կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-20 13:35
Քաղաքական

Պլատոնն իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է. Աշոտյանն անդրադարձավ Սեյրան Օհանյանի հայտարարությանը

Պլատոնն իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է. Աշոտյանն անդրադարձավ Սեյրան Օհանյանի հայտարարությանը

Այսօր ՀՀԿ գրասենյակում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադարձ է եղել նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այսօրվա հայտարարությանը:

Նշենք, որ Սեյրան Օհանյանն այսօր տարածել էր հաղորդագրություն, որում հայտնում էր ակտիվ քաղաքականություն վերադառնալու` իր հավակնությունների մասին: Աշոտյանի խոսքով` մամուլը երկար եփեց Սեյրան Օհանյանի քաղաքականություն վերադառնալու գործընթացը, ուստի նրա այսօրվա հայտարարությունը անակնկալ չէր:

«Ցանկացած պարագայում ունենալով հարգանք գեներալի անցած քաղաքական ու մարտական ուղու նկատմամբ, ունենալով նաև մարդկային հարաբերությունների ջերմ ու գնահատելի պաշար Սեյրան Օհանյանի հետ, այնուամենայնիվ, տեղին է հիշել լատինական մի հայտնի ասածվածք. «Պլատոնն իմ ընկերն էր, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»,- ասաց նա:

Աշոտյանի խոսքով`  քաղաքական գործընթացներում այդ ճշմարտությունը որոնելու պրոցեսում ներգրավվելու սահմանադրական իրավունք ունեն բոլոր քաղաքացիները, այդ թվում` նախկին պաշտոնյաները:

«Հայաստանի քաղաքական  կյանքում միշտ փորձում են դիրքավորվել նախկին նախագահներ, վարչապետեր, նախարարներ: Քաղաքականությունը ձգում է նախկին իշխանավորներին: Փորձը  ցույց է տալիս, որ նրանք չեն կարողացել արձանագրել քաղաքականության մեջ շատ մեծ արդյունքներ, բայց ինչ-որ մի տեղ քաղաքական արևի տակ կարողանում են տեղ զբաղեցնել` ունենալով որոշակի քաղաքական ծրագիր, ամբիցիաներ»,- ասաց նա` հավելելով, որ քաղաքականություն մուտք գործելու փաստը դեռ քիչ բան է որոշում, որովհետև կան շատ այլ կարևոր նախադրյալներ:

Վերջում Աշոտյանը խորհուրդ տվեց ժամանակակից քաղաքականությանը նայել Չարլզ Դարվինի աչքերով: Ըստ նրա` քաղաքական տեսակները տարբեր են լինում` դինոզավրերից մինչև սողուններ, թռչուններից մինչև կաթնասուններ: