Փոխարժեքներ
11 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.15 |
EUR | ⚊ | € 423.5 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 506.82 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
Երկու տարի առաջ՝ պատերազմում պարտությունից հետո, պետությունը կոչ է անում բոլոր բանկերին դադարեցնել վարկերի տոկոսների ավելացումը, մինչև պետությունը կկայացնի համապատասխան որորշում։ Բոլոր բանկերը կատարում են պարտավորությունը, բացի ՎՏԲ բանկից։ Մեկ տարի անց պետությունը իր վրա է վերցնում բոլոր վճարումները, բայց քանի որ ՎՏԲ բանկը այդ մեկ տարվա ընթացքում չի դադարեցրել տոկոսների ավելացումը, մեկ տարվա ընթացքում բավականին մեծ չափերով տոկոսներ է կուտակվում կովսականցիների վարկերի վրա։
Թշնամուն հանձնված Արցախի Քաշաթաղի շրջանի բնակիչները վարկեր էին վերցրել տարբեր պատճառներով՝ մի մասը տուն էր կառուցել, մյուս մասը՝ տունը կահավորել, մարդիկ կային նույնիսկ վարկեր էին վերցրել մի քանի վստահված անձանց միջոցով։ Մարդիկ ջերմոցներ էին սարքել, ջերմոցները մնացին թշնամուն, իսկ ջերմոցատերն ու վստահված անձինք կանգնեցին խնդիրների առաջ՝ քանի որ բանկը մեկ տարում ոչ միայն չէր հանել վարկերի տոկոսները, այլ ավելին՝ հիմա էլ Հարկադիր կատարման ծառայություն էր գործը հասել։
Կովսականից տեղահանված Կարեն Մարտիրոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ ՎՏԲ բանկը դատի է տվել իրեն և հետախուզում է հայտարարվել, որ պարզեն, թե որտեղ, ի՞նչ գույք ունի․ «Ես էլ իմ էջում գրել եմ՝ իմ գույքը Կովսականում է, որը հիմա Ադրբեջանի կողմից օկուպացված է։ Եթե կարող են՝ թող գնան բռնագանձեն»։
Այսինքն, տեղահանվածների վարկերի տոկոսների ավելացումից բացի ԴԱՀԿ-ն էլ իր հերթին է տոկոսներ ավելացրել։ Ստացվում է, որ պետությունը ասում է, որ իր կողմից մուծել է այդ վարկը, բայց չէ՞ որ այդ ողջ ընթացքում տույժ-տուգանքներ են եկել։
Կարեն Մարտիրոսյանը նշում է, որ դիմել են իշխանություններին, բայց ոչ մի փոփոխություն չի եղել․ «Ես գերադասեցի մնալ հպարտ քաղաքացի, քան սնանկ ճանաչվել և ամբողջ կյանքս մնալ սև ցուցակներում։ Քանի որ սև ցուցակ ընկնելուց հետագայում չեմ կարողանալու օգտվել հնարավորություններից, բայց ես դեռ այստեղ ապրում եմ, նոր տուն պետք է ստեղծեմ»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ դեռ անցյալ տարի Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խորհուրդ էր տվել կովսականցիներին «հանգիստ սնանկանալ» և լուծել բանկի հետ ունեցած բոլոր խնդիրները՝ շեշտելով․ «Սնանկ լինելու մեջ ոչ մի վատ բան չկա»,- ասել էր նա։
Հարցին, արդյո՞ք նախարարը չի հասկանում այդ ամենը, որ ժամանակին առաջարկում էր սնանկ ճանաչվել և «ջրել» վարկերը, նա ասաց․ «Այդ նախարարին նշանակողը չի՞ հասկանում, որ հայրենիք վաճառել չի կարելի։ Հայրենիքն են վաճառում, իմ վարկն ի՞նչ է որ»։
Բայց սա դեռ ամենը չէ․ Պարզվում է, որ նման մի պատմություն էլ ստեղծվում է տների սերտիֆիկատների հետ կապված։ Բանկը բռնի տեղահանվածներին տալիս է 7,5 միլիոն։ Բանկը շուկայականից քիչ է գնահատում տները և 5 տոկոս կանխավճար է սահմանել, իսկ պետությունը շատ լավ տեղյակ է, որ բնակիչները չունեն գումար անգամ այդ 5 տոկոսը վճարելու համար։ Պետությունը սուբսիդավորում է 10 տոկոս, բայց բանկերը տալու են 12 տոկոս։ Այդ 2 տոկոսը մնում է բնակիչների վրա, իսկ մարդիկ աշխատանք չունեն, չեն կարող մուծել այդ 2 տոկոսը։ Ու քանի որ բնակիչը չի կարողանա մուծել այդ 2 տոկոսը, բանկը նրան կտա 7,5 միլիոն։
Անդրադառնալով պետության կողմից տեղահանվածներին աջակցություն տրամադրելուն Կարեն Մարիտրոսյանն ասաց․ «Պատերազմից անմիջապես հետո 300․000 դրամ ենք ստացել։ Կանայք և ոչ զինվորական տարիքի տղամարդիկ 3 ամիս ստացել են 60․000 դրամ և անցյալ տարի ձմռանը 3 ամիս ստացել ենք կոմունալների 10-20 հազարական դրամ փոխհատուցում, հիմա էլ 2 ամիս ստացել ենք 40․000 դրամ տան վարձի փոխհատուցումը մինչև սերտիֆիկատով տունը գնելը»,- ասաց նա։
Նա ավելացրեց, որ 2018 թ․ այս երկրի «հերն անիծվեց», ապրում ենք այնպիսի պետությունում, որտեղ ոչ մեկի շահը հաշվի չեն առնում, նա կարծում է, որ անպատասխանանտու պետությունում ենք ապրում, դրա համար էլ այս վիճակում ենք․ «Ասում էին քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, բայց իրականում մի 3 անգամ տուգանքները շատացել են։ Սուտասան, անպատասխանատու պետության մեջ ենք ապրում։ Մարդիկ ասում են մի բան, բայց անում բոլորովին ուրիշ բան։ Չկա ոչ մի կոնկրետ բան։ Ունես մի տարի սերտիֆիկատը գործածելու համար։ Ինչ տուն էլ գտնենք, միևնույնն է, գնահատվելու է շուկայականից ցածր։ Մենք պարտվում ենք բոլոր դաշտերում՝ պատերազմում, ֆինանսական, բանկային։ Չկա ոչ մի տեսակի առաջընթաց, և չի էլ լինի, քանի դեռ սրանք են իշխանության» ։
Կովսականցիները վախենում են նույնիսկ իշխանությունների դեմ խոսելուց, որովհետև կարծում են, որ այդ 40 հազար դրամից էլ կարող են զրկվել ու նման բաներ եղել են։
Ստացվում է, որ պետություն տեղահանվածներին օգնելու փոխարեն՝ նրանց «2 կոպեկ» գումար է տալիս և ավելի շատ խնդիրներ է ստեղծում նրանց համար․ «Այդ երկու կոպեկն էլ հարկադիրն է տանում՝ հաշվի չեն առնում ոչինչ»,- ասաց նա։
Լ.Ա.