Երեւանում, դեկտեմբերի 7-ին, կրակոցներ են հնչել. ժամը 09:30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ստորին վերջույթների կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, մինչ Էրեբունու հիվանդանոցի բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Էրեբունու ոստիկանները պարզել են, որ նա Երևանի բնակիչ, 21-ամյա Ռոբերտ Ն.-ն է:
Ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նա դանակահարվել է Գաջեգործների փողոցում: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում:
Իրավապահները պարզել են, որ դեկտեմբերի 6-ին, ժամը 22:00-ին, ապա դեկտեմբերի 7-ին, ժամը 08:30-ին Դավիթ Բեկի փողոցի հասցեներից մեկում Ռոբերտ Ն.-ն իր ընկերների՝ Լոռու մարզի բնակիչ, 21-ամյա Ավետիք Ա.-ի, Երևանի բնակիչ, 24-ամյա Դավիթ Պ.-ի, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 20-ամյա Բեգլար Հ.-ի հետ վիճաբանել են Լոռու մարզի բնակիչներ, 28-ամյա Մհեր Կ.-ի, 22-ամյա Էմանուել Ա.-ի և նրանց ընկերների հետ, որի ժամանակ, խախտելով հասարակական կարգը, միմյանց նկատմամբ տվել են հայհոյանքներ, ձեռքերով և ոտքերով, այնուհետև մահակներով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ինչի հետևանքով էլ ստացել են մարմնական վնասվածքներ:
Ըստ նախնական տեղեկությունների՝ դեկտեմբերի 7-ին վիճաբանության ժամանակ Մհեր Կ.-ն դանակով հարվածել է Ռոբերտ Ն.-ին, իսկ Դավիթ Պ.-ն իր մոտ եղած «Վալտեր» տիպի ատրճանակով մի քանի անգամ անկանոն կրակոցներ է արձակել Մհեր Կ.-ի և նրա ընկերների ուղղությամբ: Էրեբունու ոստիկանները Դավիթ Պ.-ին ժամերի ընթացքում հայտնաբերել են Երևանում, այնուհետև նա ավտոմեքենայի սրահից ոստիկաններին է ներկայացրել ատրճանակը և 1 հատ մետաղյա, 1 հատ փայտյա մահակներ:
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կռվի մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: