| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մադրիդում հանդիպում է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Նախագահ Ժոզեֆ Դոլի հետ: Հանդիպման սկզբում Սերժ Սարգսյանը նախ շնորհավորել է Ժոզեֆ Դոլին` ԵԺԿ համագումարում հոկտեմբերի 21–ին կուսակցության Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ` հույս հայտնելով, որ պարոն Դոլի ղեկավարությամբ ԵԺԿ-ն՝ որպես Եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական ուժը, կշարունակի իրականացնել իր առաքելությունը և արդարացնել եվրոպացի ընտրողների ակնկալիքները:
Զրուցակիցները քննարկել են ԵԺԿ հետ հետագա համագործակցության զարգացմանը, ՀՀ-ԵՄ հարաբերությունների հեռանկարին, ՀՀԿ-ԵԺԿ միջկուսակցական կապերի ամրապնդմանը, միջազգային հարթակներում ԵԺԿ գործընկերների հետ Հայաստանի փոխգործակցությանը, ինչպես նաև ընդհանուր խնդիրներին ու մարտահրավերներին վերաբերող հարցեր, որոնց անդրադարձ կլինի նաև այսօրվա ԵԺԿ ընդլայնված գագաթնաժողովում:
ՀՀ Նախագահը և ԵԺԿ Նախագահն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին և առկա խնդիրներին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի և փախստականների ճգնաժամի մասին:
Հանրապետության Նախագահը Ժոզեֆ Դոլին ներկայացրել է ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների անցկացման գործընթացը և մայր օրենքում նախատեսվող փոփոխությունների անցկացման կարևորությունը մեր երկրի համար:
Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, թե ջերմությամբ է հիշում ս.թ. ապրիլին պարոն Դոլի այցը Հայաստան և մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի հիշատակի ու ոգեկոչման միջոցառումներին, որով ԵԺԿ Նախագահը, Հանրապետության Նախագահի համոզմամբ, վերահաստատեց իր և իր գլխավորած կուսակցության հավատարմությունը եվրոպական ինտեգրացիայի հիմքում դրված համամարդկային արժեքներին: Ընդգծելով ԵԺԿ քաղաքական համաժողովի «Հայոց ցեղասպանությունը և եվրոպական արժեքները» բանաձևի կարևորությունը` Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել կուսակցության նախագահին և ԵԽԽՎ-ում ԵԺԿ այն անդամներին, ովքեր միացել են այդ հայտարարությանը:
ՀՀ Նախագահն այսօր Մադրիդում կմասնակցի նաև ԵԺԿ ընդլայնված գագաթնաժողովին: