կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-16 14:09
Հասարակություն

Զոհվածների ԴՆԹ հետազոտության հաշվին Արսեն Թորոսյանը մսխում է պետբյուջեի միջոցները. համաճարակաբան

Զոհվածների ԴՆԹ հետազոտության հաշվին Արսեն Թորոսյանը մսխում է պետբյուջեի միջոցները. համաճարակաբան

Համաճարակաբան Էդուարդ Հովհանիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում անդրադարձել է առողջապահության նախարարության կողմից ԴՆԹ նոր սարք ձեռք բերելուն։ Գրառումը՝ ստորև․

«Թորոսյանի կողմից պետբյուջեի միջոցների վատնում զոհվածների ԴՆԹ հետազոտության հաշվին

Երեկ՝ հունվարի 14-ին առողջապահության նախարարությունը հայտնեց, որ ձեռք է բերել և արդեն իսկ սկսել է գործարկել դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ հոսքագիծ։ Արդեն մեկ անգամ գրել եմ, որ երկրորդ սեկվենատոր գնելն անիմաստ է։

Հիմա կփորձեմ հնարավորինս մատչելի բացատրել, թե ինչու ոչ միայն գնելն էր անիմաստ, այլև երկրորդ սարքի կարիքն անգամ չկար։

Եկեք պատկերացնենք, թե ինչ է իրենից ներկայացնում նույնականացման գործընթացը։

Առաջին փուլում հետազոտվող հյուսվածքից անջատվում է գենետիկ նյութ պարունակող զանգվածը։ Բավականին ժամանակատար գործ է, հիմնականում կատարվում է ձեռքով և օրական, տարբեր տվյալներով, կատարվում է 10-ից 20 նմուշի պատրաստում։

Երկրորդ փուլում այդ նմուշներից անջատվում է ԴՆԹ-ն և, ապա, վերլուծվում սեկվենավորման սարքի՝ սեկվենատորի միջոցով՝ ԴՆԹ-ի վերծանման նպատակով։ Այս փուլում սեկվենատորր հնարավորություն ունի մեկ օրվա ընթացքում երկու վերլուծություն կատարել, յուրաքանչյուրը մինչև 192 նմուշ։ Այսպիսով, մեկ օրվա ընթացքում մինչև 384 նմուշի վերծանում։

Երրորդ փուլում, ստացված վերծանված նմուշները համեմատվում են տվյալների բազայում գտնվող զոհվածների հարազատների վերծանված նմուշների հետ, հայտնաբերվում են համընկումներ և ապացուցվում է բարեկամական կապը։ Այս գործընթացը կատարվում է մասնագետների կողմից ձեռքով (ոչ ավտոմատիզացված), այդ իսկ պատճառով ֆիզիկապես հնարավոր չէ իրականացնել մեծ քանակով։ Բացի դրանից, մասնագետների հսկայական ծանրաբեռնվածության պատճառով մեծանում է ձեռքով կատարվող աշխատանքների սխալի հավանականությունը։

Չնայած այն հանգամանքին, որ հիմնական խնդիրներն առաջանում են առաջին և երրորդ փուլերում, Ա․Թորոսյանը որոշում է պետբյուջեից 250 մլն դրամով գնել երկրորդ սեկվենատորը, որն իրականում, ոչ մի կերպ չի արագացնելու նույնականացման գործընթացը, իսկ դրա ավարտից հետո անիմաստ բեռ է դառնալու բուժհիմնարկի վրա, քանի որ մինչև պատերազմը սեկվենավորման մեկ սարքն էլ շատ փոքր ծանրաբեռնվածությամբ էր աշխատում։

Իսկ ի՞նչ կարելի էր անել։

Առաջին փուլի արտադրողականությունը մեծացնելու համար անհրաժեշտ էր.

  1. գնել ավտոմատիզացված սարք (մոտ 22 մլն դրամ), որը 2,5 ժամում կպատրաստեր 12 նմուշ, կարելի էր նույնիսկ երկու նման սարք գնել անհամեմատ ավելի փոքր գումարով,
  2. դատաբժշկական մասնագետների համար պատրաստել մի քանի տասնյակ օգնականներ՝ հերթափոխով աշխատելու համար, բժիշկների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով։

Երրորդ փուլն անսխալ և մեծ քանակով իրականացնելու համար հարկավոր էր.

  1. ձեռք բերել համապատասխան ծրագիր (soft):

Այս ամենը իրապես կարագացներ դիակների նույնականացումը, մի քանի անգամ ավելի քիչ կարժենար, քան վճարվել էր երկրորդ սեկվենատորի համար, որի կարիքը փաստացի չկար։ Անգամ, եթե լիներ, ապա այդ նույն սարքից կար ապօրինի լուծարված ՁԻԱՀ-ի կենտրոնում, որը կարելի էր ժամանակավոր ծառայեցնել նաև այս նպատակով։

Ինչու՞ չարվեց այսպես։ Միգուցե Ա․Թորոսյանը կրկին մեծամտաբար կարծեց, որ ամենագետ է և չխորհրդակցեց մասնագետների հետ, կամ նա ուներ այլ շարժառիթներ ու շահագրգռվածություն այս թանկարժեք գնումը կատարելու համար։ Համենայնդեպս, պետական բյուջեից մսխված գումարների հաշվին ականատես եղանք Թորոսյանի կողմից բեմադրված ևս մեկ՝ գերթանկարժեք «PR ակցիայի», որն ըստ էության, ներգործություն չի ունենա դատագենետիկական նույնականացման գործընթացի վրա։

P.S. Հրավիրում եմ իրավապահ մարմինների ուշադրությունը Թորոսյանի կողմից պետբյուջեի վատնման հերթական փաստի վրա»: