կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-10-30 12:02
Քաղաքական

Համբիկ Սասունյանն արդեն Հայաստանում է՝ 38 տարվա բանտարկությունից հետո

Համբիկ Սասունյանն արդեն Հայաստանում է՝ 38 տարվա բանտարկությունից հետո

Համբիկ Սասունյանը վերադարձել է հայրենիք։ Այս մասին հայտնել է հենց Սասունյանը. 

«Սիրելի հայրենակիցներ,

Ամենայն ուրախութեամբ կը գրեմ պատգամս ձեզի՝ Հայաստանէն: Մօտաւորապէս 40 տարիներ անց, պատիւը ունիմ ըլլալու Հայրենի հողի վրայ, խմել հայրենի ջուրը, շնչել օդը, եւ զգալ ընտանական ջերմութիւնը։ 

Ձեր ցուցաբերած աջակցութիւնը տարիներու ընթացքին մշտական քաջալերած է զիս եւ դրական ներդրում ունեցած է իմ դժուարագոյն օրերուս: Խորին շնորհակալութիւններս կ'ուզեմ յայտնել բոլոր անոնց որոնք նամակցած են, այցելած են, եւ ընդմիշտ պահած են զիս իրենց սրտերուն մէջ: Վերջապէս հասած եմ տուն... 

Սիրով՝ Համբիկ Սասունեան»:

Հայոց պահանջատիրության մարտիկ Սասունյանին օդանավակայանում դիմավորել են եղբայրը և ընկերները։

Հիշեցնենք՝ Համբիկ Սասունյանը ցմահ բանտարկություն է դատապարտվել Լոս Անջելեսում 1982 թ. հունվարի 28-ին առավոտյան 9։40-ին Ուիլշիր Բուլվարի և Կոմստոկ փողոցի խաչմերուկում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի Քեմալ Արըքանի սպանության կասկածանքով: Այդ ժամանակ նա 19 տարեկան էր:

2019 թ. դեկտեմբերին Լոս Անջելեսի նահանգի Ներման հարցերով հանձնաժողովը որոշում էր կայացրել ազատ արձակել Սասունյանին, սակայն Կալիֆոռնիայի նահանգապետը 2020 թ. մայիսին մերժել էր նրա ազատ արձակման հայցը։ 2021 թ. սկզբին դատարանը որոշեց, որ նահանգապետարանի պնդումները Սասունյանի ազատ արձակման դեմ անհիմն են և վերականգնեց 2019 թ. դեկտեմբերի ազատ արձակման որոշումը։ Թուրքիան բացմիցս պաշտոնապես իր դժգոհությունն էր հայտնել Սասունյանի ազատ արձակման հնարավորության կապակցությամբ։

Սասունյանը ծնվել է 1963 թվականի հունվարի 1-ին Բեյրությում։ Սասունյանին կասկածում էին «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» (ՀՑԱՄ) գաղտնի կազմակերպության անդամ լինելու մեջ։ Սասունյանը բանտում անցկացրել է 38 տարի։