կարևոր
90571 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-12 18:39
Հասարակություն

Արցախից՝ ՀՀ, ՀՀ-ից՝ արտերկիր. ինչո՞ւ են արտագաղթում արցախցիները

Արցախից՝ ՀՀ, ՀՀ-ից՝ արտերկիր. ինչո՞ւ են արտագաղթում արցախցիները

Արցախահայության շրջանում զգալիորեն աճել է արտագաղթը. շատերը գնում են՝  խոցված, վիրավորված, անորոշ և չունենալով բազմաթիվ հարցերի պատասխաններ։ Արցախից բռնի տեղահանվածները Հայաստանում չունեն սեփական բնակարաններ, վարձակալությունը կամ ժամանակավոր կացարանները երկարաժամկետ լուծում չեն, ինչն ավելի է խթանում արտագաղթի միտումները։ Տեղահանությունից հետո շատ մարդիկ ապրում են տրավմայի և ապագայի նկատմամբ տագնապի մեջ։ Հոգեբանական ծանրաբեռնվածությունը և անհատական վերականգնման դժվարությունները ստիպում են որոշներին փնտրել նոր կյանք այլ երկրներում՝ հույս ունենալով խաղաղություն և կայունություն գտնել։ Թե՛ Հայաստանի, թե՛ միջազգային կազմակերպությունների կողմից կատարված օգնությունը կարճաժամկետ է և ոչ բավարար՝ լիարժեք ինտեգրման համար։ Արտագաղթը հաճախ դիտվում է որպես լուծում այն մարդկանց համար, ովքեր չեն տեսնում լավ ապագա Հայաստանում՝  ներկա իշխանության օրոք, ոչ էլ առավել ևս վերադարձ Արցախ։

Ի՞նչ խնդիրներ ունեն Արցախից տարհանված և Հայաստանից արտագաղթած ընտանքիները՝ զրուցել ենք նրանց հետ, փորձելով վեր հանել նաև արտագաղթի պատճառները։  

Արցախից բռնի տարհանված, Ասկերան քաղաքի բնակիչ Արմինե Պողոսյանը (անունը փոխված է իր խնդրանքով), ով իր ամուսնու և 2 որդիների հետ տեղափոխվել է ՌԴ, նշել է, որ իր տեղափոխվելու պատճառը Արցախի կորստին չհարմարվելն էր, ինչպես նաև հայ հասարակության խտրական վերաբերմունքը արցախահայերի նկատմամբ։ Լուսինեն նաև շեշտեց, որ կցանկանար մնալ Հայաստանում, բայց բացասական  խոսակցությունները արցախցիների հասցեին, ոչ մի կերպ չի կարող հանդուրժել։ 

Արցախի Մարտակերտի Շրջանի Նոր Մարաղա գյուղի բնակիչ Էդուարդ Աղասյանը 2 անգամ է տարհանվել։ 2020 թ․ պատերազմից հետո, երբ առանց կրակոցի դավադրաբար հանձնվեց Ակնայի (Աղդամ) շրջանը, որի հետ նաև՝ Նոր Մարաղան,  ստիպված է եղել լքել գյուղը և վերաբնակվել Մարտակերտում, իսկ 2023 թ․ արդեն վերջնական տարհանվել Արցախից: Այժմ նա ապրում և աշխատում է Ռուսաստանում։ Էդուարդը նշեց, որ Ռուսաստան տեղափոխվելու պատճառները տարբեր են:

«Նախ աշխատանքն ու աշխատավարձն է հարմար, հետո տան վարձակալության հարցը՝ տները այդաքն էլ թանկ չեն և հարմար են գրպանին»,-ասաց Էդուարդը։

Հայաստանում ապրելու ժամանակ ֆինանսական և այլ հարցերի են բախվել, իսկ տրված օգնությունները, մեղմ ասած, բավարար չէին նորմալ ապրելու համար։

Քրիստինե Սարուխանյանը ապրում էր Շուշիում, 2020 թ․ բնակություն է հաստատել Ստեփանակերտում, Արցախից տարհանվելուց հետո, չհարմարվելով՝ երկար չմնաց Հայաստանում, ամուսնու և 3 զավակների հետ տեղափոխվեց ՌԴ։ Քրիստինեն նշում է, որ Ռուսաստանում ավելի հեշտ է գումար աշխատել և ապրել, համեմատաբար ապրանքները ավելի մատչել են։ Նա համեմատականներ է անցկացնում Արցախի և ներկա իր ապրելավայրի միջև, նմանեցնում է կլիմայական պայմանները, ավելի հոգեհարազատ է թվում իրեն եղանակը և բնությունը։

Ուսումնասիրելով  վերը նշված դեպքերը՝ նկատելի է, որ արտագաղթին նպաստող երևույթները շատ են, իսկ պատճառները տարբեր։ Հիմնական պատճառներն են տնտեսական և սոցիալական պայմանների բարելավման ձգտումը, ինչպես նաև հարմարավետության և անվտանգության զգացողությունը։ Հայաստանում չհարմարվելով՝ նրանք հաճախ ընտրում են այնպիսի երկրներ, որտեղ ավելի հեշտ է ապահովել ընտանիքի ֆինանսական կայունությունը, իսկ կենսապայմանները՝ ավելի համապատասխան իրենց ակնկալիքներին։ Արտագաղթի այս ալիքը ցույց է տալիս, որ ժամանակավոր լուծումներից զատ, անհրաժեշտ է համակարգված մոտեցում՝ թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական հարցերում, որպեսզի արցախահայությունը մնա Հայաստանում, պահպանի Արցախի բարբառը, նիստուկացն ու սովորույթները, մինչև որ ՀՀ-ում կձևավորվի իրապես ազգային իշխանություն՝ պայմաններ ստեղծելով արցախահայության վերադարձի համար։

 

Ալիսա Աղասյան