Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2020 թվականը հայաստանյան լրատվամիջոցների ու լրագրողների համար թերևս ամենալարված ու փորձություններով լի ժամանակաշրջանն էր՝ ԽԱՊԿ (Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե) նախորդ բոլոր տարիների դիտարկումների համեմատությամբ։ Դա պայմանավորված էր նախ՝ Արցախում Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմով ու դրա լուսաբանման դժվարություններով, իսկ տարեսկզբից՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում խոսքի ազատության սահմանափակումներով։
Թե՛ համավարակի հետ կապված արտակարգ դրության, թե՛ պատերազմի սկզբից հայտարարված ռազմական դրության ժամանակ ՀՀ կառավարության որոշումների համաձայն՝ լրատվամիջոցներում և սոցցանցերում արգելվեց պաշտոնականից զատ, այլ տեղեկությունների հրապարակումը։ Առավել մտահոգիչ էր, որ այդ որոշումների իրականացումը վերահսկում էին ուժային կառույցները, որոնք կոշտ միջամտություն էին ցուցաբերում լրատվամիջոցների գործունեությանը` հաճախ սուբյեկտիվ ու կամայական մոտեցումներով։
Եթե համավարակի հետ կապված սահմանափակումների ընթացքում ԶԼՄ-ների հանդեպ վարչական տույժեր չկիրառվեցին, և ոստիկանությունը բավարարվեց ծանուցումներ ուղարկելով (32 դեպք), ապա նույնը չի կարելի ասել պատերազմով պայմանավորված ռազմական դրության ժամանակահատվածի մասին․ 13 լրատվական կայք տուգանվել է 700 հազար դրամի չափով։ Ընդ որում, մեկ դեպքում, երբ խմբագրությունը հրապարակումը չի հեռացրել, բացի հիշյալ 700 հազար դրամից, տուգանվել է նաև 1 միլիոն 500 հազար դրամով։
Ընդհանուր առմամբ տարվա կտրվածքով լրատվամիջոցների ու լրագրողների հանդեպ տարատեսակ ճնշումների դեպքերի թիվը հասել է 177-ի՝ նախորդ տարվա 134-ի դիմաց։ Արձանագրվել է նաև լրագրողների հանդեպ ֆիզիկական բռնությունների 6 դեպք՝ 11 տուժողով։ Այս դեպքերից 4-ը տեղի է ունեցել ընդդիմության կազմակերպած հավաքների ժամանակ, իսկ 2-ը Արցախյան պատերազմի օրերին՝ հակառակորդի կողմից ԶԼՄ-ների ներկայացուցիչների թիրախավորման արդյունքում։ Ինչ վերաբերում է տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներին, ապա գրանցվել է 90 այդպիսի դեպք, ինչը 18-ով պակաս է նախորդ տարվա տվյալից։ 2020 թվականին հիմնականում պահպանվել է ընդդեմ լրատվամիջոցների ու լրագրողների ներկայացվող դատական
հայցերի ինտենսիվ հոսքը․ դրանց թիվը 72 է, ինչը նախորդ տարվա արձանագրված թվից պակաս է 20-ով։ Սա մեծ տարբերություն չէ, եթե հաշվի առնենք երկրում արտակարգ և ապա՝ ռազմական դրության հետ կապված իրավիճակը։ ԶԼՄ-ների ներգրավվածությամբ դատական գործերի ճնշող մեծամասնությունը՝ 61-ը, ՀՀ
քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով նախատեսված՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով է, 1-ական՝ անձնական տվյալների պաշտպանության և քրեական իրավունքին վերաբերող հայցեր են, 9-ը՝ աշխատանքային վեճ։ Եվս 2 դեպքում լրատվամիջոցներն են դիմել դատարան՝ տեղեկություն ստանալու իրավունքի խախտման խնդրով։ Դատական հայցերի այս հոսքը մեծապես պայմանավորված է այն իրողությամբ, որ լրատվամիջոցների հրապարակումները լի են ատելությամբ, վիրավորանքով և զրպարտությամբ, կեղծ լուրերով ու մանիպուլյացիաներով։ Իսկ այս ամենը քաղաքական ենթատեքստ ունի։
2020 թվականին ՀՀ կառավարությունն ու Ազգային ժողովը մեդիային առնչվող մի շարք նախաձեռնություններով են հանդես եկել, որոնք միշտ չէ, որ ընդունելի են եղել լրագրողական հանրության համար։ Այդ գործընթացներից ամենանշանակալին
հեռարձակման ոլորտը կարգավորող՝ «Տեսալսողական մեդիայի մասին» նոր օրենքի ընդունումն էր։ ԽԱՊԿ-ն ու գործընկեր կազմակերպությունները խիստ քննադատական վերաբերմունք են արտահայտել դրա վերաբերյալ։ Այսուամենայնիվ, նոր օրենքն ընդունվել է, և դրան համապատասխան տեղի ունեցան հեռուստաընկերությունների՝ հանրային մուլտիպլեքսով հեռարձակվելու համար լիցենզավորման մրցույթները։ Հայտեր ներկայացվեցին 6 հանրապետական, 9 մայրաքաղաքային և 8 մարզային սլոթերի համար: Հունվարին ՀՌՀ-ն հայտարարեց հաղթող ընկերությունների անունները:
Լրագրողական շրջանակներում լուրջ մտահոգության տեղիք տվեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի օրենսդրական նախաձեռնությունը, ըստ որի՝ առաջարկվում էր վիրավորանքի և զրպարտության դրամական փոխհատուցման չափը հնգապատկել:
Սուր քննադատության արժանացավ նաև ՀՀ արդարադատության նախարարության առաջարկած Քրեական օրենսգրքի նոր նախագիծը, որտեղ սուտ մատնությանը վերաբերող 450-րդ հոդվածը խիստ պատասխանատվություն է նախատեսում ԶԼՄ-ներում որևէ հանցանքի մասին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակելու համար՝ ընդհուպ մինչև ազատազրկում։ Լրագրողական և իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ այս փոփոխությունը համարեցին մահակ լրատվամիջոցների գլխին։
Պատշաճ համակարգված չեն «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուն վերաբերող գործընթացները։ Դրանք խիստ հրատապ են հատկապես ԶԼՄ-ների սեփականության թափանցիկությունն ապահովելու և առցանց մեդիայի գործունեությունը կարգավորելու առումներով։
Տարվա ընթացքում ԱԺ-ում մեկ այլ աշխատանքային խումբ էլ է գործել՝ ատելության խոսքի տարածումը քրեականացնելու խնդիրը քննարկելու համար, սակայն այս գործընթացն առայժմ սահմանափակվել է բանավեճերով։