Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չտես մարդիկ մեկ էլ եկել են իշխանության և վայելում են, իրենք հեշտ իշխանությունը չեն տա՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը, որը հանրահավաք է հրավիրել Ազատության հրապարակում։
Նա համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը կամավոր չի հրաժարվի նաև այն պատճառով, որ շատ վախենում է՝ ի՞նչ պատասխան է տալու իշխանությունը կորցնելուց հետո։
«Այդ դեպքում պետք է կոտրել, փչացնել իր հենարանները։ Իսկ ովքե՞ր են իր հենարանները․ իր հենարանը դա ԱԺ «Իմ քայլն» է, պետք է աշխատել «Իմ քայլի» հետ, մի մասը Ոստիկանության բարձրաստիճան սպաներն են, որոնք նույնպես, դուք տեսաք՝ ինչ դաժան ձևի էին վարվում ժողովրդի հետ․․․ երկու-երեք հենարան է, այդ հենարանները եթե փլվեն, ինքն էլ կփլվի»,-ասաց Մանուկյանը։
Իր հրավիրած հանրահավաքն, ասաց, իր անձնական նախաձեռնությունն է, կապ չունի Հայրենիքի փրկության շարժման հետ․ 50 հոգի ներկա կլինեն, թե 5000 հոգի կլինեն, դա նշանակություն չունի իր համար։
Մինչդեռ Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը փետրվարի 20-ին է և, նա հավատացրեց, որ մեծ հանրահավաք կլինի։
«Հրատապ իրավիճակ եղավ, պարզվեց, որ այն, ինչ մենք չէինք հասկանում ամիսների ընթացքում, թե ի՞նչ է կատարվում Սյունիքում, և երբեմն բացատրում էինք, որ իշխանությունները պարալիզացված են՝ այդ պատճառով են այդպիսի դեպքեր տեղի ունենում, պարզվեց՝ մեր մեջքի հետևում մի նոր՝ կապիտուլյացիոն, պայմանագիր էլ է կնքված։ Դրան ավելացավ այն, որ օրինագիծ ընդունվեց, որ թղթակիցներին թույլ չտան այնտեղ ազատ մեկնաբանել։ Իսկ դա կասկած է առաջացնում, որ բացի այդ 6 կետից կան ուրիշ պայմանագրեր էլ։ Այսինքն, իրադարձություններ են տեղի ունենում, որոնց մասին մենք տեղյակ չենք, այսինքն, մեր հայրենիքը շարունակում է իր ճանապարհը դեպի կործանում»,-նկատեց Վազգեն Մանուկյանը։
Հարցին՝ ի՞նչ է մտադիր անել Շարժումը, եթե Փաշինյանը չեղարկեց արտահերթ ընտրությունները և Փաշինյանին հեռացնելու սահմանադրական ճանապարհը վերացավ, Վազգեն Մանուկյանը բացատրեց․ առաջինը՝ այդ ընտրությունները Շարժումը չէր նշանակել, Շարժումը ընտրությունների կողմնակից է եղել, բայց Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո։
«Ինքն ուզեցավ նախաձեռնություն ցուցաբերել, հայտարարեց, մենք առանձնապես մեծ բանի տեղ դա չդրեցինք, որովհետև պարզ էլ չէր՝ դա խորամանկությո՞ւն է, անելո՞ւ է, թե՞ ոչ, դրանից մեր նախագծերը չփոխվեցին, մեր նախագիծը մնաց նույնը՝ համաժողովրդական շարժումով իրեն փոխել»,-ասաց Մանուկյանը։
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի օրոք ընտրություններ չեն լինելու, Նիկոլ Փաշինյանը եթե փոխվի, իշխանությունը ժամանակավոր իշխանություն լինի և Վազգեն Մանուկյանը լինի վարչապետ, ինքը հայտարարել է, որ դրանից հետո ընտրություններին էլ չի մասնակցելու։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարեր ընտրություններ և անցկացներ, այդ դեպքում էլ ինքը նորից հայտարարել է, որ ընտրությունների չի մասնակցելու։
«Պետք է ամեն ինչ անել, որ համաժողովրդական շարժում լինի․ մի քանի հարյուր հազար մարդ կան, որոնք սարսափելի էմոցիոնալ դժգոհության մեջ են, միլիոն մարդ էլ կա, որ սարսափելի դժգոհ է Նիկոլ Փաշինյանից, բայց այս ամենին չի մասնակցում, որովհետև տարբեր պատճառներով կոտրված է։ Պետք է կարողանալ այդ մարդկանց փողոց հանել, որ համաժողովրդական շարժումը իր ամբողջ տպավորիչ ծավալով լինի»,-ասաց վարչապետի միասնական թեկնածուն։
Մանրամասն՝ տեսանյութում․