկայությունը, լսելու ձեր մտահոգությունները, մտքերն ու առաջարկները: Մեր բազմաթիվ զրույցների, նամակագրությունների և հաղորդագրությունների շարքում, ցավոք, Ձեզ ուղղված այս «նամակ-դիմումը», որը վերածվեց յուրօրինակ մենախոսության, դարձավ վերջինը…

 

Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր
Ձերդ Սուրբ Աջոյն՝ Վահե Սարգսյան