Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ողջունում է «Եվրոպա Նոստրա» և «Եվրոպական հնագետների ասոցիացիա» ՀԿ-ների հայտարարությունը:
Մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է երկու հայտնի միջազգային հասարակական կազմակերպությունների` Եվրոպա Նոստրայի և Եվրոպական հնագետների ասոցիացիայի կողմից վերջերս տարածված համատեղ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում առկա հարուստ մշակութային ժառանգության ամբողջականության, ինքնատիպության և բազմազանության համապարփակ պաշտպանության վերաբերյալ, որն ինչպես նշված է հայտարարության մեջ, արտահայտում է այդ տարածաշրջանի, ինչպես նաև ամբողջ Եվրոպայի բազմամշակութային և բազմակրոնական անցյալն ու ներկան։
Հայտարարության մեջ երկու կազմակերպությունները իրենց աջակցությունն են հայտնում պատշաճորեն ապահովելու տարածաշրջանում գտնվող հարուստ մշակութային ժառանգության ամբողջականությունը, ինքնատիպությունն ու բազմազանությունը: Միևնույն ժամանակ, կոչ են անում ՅՈՒՆՍԵՍԿՕ-ին, Եվրոպայի խորհրդին և ԵԱՀԿ Մինսկի խմբին համատեղ ջանքերով լիարժեքորեն ապահովել տուժած տարածքներում մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը, այդ թվում եվրոպական (միջազգային) փորձագետների անաչառ թիմ ուղարկելով տարածաշրջան՝ հարուստ մշակութային ժառանգության համապարփակ և օբյեկտիվ գիտական հետազոտություն իրականացնելու համար։
Պաշտպանն ընդգծում է, որ մշակութային արժեքների պահպանմանն ուղղված նման կոչերը և գործուն քայլերը պարտադիր պետք է ընդգրկված լինեն համապատասխան միջազգային կառույցների օրակարգում, լինեն պաշտպանված հավասար հիմունքներով` անկախ քաղաքական նպատակահարմարությունից»: