Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կառավարությունը մայիսի 13-ին հաստատել է նախադպրոցական կրթության պետական չափորոշիչը, որով սահմանվում են երեխայի զարգացման, կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, երեխաների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը և երեխաներին ներկայացվող որակական պահանջները, տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։
Նախադպրոցական կրթության չափորոշչի փոփոխությունը պայմանավորված է հանրակրթության պետական նոր չափորոշչի ընդունմամբ, որտեղ նախադպրոցական կրթությունը դիտարկվում է հանրակրթության նախնական աստիճան և նպատակ ունի ապահովել նախադպրոցական կրթության համակարգից երեխայի սահուն անցումը դեպի հանրակրթություն:
Չափորոշչի հիմքում նախադպրոցական տարիքի երեխաների կարողունակությունների վրա հիմնված մոտեցումն է: Այն ներառում է, մասնավորապես, ուսումնադաստիարակչական հիմնական բնագավառները, կրթական ծրագրի բաղադրիչները և դրանց սահմանման մանկավարժահոգեբանական սկզբունքները, երեխաների ուսումնական, խաղային բեռնվածության առավելագույն չափը կամ դրանց հարաբերակցությունը, երեխաների զարգացման ընթացքի և առաջադիմության մակարդակի դիտարկման ձևերը:
Չափորոշիչը հանդիսանում է երեխայակենտրոն կրթության հիմքը և երեխաների կարիքներին ու հետաքրքրություններին արձագանքելու, յուրաքանչյուր երեխայի անձը հարգելու, համատեղ ուսումնառության գործընթացը խթանելու հնարավորություն է ընձեռում:
Չափորոշչով սահմանված են երեխայի լեզվական և հաղորդակցական, ֆիզիկական կրթության, առողջ ապրելակերպի, ճանաչողական, սոցիալական, քաղաքացիական, թվային, մեդիա, մշակութային, մաթեմատիկական և տեխնիկական և այլ կարողունակությունները:
Համաձայն «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում կատարված վերջին փոփոխությունների` նախադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատող մասնագետները պետք է շարունակական վերապատրաստումներ անցնեն` տարեկան առնվազն 1/5-ի չափով:
Նախադպրոցական կրթության նոր չափորոշիչը նաև հիմքեր է ստեղծում ոլորտում համընդհանուր ներառականության անցման համար:
Համաձայն Կառավարության ապրիլի 15-ի նիստում հաստատված գործողությունների պլանի և ժամանակացույցի` մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը նախադպրոցական կրթության ոլորտում պետք է ներդրվի համընդհանուր ներառական կրթության համակարգ, որը կիրականացվի երկու փուլով։ 2021-2022 թթ.-ին նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգը կներդրվի Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում և մայրաքաղաք Երևանում, իսկ 2022-2023 թթ.-ին՝ Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում: