Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպես 1920-21 թթ հայ բոլշևիկները, համաշխարհային հեղափոխության ցնորամիտ գաղափարներով տարված, ոչնչացնում էին ազգայինը, այնպես էլ հիմա ականատես ենք լինում՝ աշխարհաքաղաքացիության ցնորամիտ գաղափարների անվան տակ ազգայինը ոչնչացնելու երևույթի՝ Yerkir.am-ի հետ հարցազրուցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի կրթության և գիտության հանձնախմբի նախագահ, պ.գ.դ., պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը։
Խոսքը դեռևս 10 տարի առաջ ընդունված՝ հանրակրթության պետական չափորոշիչների մեջ, փոփոխություն կատարելու նախագծի մասին է, որը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը արդեն տեղադրել է e-draft.am-ում և մոտ օրերս հանրային քննարկման կներկայացնի։
Փոփոխությունները հարվածում են հայագիտական առարկաներին՝ համոզված են շատ մասնագետներ։
Դրանք միայն «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկային չեն վերաբերում, որը փաստացի վերանում է որպես ինքնուրույն առարկա, նշեց Խաչատուր Ստեփանյանը, փոխվում է գնահատման համակարգը, կան նաև բազմաթիվ այլ վիճելի կետեր։
«Թե ինչու է հենց թիրախ ընտրվել Հայոց եկեղեցու պատմությունը, պարզ է․ այս կառավարությունը և, մասնավորապես, ԿԳՄՍ նախարարը խիստ վերապահումով են մոտենում Հայոց եկեղեցուն, որի մասին տարբեր առիթներով հայտարարել են։ Հավանաբար, կհիշեք նախարարի հիվանդագին վերաբերմունը, երբ դպրոցում քահանա էր տեսել, կարծես թե քահանան Հայաստանի քաղաքացի չէ»,-նշեց Խաչատուր Ստեփանյանը։
Նա համեմատություն անցկացրեց գործող չափորոշիչների և փոփոխվածի միջև։ Այժմ գործող չափորոշիչներով սահմանվում է․ ««Հասարակական գիտություններ» բնագավառը միջին դպրոցի 5-րդ դասարանում ներկայացվում է «Հայրենագիտություն» ինտեգրված առարկայով և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայով, 6-9-րդ դասարաններում` «Հայոց պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Համաշխարհային պատմություն», 7-9-րդ դասարաններում` «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն» առարկաներով, իսկ 8-9-րդ դասարաններում` «Հասարակագիտություն» ինտեգրված առարկայով: Վերջինս ներառում է նախնական գիտելիքներ փիլիսոփայությունից, տնտեսագիտությունից, իրավագիտությունից, բարոյագիտությունից, գեղագիտությունից»։
Բավական պարզ, հստակ դրված են ազգային դաստիարակությանն ուղղված առարկաները՝ նշեց Խաչատուր Ստեփանյանը։
Հիմա, ինչ է առաջարկվում սրա փոխարեն․ ««Հայրենագիտություն» եւ «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը եւ կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող մեկ ինտեգրված առարկայով, 7-12-րդ դասարաններում՝ առանձին առարկաներով»։
Այսինքն, 5-րդ, 6-րդ դասարաններում «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց պատմություն» առարկաները վերանում են և դառնում է մեկ ինտեգրված առարկա՝ մտահոգություն հայտնեց Խաչատուր Ստեփանյանը։
Եվ հաջորդը՝ հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող մեկ ինտեգրված առարկայից բացի նշվում է՝ «7-12-րդ դասարաններում՝ առանձին առարկաներով»։ Չի նշվում՝ կոնկրետ ինչ առարկայի մասին է խոսքը, որը, ըստ Խաչատուր Ստեփանյանի, վտանգավոր է։
«Սրանից կարելի է եզրակացնել, որ եթե եղածը չեն ֆիքսում, ուրեմն 7-12-րդ դասարաններում էլ «Հայոց եկեղեցու պատմությանը» վտանգ է սպառնալու»,-նշեց նա։
Խոսելով 5-6-րդ դասարանում առաջարկվող՝ «ինտեգրված մեկ առարկայի» մասին, Խաչատուր Ստեփանյանն ասաց, որ «Հայաստանի աշխարհագրություն», «Հայոց պատմություն» և «Մշակույթ», «Կրոն» առարկաները մեկ ընդհանուր առարկայով պետք է ներկայացվի։
Այս պարագայում հարց է առաջանում այդ ինտեգրված առարկան ո՞վ է դասավանդելու՝ աշխարհագրությա՞ն ուսուցիչը, պատմությա՞ն ուսուցիչը՝ տարակուսեց նա։
«Մեր Սփյուռքի երկարամյա փորձը հաշվի առնելով՝ որոշում ընդունվեց նաև Հայաստանում դասավանդել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, որովհետև դա այն տարիքն է, որ երեխայի մոտ ձևավորվում է ազգային դաստիարակություն, որ ապրի հայեցի, հայ եկեղեցու արժեքներով»,-նշեց Խաչատուր Ստեփանյանը։
Նա նակտեց, որ այդ առարկայի դասավանդումը կարգավորվում է նաև առանձին՝ Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին ՀՀ օրենքով, որը սահմանում է․ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի` մասնակցելու պետական կրթական հաստատություններում «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը և դպրոցներին ներկայացնելու այդ ուսուցիչների թեկնածությունները»։
Փաստորեն, եզրակացրեց նա, մեր երեխաները զրկվում են Հայ առաքելական եկեղեցու պատմությանը ծանոթանալու շատ լավ հնարավորությունից, որն իրականացվում է պետության կողմից, փոխարենը մտցվում է միայն մեկ առարկա՝ «Կրոնի պատմություն»․ « Անշուշտ, կրոնների մասին իմանալը լավ բան է, բայց չգիտենք՝ որքանով է դա ազդելու երեխայի ազգային դաստիարակության վրա»։
Խաչատուր Ստեփանյանի համար անընդունելի է պատճառաբանությունը, որ փոփոխությունը Առաքելական եկեղեցու հետևորդ չհանդիսացող աշակերտների ինքնասիրությունը ոտնահարելու համար է։
«Իրականում դա աբսուրդ է, որովհետև դպրոցում «Հայոց եկեղեցու պատմություն» ուսումնասիրելով որևէ այլ կրոնական համայնքի ներկայացուցչի ինքնասիրությունը չի վիրավորվել։ Եվ եթե ամրագրում ենք Հայ առաքելական եկեղեցու գերակայությունը, պարզապես պարտավոր ենք այդ գերակայությունը հարգելով, մեր եկեղեցին մեր ինքնության կարևոր մասը համարելով «Հայոց եկեղեցու պատմության» դասավանդումը անպայման ներառված պահել մեր դպրոցական ծրագրերում»,-ընդգծեց նա։
Խաչատուր Ստեփանյանը համոզված է, որ փոփոխության դեպքում, բացի ծրագրային խնդրից, առաջանալու է նաև զուտ՝ ուսուցիչների գործազրկության վտանգ, որովհետև հայագիտական առարկաների թիվը կրճատվում է։
Ազգայինը պահելը գավառականություն համարողներին նա պատասխանում է․ «Գավառականությունը ազգայինը մերժելն է, դա քաղքենիություն է, որևէ կապ չունի իսկական, մաքուր, համաշխարհային մշակութային գործընթացների հետ։ Չկա մի երկիր, որտեղ ազգայինը մերժվի։ Ֆրանսիայում, օրինակ, պարտադիր օրենքի ուժ ունի ֆրանսիական անուն կրելը, սրա մասին ոչ ոք չի խոսում․ եթե հայը Ֆրանսիայում կրում է հայկական անուն, կողքից պետք է պարտադիր մի հատ էլ ֆրանսիական ազգային անուն կցի, այլապես չի գրանցվի նրա անունը»։
Հանրակրթության պետական չափորոշիչների փոփոխության նախագծով մեկ այլ վտանգ ևս արձանագրում է Խաչատուր Ստեփանյանը․ «անբավարար» գնահատականը վերացնելը։
«Լինելու է 1-10 գնահատականներ և «անբավարար» գնահատական չի լինելու․ սա շատ վտանգավոր է սովորողների մոտ մոտիվացիայի տեսանկյունից։ Այստեղ էլ մի ցնորամիտ պատճառաբանություն, որ՝ այն երեխաները, ովքեր անբավարար գնահատական են ստանում և մնում նույն դասարանում, թերարժեք են զգում։ Հաշվարկները ցույց են տալիս, որ ամեն տարի առավելագույնը 200 աշակերտ է մնում նույն դասարանում «անբավարար» գնահատականի պատճառով։ Մինչդեռ այդ գնահատականի առկայությունը շատ աշակերտների մոտիվացնում է թեկուզ գնահատականի համար որևէ բան սովորելու։ Անշուշտ, պետք է սովորել գիտելիք ստանալու համար, ոչ թե գնահատականի, բայց, ցավոք, այս պահին, սովորելու այլ մոտիվացիա, քան գնահատականը, մեծամասնության մոտ գոյություն չունի»,-ասաց Խաչատուր Ստեփանյանը։
Նա առաջարկեց նախ՝ ստեղծել այդ մոտիվացիան, հետո նոր մտածել եղածը փոխելու մասին․ «Անշուշտ, մեր երեխաները պետք է իրենց լիարժեք զգան, բայց լիարժեք զգալու համար պետք է մոտիվացնել, որ լավ սովորեն»։
Աննա Բալյան