կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-17 16:33
Քաղաքական

Սերժ Սարգսյանը ճշմարտությունն է ասում. այս իշխանությունն ամեն ինչ արել է, որ պատերազմ լինի. Սեյրան Օհանյան. Aysor.am

Սերժ Սարգսյանը ճշմարտությունն է ասում. այս իշխանությունն ամեն ինչ արել է, որ պատերազմ լինի. Սեյրան Օհանյան. Aysor.am

Aysor.am-ը զրուցել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանի հետ: Հարցազրույցում Օհանյանն անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին և այլ թեմաների:

 

- Պարոն Օհանյան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում հայտարարեց, թե Շուշիի պաշտպանությունը թողնվել էր Սեյրան Օհանյանի վրա «ուրիշ բանի համար»։ Ասաց՝ Շուշիի անկումը ուզում էին գցեին Սեյրանի «ջեբը»: Կիսո՞ւմ եք նախագահի այս տեսակետն ու, ընդհանրապես, ի՞նչ կատարվեց Շուշիում։

- Լսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ ևս մեկ անգամ ուզում եմ կարևորել այն բոլոր արժեքները, որ կերտվել են այս 30 տարիների ընթացքում ու բոլոր այն մարդկանց, այն մեծ թիմը, որոնք համախմբված են եղել ՀՀ երեք նախագահների, Արցախի Հանրապետության նախագահների շուրջ։ ՀՀ երրորդ նախագահը կիսում է բոլորի մտահոգությունները, ինքն անցել է այս ամբողջ ճանապարհով ու ունի այդ հնարավորությունները ու նաև պարտավոր է մեր հանրությանը ներկայացնել այնքանով, որքանով որ հնարավոր է։ Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը խոսեց ոչ միայն մտահոգությունների, այլ նաև՝ մտավախությունների մասին, որոնք արտահայտվում էին և բանակցային գործընթացում ձախողումների, և պետական կառավարման ընթացքում ունեցած թերությունների ու բանակաշինության, ընդհանուր առմամբ, նաև այս վերջին պատերազմի, որոնց մաս է կազմում նաև Շուշիի շուրջ գոյություն ունեցող առեղծվածը։

 Ես շնորհակալություն եմ հայտնում ՀՀ երրորդ նախագահին ճշմարտությունը մեր հանրությանը ներկայացնելու համար, մի ճշմարտություն, որը հանրության մեծամասնությունը կիսում է։

Ինչ վերաբերում է Շուշիին, Շուշիում ես եղել եմ 44 օրվա ընթացքում մի քանի անգամ տարբեր հարցերով՝ կամավոր կերպով, բայց մի քանի օրով եղել եմ արդեն նոյեմբերի սկզբներին, ընդ որում, նոյեմբերի սկզբներին՝ Արցախի Հանրապետության նախագահի խնդրանքով։ Այնտեղից ես դուրս եմ եկել նոյեմբերի 6-ի առավոտյան՝ 5։30։ Ես կիսում եմ այն մտահոգությունը, որ ունի երրորդ նախագահը։ Նա տիրապետում է ավելի մեծ ինֆորմացիայի ու, կարծում եմ, նա ճշմարտությունն է ասում, մնացածը, թե ինչ մութ պահեր կան Շուշիի հանձնման հետ կապված, կարծում եմ, երբ որ ստեղծվի քննիչ հանձնաժողովը, ապա ի հայտ կբերի բոլոր խնդիրները՝ Շուշին հանձնվե՞լ է, դավադիր գործողությո՞ւն է եղել, թե՞ մարտական գործողությունների ընթացքում է ամենը եղել։

- Սերժ Սարգսյանը խոսեց նաև Զինված ուժերի զարգացման պլանից՝ նշելով, թե նախատեսված էր մինչև 2024 թիվը ձեռք բերել 2500 անօդաչու թռչող սարք, սակայն նոր իշխանությունը փոխեց պլանը։ Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է իշխանությունը գնացել այդ քայլին, ինչո՞ւ է փոխվել պլանը, երբ անընդհատ խոսվում է, թե Հայաստանն ԱԹՍ-ների կարիք, միանշանակ, ունի։

- Նախագահը բացարձակ ճշմարտությունն է ասում, ես միայն կարող եմ հավելել, որ ապրիլյան պատերազմից հետո ՀՀ զինված ուժերի 2016-2020 թվականների պլաններում էլ մենք արագ փոփոխություններ ենք մտցրել և բավականին մեծ քանակությամբ ոչ միայն անօդաչու թռչող սարք, այլ նաև և օդուժի, և հակաօդային պաշտպանության, և ռադիոէլեկտրոնային պայքարին վերաբերող միջոցներ պետք է գնվեին։ Այնուհետև նաև 2018-2024 թվականների նոր պլան էր կազմվել, դա, արդեն, իմ ժամանակ չի եղել։ Քանի որ նախագահն ասում է, նշանակում է՝ ինքը ճշմարտությունն է ասում։

Յուրաքանչյուր այդպիսի պլան՝ Զինված ուժերի զարգացման և Զինված ուժերի սպառազինության ու ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիր, քննարկվում ու կազմվում է ՀՀ պետական համակարգի շրջանակում՝ միջգերատեսչական հանձնաժողովի համատեղմամբ, որտեղ մասնակցում են պետական կառավարման բոլոր մարմինները, ընդ որում, միջազգային փորձագիտական խմբեր են մասնակցում ու որոշվում է դրանց կարևորությունը։ Հապճեպ փոփոխություններ մտցնել այդ ծրագրերի մեջ, նշանակում է լիարժեք չտիրապետել իրավիճակին։ Նաև՝ մեզ համար հասկանալի է, որ այս իշխանություններն իրենց ամբողջ աշխատանքը դրել էին միայն տեղեկատվության ու հակատեղեկատվության վրա՝ զբաղվելով բացառապես այն ուղղությունների վրա, որոնք կբարձրացնեն իրենց վարկանիշն ու հասարակության մեջ կբարձրացնեն իրենց արժանիքները, իրենք այդպես էին մտածում, այնինչ, զինված ուժերի զարգացումն ու բանակաշինությունն, առաջին հերթին, նպատակ ունի մարտունակության ու նպատակ ունի մարտական կարևոր որակների բարձրացման ուղղությամբ աշխատանքների։

- Պարոն Օհանյան, ի վերջո, մենք կարո՞ղ էինք հաղթել այս պատերազմում։

- Ես, միանշանակ, ասում եմ, որ մենք այս պատերազմը ոչ միայն կարող էինք, այլ՝ պարտավոր էինք հաղթել։ Այս պատերազմում պարտության հիմնական պատճառը կայանում է նրանում, որ, առաջին հերթին, պետական կառավարման համակարգը, կառավարությունը, Ազգային ժողովը, նաև հասարակությունը չեն համախմբվել մեր առջև դրված հիմնական խնդրի՝ մեզ համար հայրենական պատերազմ իրականացնելու ու հաղթանակ տանելու համար։

Երկրորդ պատճառներից մեկը՝ չտիրապետելով ռազմաքաղաքական իրավիճակին՝ անվտանգության խորհրդի ամբողջ կարողությունները չեն ուղղվել նրան, որ լիարժեք գնահատական տրվի ու եզրակացություններ արվի ռազմաքաղաքական իրավիճակից, որից հետո էլ որոշվեր՝ պատերազմը կանգնեցնե՞լ, թե՞ շարունակել, և եթե շարունակել, ապա ի՞նչ վերախմբավորումներ, ինչպիսի՞ փոփոխություններ կատարվեր ընդհանուր օպերատիվ դասավորվածության ու նաև բանակի համակողմանի ապահովման մեջ։

Մյուս պատճառը վերաբերում է զորահավաքային խնդիրների չկատարմանը, այսինքն՝ պատերազմին զուգահեռ բանակը չի զգացել, որ իր թիկունքն ամուր է ու թիկունքից ապահովում են իր բոլոր խնդիրները, հատկապես, սանիտարական կորուստների վերականգնում, նոր կազմավորվող զորամասեր, լրահամալրում և այլն։ Հաջորդ պատճառը կարգապահության ցածր մակարդակն էր՝ սկսած պետական կառավարման մարմիններից, նրանց ղեկավարման կետերից, վերջացրած որոշ ստորաբաժանումներում տիրող իրավիճակով, նաև՝ դատական կամ դատաիրավական համակարգի կողմից չձեռնարկված լիարժեք միջոցառումները։ Այս ամենը բերել է պարտության։

Ես գտնում եմ, որ ամենակարևոր խնդիրներից մեկը հակառակորդի գլխավոր հարվածների ուղղությունը որոշելուց հետո ճիշտ վերախմբավորում, այդ ուղղությամբ ճիշտ, առաջնային ղեկավարման կետ չի ստեղծվել, որպեսզի հակառակորդի կողմից մխրճման գոտում հակառակորդը կանգնեցվի, ջախջախվի, հակահարված հասցվի, նաև՝ պաշտպանական հետագա խնդիրները կարողանան իրականացնել։ Այսինքն՝ ամեն ինչ արել է այս իշխանությունը, որ պատերազմ լինի, ոչ մի բան չի արել, որպեսզի պատշաճ կառավարում լինի, դեռ ավելին, պատերազմի հետ զուգահեռ այն ուղղություններում, որտեղ մենք պարտություն ենք կրել, այդ ուղղությամբ ղեկավարությունը խրախուսվել է։

Գտնում եմ, որ ճիշտ է նաև Սերժ Սարգսյանի այն մտավախությունը, որ այս պարտվողական քաղաքականությունն ու Հայաստանի կողմից պարտվողական քայլերը շարունակական են, որոնք արտահայտվել են Արցախի շրջանների մեծ մասի, նաև ազատագրված տարածքների մեծ մասի հանձնմամբ, ՀՀ սահմաններում տիրող իրավիճակով, երբ սահմանային համայնքի գյուղացին, համայնքապետը դեմ առ դեմ մենակ է հայտնվել հակառակորդի բանակի հետ, այդ ամենն արտահայտվել է նաև ապաշրջափակման մասին ստորագրված փաստաթղթով, որը կարող է ճանապարհ բացել հակառակորդի համար Թուրքիայից Նախիջևան, Նախիջևանից Ադրբեջան։ Մենք տեսնում ենք, որ սա որոշ մարդկանց ուրախություն է բերում կամ երազանքների դաշտ է նետում, թե կլինի տնտեսական առաջընթաց, ապաշրջափակում կլինի, ես միանշանակ ասում եմ՝ այդ ճանապարհների ապաշրջափակումը հետագայում բերելու է Հայաստանի ու Արցախի խորը շրջափակման։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: