Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր կառավարության նիստում ընդունվեց Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցը: Նախագիծը ներկայացրեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ Հարցը կապված էր կրթության չափորոշիչների հետ:
«Դպրոցները ստանալու են ընտրության հնարավորություն՝ ուսումնական պլանի հիման վրա գործողություններ անելու համար: Պահպանվել է հստակ քաղաքականությունը, կարևոր ճկունության բաղադրություն է անհատական ընտրությունը, եւ ավագ դպրոցի ռեֆորմ է իրականացվելու: Կարողանալու ենք անցնել անհատականացման դասացուցակի՝ ըստ աշակերտների հետաքրքրությունների: Քաղաքներում ունենք անհավասար իրավիճակ, եւ դա կարող է վերացվել: Դրան կնպաստի նաեւ մոդուլային ուսուցումը»,– նշեց փոխնախարարը:
Ըստ նրա՝ տարրական դասարանների համար առաջարկվում է հրաժարվել միավորային համակարգից եւ այլ ձեւով խրախուսել աշակերտներին: Մասնավորապես՝ 1-4 դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ, որպես տարեկան ամփոփիչ գնահատական, կազմվում է յուրաքանչյուր սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի: 7-12-րդ դասարանում յուրաքանչյուր աշակերտ տարեկան իրականացնում է առնվազն մեկ ուսումնական նախագիծ՝ իր ընտրած առարկայից կամ առարկաներից։
Միավորային գնահատումը կիրառվում է՝ սկսած հինգերորդ դասարանի երկրորդ կիսամյակից:
Հանրակրթական ծրագրերի հենքային ուսումնական պլանում ուսումնական բնագավառներն են`
1) Հայոց լեզու և գրականություն
2) Հայրենագիտություն
3) Օտար լեզուներ
4) ԲՏՃՄ
5) Արվեստ և արհեստ
6) Հասարակություն, հասարակական գիտություններ
7) Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն:
Ուսումնական պլանը ներառում է երկու բաղադրիչ՝
Հիմնական հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի ԲՏՃՄ բնագավառում.
ա. բնագիտությունը 5-6-րդ դասարաններում ներկայացվում է մեկ ինտեգրված առարկայով, 7-9-րդ դասարաններում՝ առանձին բնագիտական առարկաներով, 10-12-րդ դասարաններում՝ մեկ ինտեգրված առարկայով և առանձին բնագիտական առարկաներով:
բ. Մաթեմատիկան 1-6-րդ դասարաններում ներկայացվում է մեկ ինտեգրված առարկայով, 7-9-րդ դասարաններում և 10-12-րդ դասարաններում՝ առանձին մաթեմատիկական առարկաներով, ինչպես նաև 2-4-րդ դասարաններում մաթեմատիկական մտածողությունը, քննադատական մտածողությունը, կանխատեսումներ կատարելու ունակությունները շախմատ խաղը ուսուցանելու միջոցով զարգացնող առանձին առարկայով:
գ. Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կրթությունը 2-6-րդ դասարաններում ներկայացվում է թվային սարքերից և ծրագրերից օգտվելու կարողություններ ձևավորող առանձին կամ ինտեգրված ուսումնական առարկայով, 7-12-րդ դասարաններում՝ կիրառական ծրագրերի ուսումնասիրության միջոցով կյանքի պահանջներին և ապագա կրթությանը, աշխատանքային գործունեությանը բավարարող համակարգչային անհրաժեշտ հմտություններ զարգացնող առանձին ուսումնական առարկայով:
դ. Տեխնոլոգիական (ճարտարագիտական) կրթությունը 1-6-րդ դասարաններում ներկայացվում է առանձին կամ ինտեգրված ուսումնական առարկայով, 7-12 դասարաններում կարող է ներկայացվել մեկ ինտեգրված առարկայով: