կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-20 22:59
Մշակույթ

«Շոկ ապրեցի, կարծես կենսագրությանս անբավարար նշանակած լինեն»․ ինչու է ԿԳՄՍ նախարարը անբավարար նշանակել Կարեն Արիստակեսյանին

Օգոստոսի 14-ին տեղի է ունեցել Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի թափուր տեղի համար մրցույթը, որին մասնակցության հայտ են ներկայացրել, թանգարանի արդեն նախկին տնօրեն Գրիգոր Գրիգորյանը, Սարդարապատի թանգարանի նախկին տնօրեն, ՀՀ մշակույթի նախկին փոխնախարար Կարեն Արիստակեսյանը եւ Սարդարապատի թանգարանի նախկին աշխատակից Դավիթ Պողոսյանը: Վերջինս էլ այժմ հանդիսանում է Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն, ում օրերս արդեն որպես նորանշանակ տնօրեն թանգարանի անձնակազմին է ներկայացրել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Ի դեպ, հայտ ներկայացրած երեք թեկնածուներից թանգարանի նախկին տնօրեն Գրիգոր Գրիգորյանը տեղեկանալով, որ ԿԳՄՍՆ-ի նախընտրելի թեկնածուն է «հաղթահարելու», չի ներկայացել մրցույթին։

Yerkir.am-ի հետ զրույցում Կարեն Արիստակեսյանն ասաց, որ ինքն էլ տեղեկանալով այդ մասին ցանկացել է լքել մրցույթը, բայց հանձնաժողովի անդամները շտապել են տեղեկացնել, որ միեւնույն է ըստ կանոնադրության մրցույթը կայանալու է: Սակայն, ըստ Արիստակեսյանի մրցույթի ընթացքում ամեն ինչ արել են, որպեսզի ինքն իրեն նվաստացած զգա, եւ ակնհայտ ցուցադրել են իրենց համակրանքը՝ կանխորոշված թեկնածուի հանդեպ։

«Հետաքրքիր է, որ ի սկզբանե մրցույթին գնացել եմ առանց հաղթելու հավակնություն ունենալու, որովհետեւ մոտ աղբյուրներից ասում էին, որ կանխորոշված է: Բայց, չէի հավատում, ուղղակի մասնակցեցի, որպեսզի տեսնեմ վերաբերմունքը իմ անձի եւ ընդհանրապես մրցույթների նկատմամբ»,- պատմում է Կ. Արիստակեսյանն ու պնդում. «Գիտեի որ հաղթահարելու եմ մրցույթի գրավոր փուլը եւ հաղթահարեցի այն 100 տոկոսանոց արդյունքով, ինչպես նաեւ մյուս մասնակիցը: Բայց, ինչպես  փորձն է ցույց տալիս, դա իրենց համար ընդունված կանոնն է, որ պետք է բանավորին մասնակցի հարցերը լուծեն՝ հաշվեհարդար տեսնեն»:

Ըստ կարգի, ՊՈԱԿ-ների տնօրենների թափուր տեղի համար մրցույթում, հանձնաժողովում պետք է ընդգրկված լինեն 7 անդամ, որոնց թվում իրավունք ունի ներկա լինելու ոլորտի փոխնախարարը: Բայց, ուշագրավ է, որ չգիտես ինչու, ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանի հետ միասին վերանշյալ մրցույթի հանձնաժողովի կազմում է եղել, ոչ ավել, ոչ պակաս բազմապրոֆիլ նախարար Արայիկ Հարությունյանը, ինչը հակասում է ՀՀ օրենքին. «Անկեղծ ասած, ըստ կարգի, հանձնաժողովի անդամները պետք է լինեն 7 հոգի, որոնք չպետք է գլխավորի նախարարը: Բայց ի զարմանս ինձ, հանձնաժողովի անդամներից մրցույթին ներկայացել էին 6-ը եւ հավանաբար, 7-րդ տեղը բռնել էր նախարարը»:

Մեր այն ճշտող հարցին, թե կա՞ նման իրավունք, Արիստակեսյանը տվեց բացասական պատասխան. «Ըստ օրենքի, եթե մրցույթի արդյունքները չես ընդունում պետք է բողոք ներկայացնես նախարարին: Եթե նախարարը մասնակցում է՝ ո՞ւմ բողոքեմ: Ես իհարկե բողոքական չեմ եղել երբեւէ, բողոք ներկայացնելու ցանկություն էլ չունեի եւ ինձ տրամադրել էի, որ չեմ անցնելու այդ մրցույթը: Բայց մտածում էի, որ այնուամենայնիվ, չեն կարող մարդուն ուղղակի ջնջել: Մտածում էի՝ կանցնեմ, բայց  չեն նշանակի, ինչպես ամիսներ առաջ եղավ Սարդարապատի թանգարանի տնօրենի մրցույթում: Բայց ասել, որ մարդը չհաղթահարեց մրցույթը ջնջենք, որովհետեւ մեզ հետ չի… ես բոլորի հետ եմ, ճշմարտության հետ եմ: Ոչ թե ջնջենք, ոչ թե սուբյեկտիվ կարծիք հայտնենք այս կամ այն երեւույթի մասին, որպեսզի դուր գանք  այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյային: Դա է մեր տունը քանդում: Ուղղակի աչքերս բացվեցին՝ որոշ մարդկանց առումով…»,- ասաց զրուցակիցն ու հստակեցրեց, որ մրցույթի գրավոր փուլից ստացել է 100 տոկոսանոց արդյունք, իսկ  բանավորից՝ զրո. «Երբ տեսա արձանագրությունը, շոկ ապրեցի, այնտեղ գրված էր անբավարար, այսինքն՝ 3 անբավարար, 2 թերի: Ինձ համար վիրավորական էր, կյանքումս առաջին անգամ տեսա, որ ինձ անբավարար են նշանակում: Կարծես կենսագրությանս եւ ողջ գործունեությանս նշանակած լինեն անբավարար»:

Ի դեպ, ԿԳՄՍ նախարարն այնքան է ինտեգրվել հանձնաժողովի անդամի կարգավիճակում, որ Կ. Արիստակեսյանի փոխանցմամբ 3 անհեթեթ հարց է տվել իրեն. «Օրինակ, ինչո՞ւ եք ուզում դառնալ տնօրեն, կամ՝  ի՞նչ կգրեն լրատվամիջոցները, եթե ես ձեզ նշանակեմ տնօրեն… Ես պատասխանեցի՝ ճիշտն ասած չգիտեմ ինչ կգրեն լրատվամիջոցները, եւ կարծում եմ, որեւէ հայ պաշտոնյայի չպիտի հետաքրքրի ինչ կգրեն: Տվյալ հայ պաշտոնյան պիտի կարողանա ճանաչել հայ մարդուն եւ մարդու արժանիքները, կենսափորձը եւ անցած ճանապարհը: Միայն այս դեպքում մեր պետության մեջ կունենանք բարոյական եւ այլ արժեհամակարգ եւ կկարողանանք մեր  պետության մեջ գնահատել նախկին պաշտոնյաներին, որոնք աշխատել են եւ ունեն փորձ: Իսկ ինչ կգրեն լրատվամիջոցները, եթե դուք պետականամետ մտածողություն ունեք կամ պետական գործիչ եք, դրանից ինչո՞ւ եք  խառնվում, իսկ ձեր մասին ի՞նչ են գրում, այդպես լինի առավոտից իրիկուն պիտի հավատանք ձեր մասին գրածներին»:

Կ. Արիստակեսյանը պնդում է, որ ինքը վիրավորված չէ, այլապես ավելին կպատմեր, նա ուզում է, որ մրցույթները, անձանց առումով, կանխորոշված չլինեն: Բայց, այնուամենայնիվ, նրան զարմացրել է հանձնաժողովի կազմում ընդգրկված մտավորականների պահվածքն ու առանց անուններ թվարկելու շեշտեց. «Չեմ ուզում անուններ տալ, բայց կարծում եմ, որ չի կարելի այնպիսի վերաբերմունք դրսևորել, որը հարիր չէ հայ մատվորականին: Սրանով չի վերջանում իմ աշխատանքային գործունեությունը, կամ՝ իմ կյանքը: Եթե չլիներ վերաբերմունքի այս չափ վատ դրսեւորում, էլի չէի խոսի, ինչպես չեմ խոսել 11 ամիս, որովհետեւ ստացել եմ այլ դաստիարակություն: Այստեղ թույլ տվեք Պ. Սևակից մեջբերում անել. «Հաճախ զիզի-բիզի զանգուլակ է նետվել շուկա, իսկ ես զուրկ եմ զիզի-բիզուց, կեղծ դրամ էլ մոտս չկա…»: Վիրավորականն այն է, որ երբ քեզ պետության մեջ չեն պաշտպանում, մի անգամ արդեն ոտնակոխ են արել, արդեն հեշտ է ոտնակոխ անելով գնալը: Բայց, մարդը դրանից բյուրեղանում եւ ավելի է պնդանում: Ինձ ոչ ոք չի կարող կոտրել, հավատացնում եմ ձեզ և եթե կոտրվելու լինեմ, ապա մի այնպիսի անկյունում, որ ինձ չեն տեսնի»:

Մեր զրուցակիցը չբացառեց, որ իրեն դիտարկում են որպես «նախկինների մարդ», բայց եւ շեշտեց. «Ես մշտապես եղել եմ նախկին՝ բոլոր իշխանությունների ժամանակ, վաղն էլ լինելու եմ նախկին՝ հաջորդ իշխանության համար: Միշտ պետք է նախկին լինես, եւ քո գործունեությունը խոսի քո արժանիքների մասին: Երբեք չեմ եղել և չեմ կարող որեւէ մի իշխանության մասնիկը լինել»:

Թերեւս Կ. Արիստակեսյանը նաեւ տեղեկացրեց, որ հայտ էր ներկայացրել Ազգային գրադարանի տնօրենի թափուր տեղի համար մրցույթին, որը պետք է տեղի ունենա վաղը՝ օգոստոսի 21-ին: Սակայն, օրերս հետ է վերցրել հայտը, քանի որ, ըստ նրա, այստեղ էլ կանխորոշված է, թե ով պետք է լինի տնօրեն. «Չեմ պատրաստվում գնալ և կենսագրությունս ջնջելու հնարավորություն տալ մարդկանց, որոնք կարծես թե իրենց մարդիկ են, որոնք ամեն ինչ ունակ են անելու՝ հանուն իրենց աթոռի, հանուն իրենց մի կտոր հացի»:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Զրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.