կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-05 23:30
Հասարակություն

«Ակբա բանկ»-ի վրա զինված հարձակում կատարած տղամարդը ձերբակալվել է. հայտնաբերվել է ատրճանակն ու հափշտակված գումարը. ՔԿ

«Ակբա բանկ»-ի վրա զինված հարձակում կատարած տղամարդը ձերբակալվել է. հայտնաբերվել է ատրճանակն ու հափշտակված գումարը. ՔԿ

2021թ. փետրվարի 5-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ անհայտ անձը ավազակային հարձակմամբ զինված մուտք է գործել երեւանյան բանկերից մեկի մասնաճյուղ, սակայն հարձակում կատարած անձը վնասազերծվել է բանկի անվտանգության աշխատակիցների կողմից։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ բանկի մասնաճյուղ ներխուժած անձը ավազակային հարձակմամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափի՝ 5.665.233 ՀՀ դրամ գումար:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակությունը) 3-րդ մասի 1-ին կետով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:

Նախաքննության ընթացքում իրականացվել են անհրաժեշտ քննչական եւ այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննութուն:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ  հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երեւան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1988թ.: Վերջինս ձերբակալվել է՝ ավազակություն կատարելու կասկածանքով, եւ հարցաքննվել։

Հայտնաբերվել է որպես զենք օգտագործված հուշանվեր ատրճանակը եւ հափշտակված գումարը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: