կարևոր
1981 դիտում, 8 ամիս առաջ - 2023-10-17 13:34
Քաղաքական

Ցանկացած ժամանակ կարող է պատերազմ լինել, բայց այս պահին այդ վտանգը գոյություն չունի. Սեյրան Օհանյան

Ցանկացած ժամանակ կարող է պատերազմ լինել, բայց այս պահին այդ վտանգը գոյություն չունի. Սեյրան Օհանյան

Ընդդդիմության օրակարգում շարունակում է մնալ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը, ցանկացած պահի կարող է պատերազմ սկսվել, եթե այս իշխանությունը մնա, Ադրբեջանը շարունակելու է պարտադրանքի մեթոդով խոսել Հայաստանի հետ. այս ու այլ թեմաների շուրջ Aysor.am-ը զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ։

-Պարո՛ն Օհանյան, վերջին ակցիաների ժամանակ հայտարարվեց, որ խորհրդարանական ընդդիմությունը ԱԺ-ում իմպիչմենտ սկսելու գործընթաց կնախաձեռնի։ Ի՞նչ փուլում է այդ գործընթացը, շարունակո՞ւմ է այս հարցը ձեր օրակարգում մնալ։

-Ընդդիմության ու հատկապես «Հայաստան» խմբակցության գործունեության երկու հարթակ կա՝ խորհրդարանական ու արտախորհրդարանական։ Երկու հարթակում էլ մենք մեր գործունեությունը շարունակելու ենք իրար փոխլրացման սկզբունքով։ Ելնելով այն իրավիճակից, որ այսօր ձևավորվել է Հայաստանի շուրջ, մանավանդ, Արցախի հայաթափումից հետ, ակնհայտ է, որ այս իշխանություններն են հիմնական մեղավորները, որ այս վիճակում ենք։ Ակնհայտ է, որ իշխանափոխությունը մնալու է մեր օրակարգում, դա նշանակում է, որ բոլոր ձևերը, մեթոդներն ու միջոցները կիրառվելու են, դրանց մեջ է լինելու նաև կառավարությանն անվստահություն ու վարչապետին իմպիչմենտ հայտնելու գործընթացը։

-Բայց ձեզ կհաջողվի՞ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին համոզել, որ միանան ձեր նախաձեռնությանը։ Կգտնվե՞ն այդպիսիք։

-Կգտնվեն, թե չեն գտնվի, համենայն դեպս, այդ ուղղությամբ համապատասխան աշխատանք պետք է տարվի, ընդ որում, աշխատանք պետք է տանի ոչ միայն «Հայաստան» խմբակցությունը, այլև՝ «Պատիվ ունեմ»-ը։ Մեր հետ պետք է աշխատի նաև ամբողջ ընդդիմադիր հարթակն ու հանրությունը, որովհետև հանրության ճնշումների ներքո կարող ենք գնալ դրան, իսկ հանրության զգալի մասն արդեն գիտակցում է, թե ինչ աղետալի վիճակում ենք հայտնվել, ինչ ողբերգություն է տեղի ունեցել Արցախի հետ։

-Իսկ եթե ձախողեք ու Նիկոլ Փաշինյանը շարունակի մնալ վարչապետի պաշտոնում՝ ի՞նչ է սպասվում Հայաստանին։

-Հայաստանի իշխանություններն իրենց կրավորական կեցվածքով երկիրը հասցրեցին այս վիճակին։ Մերժելով բանակցային ամբողջ գործընթացը կամ չհասկանալով, թե 30 տարիների ընթացքում բանակցային ինչ ներուժ է կուտակվել ու որ կետից պետք է սկսել՝ իրենք, կարելի է ասել, տապալեցին այն, ու օգտվելով դրանից, թուրք-ադրբեջանական տանդեմը պատերազմով փորձեց լուծել Արցախի խնդիրը։ Պատերազմում պարտվեցինք, իսկ պատերազմից հետո մենք տեսնում ենք, որ ճնշումները Հայաստանի վրա շարունակվում են ու հիմնական մեղավորները ՀՀ իշխանություններն են։ Եթե բանակցողները փոխվեն, նոր բանակցողները իրենց կետից կսկսեն ամեն ինչ ու Հայաստանի շահերը առաջ կտանեն, իսկ եթե այսպես շարունակվի, Ադրբեջանը շարունակելու է պարտադրանքի մեթոդով խոսել Հայաստանի հետ։ Մենք տեսանք, թե ինչ հանցագործություն կատարեց  Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին, հիմա էլ բարձրաձայնում են, իրենց խոսքով ասած, «Զանգեզուրի միջանցք»-ի, անկլավների գաղափարը, այսինքն՝ օգտվելով այն բանից, որ Հայաստանում դեռևս պարտված իշխանություններն են, Հայաստանում մի այնպիսի  ռազմաքաղաքական էլիտա է ձևավորվել, որ չի կարողանում հստակ գնահատել ռազմաքաղաքական իրավիճակն ու դրանից բխող գերակա խնդիրները, նրանք շարունակելու են ճնշել Հայաստանին։ Անհաջողությունները, զիջումները հայկական կողմից շարունակվելու են, իսկ ադրբեջանական կողմը շարունակելու է պարտադրանքի, խորամանակության, ճնշումների մեթոդներով խոսել մեզ հետ։

- Օրեր առաջ լուր էր տարածվել, թե ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ Ադրբեջանն առաջիկա շաբաթների ընթացքում կարող է ներխուժել Հայաստան, հետո, սակայն հերքվեց դա։ Այնուամենայնիվ, դուք տեսնո՞ւմ եք պատերազմի վտանգ։

-Միայն Բլինքենի ասածը չպետք է մեզ հուշի, որ ցանկացած ժամանակ կարող է պատերազմ լինել, պատերազմ սկսելու հանգամանքները բազմաթիվ են ու երկիրը պարտավոր է բազմակողմանի  վերլուծություն ու գնահատական տալ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին, որոնց վրա ազդում են աշխարհաքաղաքական զարգացումները,  տարածաշրջանային իրադարձությունները, մեր տարածաշրջանում նոր դերակատարների, Թուրքիայի նկրտումները։ Պատերազմի սկսման համար գոյություն ունեն ներքին ու արտաքին սպառնալիքներ, նաև միջազգային խնդիրներն են ազդում պատերազմ սկսելու վրա, դրա համար, այս ամենը գնահատելով, ես կարծում եմ, որ այս պահին, մեծ առումով, այդ վտանգը գոյություն չունի, բայց ցանկացած պահի կարող է սկսվել, երբ թուրք-ադրբեջանական տանդեմը ցանկանա հասնել վերջնական նպատակներին։ Կարծում եմ, որպեսզի միջազգային հանրությունը մի քիչ հանգստանա, շեղվի Արցախի հայաթափումից, ինչ-որ մի  ժամանակ է պետք, ժամանակի հանգամանքն էլ հաշվի առնելով, կարծում եմ, որ Ադրբեջանը միանգամից չի համարձակվի պատերազմ սկսել։

-Ի՞նչ է պատրաստվում անել ընդդիմությունը։ Երեկ հայտարարվեց, որ «Ազգային կոմիտե»-ն վերակազմակերպվում ու ընդդիմադիր շարժման նոր ձևաչափ է սահմանում։

-Ընդդիմադիր դաշտը՝ «Ազգային կոմիտե»-ի գլխավորությամբ, քննարկել է իրավիճակը, այն սպառնալիքները, որոնք կան, մանավանդ, Արցախի հետ կապված իրադարձության համատեքստում ու եկել են այն եզրակացության, որ սպառնալիքներից մեկը այսօրվա իշխանությունն է, նաև գնահատական է տրվել բոլոր շարժումների ընթացքում ձեռքբերումներին, դրական ու բացասական կողմերին, ընդդիմության մրցակցային առավելություններին, հնչել են բազմաթիվ առաջարկներ։ Ստեղծվել է աշխատանքային խումբ, որը բոլոր առաջարկները կամփոփի, կներկայացնի «Ազգային կոմիտե»-ին, իսկ կոմիտեի առաջին քայլը պետք է լինի ընդլայնվելը, որից հետո արդեն կխոսենք մնացած բոլոր քայլերի մասին։