կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-15 23:16
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամերիկահայ Ազիզյան քույրերը հայ հերոսներին ուղղված բարեգործական նախագիծ են սկսել

Արցախի զգալի տարածքը թշնամուն հանձնելու՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, հայրենիքի մնացյալ հատվածը չկորցնելու նպատակով Գլենդեյլից 3 քույրեր որոշեցին գալ Հայաստան, գնահատել հայոց բանակի կարիքներն ու օժանդակել ինչով հնարավոր է։

Քույրերից մեկը՝ Մարիաննա Ազիզյանը, Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց, որ երկու ամիս անհատական մակարդակում օժանդակությունը կազմակերպելուց հետո ստեղծել են «Armenian Hero Project»-ը, որն էլ ավելի կընդլայնի իրենց աշխատանքը։

«Հետպատերազմական շրջանում բանակին, մեր զինվորին օգնություն է պետք։ Դժվար ժամանակ է, որ հասկացանք, որ մեր ընկերներով օգուտ բերենք զինվորին՝ այս է ճանապարհը, որ պիտի վերականգնվի բանակը։ Այն տարածքները, որ մենք կորցրել ենք՝ զորամասեր ենք թողել Արցախում, հարյուրավոր զորքեր Արցախից դուրս են եկել և գնացել այլ զորամասեր միանգամից, որտեղ  կամ պայմաններն այն չեն, կամ այլ խնդիրներ կան, մենք ուզում ենք մի ձևով թեթևացնել այս ծայրահեղ և դժվար ժամանակը»,-ասաց Մարիաննա Ազիզյանը։

Նա նշեց, որ հեռավորության վրա շատ դժվար էր հասկանալը, թե ինչ է պետք, ոնց կարող են օգնել զինվորին, մեր բանակին, այդ պատճառով էլ եկան Հայաստան։

«Ես հասկացա, որ մեր հայրենիքի հերոսը զինվորն է այս պահին։ Զգում էի, որ այս գործը որ անում ենք, աշխատում ենք մի ձևով, մենք էլ ենք իրենց հետ հերոսանում։ Ճիշտ է՝ մենք Ամերիկա ենք ծնվել, այնտեղ ենք մեծացել, բայց մենք հոգով, ամեն ձևով հայ ենք զգում, և դրա համար ուզում ենք մի ձևով թեթևացնել այս պատերազմական շրջանի վիճակը»,-նշեց նա։

Բարեգործությունը Զինված ուժերի գլխավոր շտաբի կամ Պաշտպանության նախարարության որևէ ստորաբաժանման հետ համագործակցությամբ կազմակերպելը, պարզվում է, հնարավոր չէ, քանի որ այդպիսի ստարաբաժանում չկա։ Ազիզյան քույրերը ստիպված են եղել Հայաստանում ընկերներ գտնել, որոնք բանակի ներսում ծանոթություններ ունեն հրամանատարական կազմում և նրանց միջոցով են կազմակերպել օժանդակությունը։

«Մենք արդեն շատ լավ հարաբերություններ ունենք հրամանատարական կազմի հետ, միշտ հարցնում ենք՝ ամեն մի զորամասում տարբեր մի խնդիր կա։ Այս երկու ամսում արդեն 10 զորամաս ենք կարողացել այցելել, ամեն զորամաս իր խնդիրն ունի։ Ընդհանուր առմամբ, տարել ենք 1000 քնապարկ, 250 զինվորական վերարկու, մի տեղում հարյուրավոր զորք էր գալիս  և հասկացանք, որ սանհանգույցը լավ վիճակում չէ, որոշեցինք դա վերանորոգել։ Զորքը հին սովետական շենքեր է տեղափոխվել, այնտեղ տաքացուցիչներ չկային, և մենք կարողացանք Ամերիկայի մեր շրջապատով, մեր ընկերներով տարածել և մի երկու օրվա մեջ լուծել այդ խնդիրը միասնաբար»,-ասաց Մարիաննա Ազիզյանը։

Նա նշեց, որ անձամբ իրենք են դա տանում և զինվորի ձեռքին դնում, համոզվում են, որ հասնում է։

«Նոր մեր սահմանները, որ գծել են, լսեցինք, որ մեր զինվորները ձնային այդ տարածքով չեն կարողացել հասնել սահման և  որոշեցինք 3 հատ ձնագնաց նվիրել տարբեր 3 զորամասերի, որ մեծ փրկություն է լինում զինվորի համար, որ իր ապրանքը ոչ թե իր մեջքին տանի, այլ հանգիստ գնա և եթե մի վիրավոր լինի, այդ ձնագնացը շուտ կհասնի իրեն»,-ասաց նա։

«Հիմա այս պահին ԱՄՆ-ից շատ մեր ընկերները եկել են Հայաստան տարբեր բարեգործական առումներով՝ մեկը Ստեփանակերտ է ապրում, երեխեքին դաս է  տալիս, մյուսը հիվանդանոցներում զինվորներին գրքեր է բաժանում, մյուսը ընտանիքների համար սպոնսորշիպ պրոգրամներ է դրել․․․ որ գումարվում է, շատ մեծ օգնություն է դա լինում»,-ասաց Մարիաննա Ազիզյանը։

Նա նշեց, որ ինքը Հայաստան շատ էր գալիս, հատկապես ամառները, Հայաստանը համարում էր իր տունը, և երբ զգացի, որ իր տունը վտանգի տակ էէ, մի բան փոխվեց իր մեջ։

«Ես անգլերեն գրականության դասատու եմ, վերջին օրերին Քովիդի պատճառով տնից էի դաս տալիս։ Երբ ստորագրվեց այդ թուղթը ես իմ մամա-պապային ասացի՝ անպայման պիտի գնամ Հայաստան․ ոչ մի ձևով չէին համաձայնում և քույրիկներս ասացին՝ մենք երեքով կգնանք։ Առանց նրանց ես այս գործի կեսը չէի կարողանա անել։ Թեկուզ Ամերիկա ծնված-մեծացած, բայց սա էլ է մեր տունը և պիտի ապահովենք մի ձևով և կապ չունի՝ աղջիկ ես, տղա ես, մեծ ես, թե փոքր»,-ասաց Մարիաննա Ազիզյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․