կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-05 19:35
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունը, որն իր երկիրը հասցնում է կապիտուլյացիայի, պարտավոր է գնալ․ Վազգեն Մանուկյան

Մեր երազած պետությունը կառուցելու համար պետք է հավատք, կամք և աշխատանք, և ես կարծում եմ՝ մեր երիտասարդության մոտ այդ ամենը կա և մենք կկարողանանք այդ պետությունը կառուցել՝ ըստ Yerkir.am-ի ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ՀՅԴ «Արամ Մանուկյան» կենտրոնում երիտասարդության հետ հանդիպմանը։

Նա նկատեց, որ իրենց սերունդը նախաձեռնեց անկախ պետության ձևավորում․ որոշ բաներ հաջողվեց, որոշ բաներ՝ ոչ։

«Մենք ունեցանք բանակ, մենք ունեցանք հաղթանակ, մենք կարողացանք ազատագրել Ցեղասպանությունից հետո մնացած կղզյակը, որը բնակեցված էր մեր արյունակիցներով՝ հայերով՝ Արցախը։ Մենք քայլեր արեցինք, որ հասարակությունը լինի ազատ, բայց այն հասարակությունը, որը կառուցվեց, չէր բավարարում այն երազանքներին, որը մենք ունեինք, ժողովուրդը կտրված էր իշխանություններից, որովհետև իշխանություններն անընդհատ վերարտադրվում էին։ Այդ կապը կտրվել էր, և սովորական քաղաքացին իրեն չէր զգում երկրի տերը, մնացել էր միայնակ իր դարդերով»,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Նրա դիտարկմամբ՝ միգուցե դա էր պատճառը, որ դրանից օգտվեցին և 2018 թ-ին որոշակի ուժեր կոչ ուղղեցին մեր երիտասարդությանը, որ կկառուցեն արդար երկիրը։ Բայց 2 ու կես տարի անցավ՝  շահեցինք ոչինչ և կորցրեցինք գրեթե ամեն ինչ։

«Հիմա հարց է առաջանում՝ կհաջողվի՞ նորից ոտքի կանգնել և կառուցել այն երկիրը, որը ցանկանում  էինք կառուցել։ Ես համոզված եմ, որ՝ այո՛»,-ասաց վարչապետի միասնական թեկնածուն։

Նրա համոզմամբ այդ ճանապարհին առաջին կարևոր քայլը այս իշխանությունից ազատվելն է։

«Ցանկացած իշխանություն, որն իր երկրին բերում է կապիտուլյացիայի, հեռանում է իշխանությունից։ Մի կողմ թողնենք, թե պատերազմի ժամանակ իշխանություններն ինչ մեղքեր են գործել, դրա մասին մենք դեռ կխոսենք, բայց այն իշխանությունը, որն իր երկիրը հասցնում  է կապիտուլյացիայի, պարտավոր է գնալ։ Մի երկիր, որտեղ չի խրախուսվում լավը և չի պատժվում վատը, այդ երկիրը ապագա չունի»,-նշեց Վազգեն Մանուկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․