կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-17 19:04
Քաղաքական

Հրաժարվել միավորային գնահատումից և «անբավարար» գնահատականից. ի՞նչ է նախատեսված հանրակրթության պետական չափորոշիչում

Հրաժարվել միավորային գնահատումից և  «անբավարար» գնահատականից. ի՞նչ է նախատեսված հանրակրթության պետական չափորոշիչում

ՀՀ կառավարության փետրվարի 4-ի նիստում հաստատվել է Հանրակրթության պետական չափորոշիչը, որի հիմքի վրա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հաջորդաբար կհաստատի առարկայական ծրագրերն ու չափորոշիչները: Մինչ Կառավարության հաստատմանը ներկայացվելը Հանրակրթության պետական չափորոշչի նախագիծն անցել է հանրային և մասնագիտական քննարկումների տևական փուլ, ներկայացված բազմաթիվ առաջարկների հիման վրա նախագիծը շտկվել, խմբագրվել ու լրամշակվել է:

Հանրակրթության պետական չափորոշչի նախագիծը ՀՀ կառավարության նիստում նախարար Վ. Դումանյանի առաջարկով ներկայացրել է նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Կտրուկ փոփոխություն` ավելի ճկուն համակարգ

Նախարարի տեղակալը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ հանրակրթության պետական նոր չափորոշիչը սահմանում է պետության ակնկալիքը և պահանջը դպրոցից` հանրակրթական բոլոր աստիճանների սովորողներից և շրջանավարտներից: Ըստ այդմ` կատարված ամենակարևոր փոփոխությունը հայեցակարգային է, քանի որ նոր չափորոշիչը հիմնվում է սովորողի հմտությունների կարողունակությունների վրա: Հավասարապես շեշտադրվում են սովորողի գիտելիքը, հմտությունը, դիրքորոշումը և արժեքային համակարգը:

Սահմանվում են որակական այն պահանջները, որ շրջանավարտը պետք է ունենա դպրոցն ավարտելիս, նկարագրված են ակնկալվող վերջնարդյունքներն ըստ կրթական աստիճանների (տարրական, հիմնական և ավագ), կոմպետենցիաներն ու կարողունակությունները:

«Խուսափելով այս պահին գործող առարկայակենտրոն մոտեցումներից, երբ մենք ունենք ինքնաբավ առանձին առարկաներ, նախատեսվում է անցում կատարել ինտեգրված մոտեցմանը, որը հնարավորություն է տալիս տեսնել փոխկապակցված թեմաներ, առանձնացնել խաչվող թեմաները, և յուրաքանչյուր առանձին առարկայի միջոցով որոշակիորեն նպաստել ընդհանուր վերջնարդյունքի ձևավորմանը: Սա նաև թույլ կտա էապես խուսափել կրկնություններից` առավել արդյունավետ օգտագործելով այն ժամանակը, որը երեխան ծախսում է դպրոցում: Առաջարկվող փոփոխությամբ ընդհանուր առմամբ դպրոցականների ծանրաբեռնվածությունը նվազեցվում է` չկրճատելով բովանդակային ծավալը և նպատակային դիտարկելով ավելի բարձր կրթական արդյունքը»,- նշել է Ժ. Անդրեասյանը:

Նոր մոտեցումը, նախարարի տեղակալի հավաստմամբ, ավելի ճկուն աշխատելու հնարավորություն է տալիս: Օրինակելի ուսումնական պլանի հիման վրա սահմանելով հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը՝ միաժամանակ դպրոցները հնարավորություն կունենան դպրոցական և անհատական բաղադրիչի շրջանակում լինել ավելի ստեղծարար և սահմանել սեփական ուսումնական պլանը` հաշվի առնելով նաև սովորողի անհատական նախասիրությունները:

Պարտադիր առարկաներ և նոր նախագծային ուսուցում

Չափորոշչով սահմանվում են 7 ուսումնական բնագավառներ. «Հայոց լեզու և գրականություն», «Հայրենագիտություն», «Օտար լեզուներ», «Բնագիտություն, Տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա (ԲՏՃՄ)», «Հասարակություն, հասարակական գիտություններ», «Արվեստ և արհեստ», «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն»: Հանրակրթության պետական չափորոշիչով պետությունը պարտադիր ուսուցման համար սահմանում է հիմնական հետևյալ առարկաները. «Հայոց լեզու և գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», «Օտար լեզու»: Նշված առարկաներն ունեն երաշխավորված ժամաքանակ բոլոր դպրոցներում` անկախ կազմակերպաիրավական ձևից:

Անհատական ուսուցում` ավագ դպրոցի բարեփոխում

Կարևոր նորույթներից է անհատական բաղադրիչը, որը աշակերտի կարիքներից բխող ուսումնական ծրագիր ձևավորելու և դրա հիմքով ավագ դպրոցի բարեփոխման հնարավորություն է տալիս:

«Այսպիսով կկարողանանք հրաժարվել այս պահին գործող հոսքային ուսուցումից և անցնել անհատականացված դասացուցակի` ըստ յուրաքանչյուր աշակերտի նախասիրության և մասնագիտական կողմնորոշման: Սա նաև թույլ կտա շտկել քաղաքային և գյուղական բնակավայրերի միջև այս պահին առկա անհավասարությունը, քանի որ գյուղական բնակավայրերում գործում են միջնակարգ դպրոցներ, և ի տարբերություն քաղաքների՝ չկան առանձնացված ավագ դպրոցներ: Ավագ դպրոցի բարեփոխմանը կնպաստի նաև մոդուլային ուսուցումը, որը սովորողին հնարավորություն կտա հանրակրթության ավագ աստիճանում կարճաժամկետ դասընթացների միջոցով ձեռք բերել մասնագիտական կողմնորոշում»,- նշել է Ժ. Անդրեասյանը:

Մյուս կարևոր նորությունը 7-րդ դասարանից սկսած նախագծային ուսուցման ներդրումն է, որի նպատակն է զարգացնել աշակերտի ինքնուրույն, հետազոտական և ստեղծագործական կարողությունները, ինչը նաև համայնքային նախագծերում ներգրավվելու հնարավորություն կընձեռի:

Կրտսեր դպրոցում միավորային գնահատական չի լինի

Գնահատման համակարգում ևս կատարվում է կտրուկ փոփոխություն. առաջարկվում է կրտսեր դպրոցում հրաժարվել միավորային գնահատումից` կիրառելով խրախուսական բնութագրումներ, իսկ միավորային գնահատումը կգործի 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակից: Առաջարկվում է նաև հրաժարվել «անբավարար» գնահատականից, ինչը նշանակում է, որ այլևս չի գործի հաջորդ դասարան չփոխադրվելու, նույն դասարանում մնալու և կրթական ծրագիրը կրկնելու ինստիտուտը:

Չափորոշչի վերջնական ներդրումը` 2023 թվականից

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ առաջիկա մեկ ամսում կսահմանվի Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման ճանապարհային քարտեզ: Մինչ համընդհանուր կիրառումը չափորոշիչը պետք է անցնի փորձարկում, որը կսկսվի 2021 թվականի սեպտեմբերից: Նախատեսվում է իրականացնել լայնածավալ վերապատրաստումներ, ուսումնական նյութերի մշակումներ: Փորձարկման արդյունքները հաշվի առնելով` չափորոշիչը կլրամշակվի և 2023 թվականից կներդրվի բոլոր դպրոցներում:

Կրթության ամբողջական բարեփոխում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հանրակրթության չափորոշչի նախագծի մշակման համար` ընդգծելով, որ աշխատանքները կատարվել են բավականին բարդ պայմաններում:

«Կրթության չափորոշչի ընդունումը Կառավարության կարևորագույն ռեֆորմներից մեկն է. շատ կարևոր է, որ ունեցել ենք կամք՝ փոփոխությունները հասցնելու այս կետին: Կարևոր եմ համարոմ ռեֆորմի հետագա շարունակությունը: Պարզ է, որ լինելու են քննադատություններ, ընդհուպ՝ մինչև ինչպես կարելի է գնահատման համակարգից հրաժարվել, բայց սա համապարփակ ծրագիր է և պետք է իրականացնել՝ ավելի մեծ շեշտ դնելով աշակերտի կարիքների, նախասիրությունների վրա: Պետք է ուշադիր լինել, թե երեխան ինչի վրա է ծախսում ժամանակը, ինչ գիտելիք և հմտություն ենք զարգացնում դպրոցում, քանի որ դրանից է կախված` 15-20 տարի հետո տեխնոլոգիական ապրանք կունենանք, թե՝ ոչ»,- նշել է նա` հավելելով, որ այժմ ԱԺ օրակարգում է գտնվում նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որն ամբողջացնում է կրթական բարեփոխումների շղթան:

Վարչապետը հարց է բարձրացրել «Հայ եկեղեցու պատմություն», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաների շուրջ բարձրացված հանրային աղմուկի վերաբերյալ: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, պարզաբանելով խնդիրը, նշել է, որ նախնական նախագծում առկա խնդրահարույց դրույթները քննարկվել են ԳԱԱ համապատասխան ինստիտուտների ներկայացուցիչների հետ, կատարվել են շտկումներ, և հակասություններն այժմ, ըստ էության, հարթված են:

Օրախնդիր դարձած վերանայում

Նախագծի քննարկման ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ երեխաները դպրոցում 12-ամյա կրթության ընթացքում մեր այժմյան հանրակրթական ծրագրերի շրջանակում ստանում են այն ծավալի գիտելիքներ և հմտություններ, որոնք, ըստ ուսումնասիրությունների, կարելի է ստանալ 9 տարվա ընթացքում. «Այսինքն` մեր երեխաների կյանքից դպրոցը վերցնում է 12 տարի, տալով ավելի քիչ գիտելիքներ, քան հնարավոր է տալ այդ ընթացքում: Որքան էլ ցավոտ լինի այս խնդրի գիտակցումը, մենք պետք է ընդունենք, որ 12 տարվա ժամանակն ու ծավալը պարտավոր ենք լցնել նոր գիտելիքներով ու հմտություններով»:

Հավելենք, որ Հանրակրթության պետական նախորդ չափորոշիչը հաստատվել էր 2010 թվականին և փոփոխվել 2011 թվականին: Հանրակրթության ոլորտում կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անցած շուրջ 10 տարիների ընթացքում կրթության բովանդակության, որակի և համապատասխանության առումով առաջ են եկել մի շարք լուրջ խնդիրներ, որոնք օրախնդիր են դարձնում պետական չափորոշչի վերանայումը։