կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-25 15:39
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շուշիի հանձնումն ինձ հիշեցնում է Շահումյանի հանձնումը․ բռնի տեղահանված կին

Այն, որ Շուշին վերցրել են՝ ոչ մի կերպ հասկանալի չէ, չի տեղավորվում ոչ գլխում, ոչ մտքում՝ ըստ Yerkir.am-ի ասաց Շուշիից բռնի տեղահանված Լիանա Մինասյանը։

Նա Շուշի էր գաղթել Արցախի Շահումյանի շրջանից, երբ 1992 թ-ին այն հանձնեցին ադրբեջանցիներին։

Լիանա Մինասյանը ընդհանրություն է տեսնում Շուշիի և Շահումյանի հանձնման սցենարների միջև։

«Շուշիի հանձնումն ինձ հիշեցնում է Շահումյանի հանձնումը։ Երբ ադրբեջանցիներին հանձնեցին Շահումյանը, մեր ֆիդայիները դեռ դիրքերում էին։ Մեր դիրքերը հանձնված չէին, բայց Շահումյանն արդեն հանձնած էր։ Այդ իսկ իրավիճակն այժմ կրկնվեց Շուշիում»,-ասաց Լիանա Մինասյանը։

Նրա համար անհասկանալի է՝ ինչպե՞ս կարող էին Արցախի կենտրոնում՝ Շուշիում, հայտնվել ադրբեջանցիները՝ հաշվի առնելով նաև նրանց չկռվող, վախկոտ բնավորությունը։ Մանավանդ որ, ոչ մի շուշեցի չի հանձնվել․ այս հանելուկը, նրա գնահատմամբ, դեռ երկար կմնա։

Շուշիից, Հադրութից և Արցախի Հանրապետության տարբեր շրջաններից բռնի տեղահանված մարդիկ այժմ բազմաթիվ խնդիրների առջև են հայտնվել․ կապված և՛ կենցաղի հետ, և՛ սննդի հետ, և՛ հագուստի հետ։ Ճիշտ է՝ կան կազմակերպություններ և բարի մարդիկ, որոնք օգնում են, բայց դա բավարար չէ՝ ապահովված լինելու համար։

«Այսօր ցավալի է, որ, որտեղ բնակվում են՝ լինի Արցախում, թե Հայաստանի Հանրապետությունում, վարձու բնակարանները աստղաբաշխական թվեր են կազմում, և, ճիշտ է, պետական հովանավորության տակ գտնվում են, բայց այդ գումարներով հնարավոր չէ վարձը մարել»,-ասաց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը։

Նա նաև մտահոգիչ համարեց, որ աջակցության՝ 68+15 հազար դրամներից չեն օգտվում տղամարդիկ։

«Մի քանի անգամ ես հարցը բարձրաձայնել եմ, բայց ասում են՝ թող տղամարդիկ գնան, աշխատեն․․․ բայց ո՞րտեղ աշխատեն՝ աշխատանք չկա»,-արձանագրեց Արծվիկ Սարգսյանը։

Մարդիկ նաև բողոքում են, որ գումարները չեն նստում իրենց հաշվեհամարներին։

«300 հազարական դրամ գումար է տրվում, բայց օրենքի մեջ թերի բան կա. Շուշին և այն համայնքները, որ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, բնակիչները պետք է օգտվեն 300 հազարից, այսինքն, օրենքի մեջ գրված է՝ ովքեր 3 և ավելի ամիսներ բնակվել են Շուշիում… էդ ո՞նց պարզենք՝ 3 ամիս բնակվե՞լ են, թե՞ 10 օր պակաս է եղել, խնդիրներ են առաջանում։ Կարող է պատահել՝ մարդիկ 3 ամիսը չեն բնակվել, բայց մի քանի ամիս առաջ իրենց տունն ու տեղն են թողել՝ կահույք է եղել, կահավորած բնակարաններ են եղել, բայց այսօր դրանք ոնց որ լրիվ մոռացվում են, քանի որ 3 ամիս չի բնակվել»,-ասաց Արծվիկ Սարգսյանը։

Նրան հետաքրքրում է՝ հետագայում ո՞նց է լինելու այդ հարցը, որ մարդիկ, եթե հիմա 300 հազարից չեն օգտվում, բա իրենց էն ունեցվածքը, որ կորցնում են, ո՞նց է լինելու, էդ հատուցումը ո՞նց է լինելու․ «Կարելի էր էդ թերի կողմը վերացնել, որպեսզի մարդիկ կարողանային օգտվել գոնե այդ 300 հազարից»։

Նա արձանագրեց, որ մարդիկ ունեցվածք են թողել, թողել են ամեն ինչ, մարդիկ թողել են իրենց հիշողությունները, իրենց տան սրբություններն են թողել, և կարելի է գոնե ինչ-որ ձև մտածել, որ բոլորը օգտվեն թեկուզ այդ 300 հազար դրամներից։

Նա մտահոգիչ համարեց նաև, որ Ստեփանակերտում տարբեր կազմակերպություններ սնունդ են բաժանում, բայց այդ գործընթացը կարգավորված չէ․ «Այս հարցն էլ պետք է պետականորեն լուծել ու ցուցակագրել»։

Արծվիկ Սարգսյանի մոտ քաղաքն ընկնելու նախորդ օրերին տեսածն ու լսածը հարցեր են առաջացրել, որոնց պատասխանները դեռ չկան։

Նա պնդում է, որ պետք էր Շուշիի պաշտպանությունը սկսել Հադրութից, մինչդեռ նահանաջում էին շարունակ։ Թե ինչո՞ւ՝ չգիտի։

«Եթե ճիշտ կազմակերպված լինեին, հրամանատարներ լինեին, կկարողանային զորքը տեղում պահել։ Կոնկրետ Քարին Տակում մենք զորք ենք ունեցել, չգիտեմ ոնց նոյեմբերի 3-ին մոր զորքը դուրս է եկել, թշնամու տեխնիկան, տանկերը եկել են, սկսել են խրամատները մեկ-մեկ հաշվել ու խփել դրանց։ Քարինտակցին ոնց կարող էր մենակ այդքանի դեմ պայքարել, այն քարինտակցին, որ  12 ժամ մարտ է մղել թշնամու դեմ, 201 զոհ պատճառել թշնամուն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասում է  բանախոսը։

Սարգսյանը պնդում է՝ Շուշիում մեր հրետանին նորմալ չի աշխատել։

«Նոյեմբերի 5-ին մենք գնացել էինք, որ դիրքավորվեինք։ Տեսանք, որ մինամյոտը չկա։ Եթե դա լիներ, կարող էր աշխատել դեպի Իսայի աղբյուր տանող հատվածում ու Քարին Տակի վրա ու ջախջախել դրանց։ Բայց չկար, չգիտեմ, ոնց էին մտածել։  Մինչև հիմա պատասխան չկա, թե ով է հրաման տվել, որ Քարին Տակից զորքը դուրս գա, և ինչո՞ւ են հրաման տվել, որ դուրս գա։ Եթե այսքանը մտածում են, իհարկե, կազմակերպված է եղել։ Հակառակ դեպքում պետք է պաշտպանությունն ուժեղացնեին, դիրքերն ավելի ամրացնեին, որպեսզի Զառուսլու գյուղով ադրբեջանցիները չբարձրանային։ Ես գալիս եմ նրան, որ կազմակերպված է եղել Շուշիի հանձնումը, նորմալ հրամանատարություն չի եղել, պաշտպանություն չի կազմակերպվել, դրա համար էլ ունեցել ենք այսպիսի արդյունքներ»,-նշում է նա։

ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը հիմնավոր արձագանքելու համար նա այսօր ասուլիսի էր եկել վիճակագրական տվյալներով։

«Օրինակ, 1916 թվականին 43 863 բնակիչ, որից 21 926-ը հայեր էին, 18 641-ը՝ թաթարներ. 1249-ը՝ ռուսներ, մնացածը՝ այլազգիներ։ 1920 թ. մարտի 22-23-ի գիշերը  թուրք հրոսակախմբերը  սպանել են հազարավոր հայերի։ Ահա սա է այն պատասխանը բոլոր նրանց, ովքեր ասում են, Շուշին 90 տոկոսով ադրբեջանաբնակ է եղել։ 60-70-ականներից սկսած Հեյդար Ալիևը ձգտել է հայաթափել Շուշին, Արցախը բայց պետք է հիշել ու փաստել, որ Շուշիի ամեն քարը հայկական է», -ընդգծեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում․