Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԳՆ-ում այսօր՝ մարտի 4-ին, տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելուն նվիրված միջոցառում, որին ներկա են եղել ՀՀ գործադիր եւ օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, քաղաքացիական հասարակության անդամներ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ պաշտոնական կայքից։
Միջոցառման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը եւ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը:
Իր խոսքում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է. «Համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտը եւ դրա ուժի մեջ մտնելն իսկապես կարեւոր իրադարձություն է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների խորացման համար։ Համաձայնագիրը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ այն ոչ միայն մեծապես խթանում է ՀՀ կառավարության որդեգրած բարեփոխումների իրականացման գործընթացը, այլեւ ինքնին հանդիսանում է մեր բարեփոխումների օրակարգի առանցքային հիմքերից մեկը։ Հարկ է նշել, որ համաձայնագրի արդյունավետ կիրարկումը շոշափելիորեն կազդի մեր քաղաքացիների կյանքի եւ բիզնեսի տարբեր ոլորտների վրա: Բոլորս գիտակցում ենք, որ եվրոպական լավագույն փորձի մոտարկումը կնպաստի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ամրապնդմանը, մարդկային կապիտալի զարգացմանը, կխթանի համագործակցությունը ենթակառուցվածքների, տնտեսության, շրջակա միջավայրի եւ մի շարք այլ ոլորտներում»։
Համաձայնագրի ուժի մեջ մտնելու առիթով ելույթ է ունեցել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինն՝ ընդգծելով. «ՀԸԳՀ֊ի լիարժեք վավերացումը ՀՀ եւ ԵՄ միջեւ հարաբերություններում ձեռքբերված անկյունաքարային իրադարձություն է։ Եվրոպական Միությունը պատրաստակամ է աջակցել Հայաստանին իր բարեփոխումների գործընթացում` ի շահ ՀՀ եւ նրա քաղաքացիների զարգացման»:
Շնորհավորելով գործընկերներին համաձայնագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ՝ ԱԳ նախարար Արա Այվազյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Եվրամիության աշխատանքային խմբերի ջանքերը` այս կարեւոր ձեռքբերումը կյանքի կոչելու գործում: «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ընդգրկում է մեր երկկողմ հարաբերությունների լայն օրակարգը, ինչպես նաեւ կուռ իրավական հիմք է ստեղծում տնտեսական եւ ոլորտային համագործակցության շրջանակն ամրապնդելու եւ ընդլայնելու համար` մեծապես խթանելով տարբեր ոլորտներում ներքին բարեփոխումների շարունակումը` ի շահ մեր քաղաքացիների»:
Նախարարն իր խոսքում ընդգծել է, որ Եվրոպական միության եւ իր անդամ երկրների հետ ընդհանուր արժեքների եւ փոխադարձ հավակնությունների վրա հիմնված հարաբերությունների ամրապնդումն առաջնային գերակայություն է Հայաստանի համար եւ ուղղված է լավ զարգացած եւ տոկուն հասարակության կառուցմանը։ «Խոսելով ընդհանուր արժեքների մասին՝ մենք չենք կարող անտեսել, թե ինչպես են այդ արժեքները ճնշվել եւ ոտնահարվել Արցախի խաղաղ ժողովրդի նկատմամբ կիրառված ուժի գործադրման արդյունքում: Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի (Արցախի) բնակչության դեմ տեւեց 44 օր եւ ստեղծեց նոր, անկայուն իրավիճակ տարածաշրջանում՝ բոլոր հնարավոր բացասական հետեւանքներով:
Մենք հիրավի բախվել ենք նոր մարտահրավերների, սակայն դրա հետ մեկտեղ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն աջակցելու մեր վճռականությունը չի խարխլվել: Կցանկանայի շեշտել, որ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում հստակորեն վկայակոչում է նշված իրավունքը, որն այժմ հատկապես կարեւոր է, քանի որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին իր իրավունքներից, մասնավորապես՝ ինքնորոշման իրավունքից զրկելն էր»:
Նախարար Այվազյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել Հայաստանի համար առաջնային կարեւորության հարցի՝ Ադրբեջանի կողմից ռազմագերիների եւ որպես պատանդ պահվող քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց անհապաղ ազատ արձակման եւ անվտանգ վերադարձի վրա՝ այդ առնչությամբ բարձր գնահատելով ԵՄ դիրքորոշումը: «Կարծում ենք, որ այս հարցում թե՛ ԵՄ-ն եւ թե՛ ԵՄ անդամ երկրներն ավելի շատ ասելիք պետք է ունենան, քանի որ խոսքը գնում է ոչ միայն տարածաշրջանային անվտանգության եւ կայունության, այլեւ կոնկրետ մարդկանց կյանքի մասին»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը։