| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտի (ԵՕԻ) գլխավոր քարտուղար Ժոզեֆ Սիգելեի՝ Ադրբեջանում պահվող հայկական կողմի գերիներին՝ զինծառայողներին ու քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ հայտարարությունը և միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպան կառույցներին կոչ անում ևս դատապարտել Ադրբեջանի կողմից միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների չկատարումը և հայ գերիների վերադարձի շուրջ արհեստական խոչընդոտների հարուցումը:
ԵՕԻ Գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Ես կոչ եմ անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտության հետևանքով Ադրբեջանում գերության մեջ պահվող բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:
Զինված հակամարտության հետևանքով անազատության մեջ գտնվող յուրաքանչյուր ոք պետք է վերադարձվի անմիջապես ռազմական գործողությունների ավարտից հետո և առանց որևէ նախապայմանների:
Դա պետք է դիտարկվի բացառապես մարդու իրավունքների ու մարդասիրական գործընթացի շրջանակում՝ որպես ավտոմատ գործողության միջազգային պահանջ։
Հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի ձգձգումները խաթարում են մարդկային արժանապատվությունը և լրջորեն խախտում են Ժնևյան կոնվենցիաներով երաշխավորված հիմնարար պահանջները։ Սա կոպտորեն խարխլում է հետպատերազմական փուլի մարդասիրական գործընթացն ու մարդու իրավունքները երաշխավորող միջազգային մանդատները:
Գերիներին ազատ արձակելը և նրանց անվտանգ վերադարձը պահանջում են անհապաղ լուծում»:
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը 2009 թվականից անդամակցում է Եվրոպական օմբուդսմանի ինստիտուտին: