Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լոս Անջելեսի Գերագույն ատյանը բեկանել է Համբիկ Սասունյանի ազատ արձակումը խափանելու որոշումը.
«Ասպարեզ»-ի ձեռք բերած դատական փաստաթղթերի համաձայն՝ Լոս Անջելեսի Գերագույն դատարանը չորեքշաբթի բեկանել է Համբիկ Սասունյանի ազատ արձակումը կասեցրած նահանգապետ Քևին Նյուսըմի որոշումը։
Հիշեցնենք, որ հակառակ այն իրողությանը, որ 2019-ի դեկտեմբերին Բանտարկյալների ազատ արձակման խորհուրդը հանձնարարել էր Համբիկ Սասունյանին ազատ արձակել, 2020-ի մայիսին Նյուսըմը որոշել էր արգելակել Սասունյանի ազատ արձակումը: Իր որոշման բացատրության մեջ նա, ընդունելով հանդերձ, որ անցնող տասնամյակների ընթացքում Սասունյանը լուրջ քայլեր է արել վերականգնելու համար իր վարքը, ասել էր որ ինքը չի հավատում, որ Սասունյանը պատրաստ է ազատ արձակվելուն:
«Գնահատում եմ Սասունյանի՝ բանտում իր վարքը բարելավելու ուղղությամբ թափած ճիգերը, բայց գոյություն ունեն ավելի ծանրակշիռ հանգամանքներ, որոնք անհնար կդարձնեն Սասունյանի ազատ արձակումը։ Իմ համոզումն այն է, որ Սասունյանը տակավին չի կարողացել բավարար ժամանակի ընթացքում ապացուցել անհրաժեշտ հմտությունների զարգացումը և դրանց իրականացումը»,- գրել էր Նյուսըմը:
Սակայն Լոս Անջելեսի Գերագույն ատյանը կամայական և ընթացակարգային կերպով թերի է համարել նրա որոշումը՝ ընդունելով Սասունյանի փաստաբանների առարկությունը։
Դատարանը նաև անհիմն է համարել Նյուսըմի այն պնդումը, թե Սասունյանի ազատ արձակումը վտանգ է հանրության համար։ Դատարանի որոշումը նշանակում է, որ վերահաստատված է Սասունյանին ազատ արձակելու՝ Բանտարկյալների ազատ արձակման խորհրդի որոշումը։
Հիշեցնենք, որ Սասունյանը ձերբակալվել էր 1982 թվականին Լոս Անջելեսում թուրք հյուպատոսին գնդակահարելու համար։