Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսական խաղաղապահ ուժերը, ռազմական առումով, շատ փոքրաթիվ են։ Թուրքիայից արդեն զորք է տեղափոխվում Արցախ, ստեղծվում է համատեղ թուրք-ադրբեջանական կենտրոն, եւ Ռուսաստանը չկարողացավ կասեցնել դրա ստեղծումը։ Հայաստանը Իրանին կապող հիմնական ճանապարհը վերահսկում են ադրբեջանցիները։ Անվտանգային առումով՝ մենք պայթյունավտանգ իրավիճակում ենք, ավելի վատ, քան պատերազմի ժամանակ էր։ Yerkir.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
«Նիկոլ Փաշինյանը միլիարդների վնաս է տվել Հայաստանին։ Անվտանգության առումով՝ մեզ բերել են սարսափելի խոցելի վիճակի։ Որքան էլ մենք զինվենք, միեւնույն է՝ անվտանգային հավասարակշռությունը, որ ունեինք մինչ տանուլ տված պատերազմը, վերականգնել գրեթե անհնար է։ Բալանսն ապահովված էր նաեւ տարածքների հաշվին, որը մեզ հնարավորություն տվեց բավականին երկար պաշտպանվելու։ Հիմա այդ տարածքները չկան, ավելին՝ անգամ անառիկ տարածքներ են հանձնվել թշնամուն՝ լրջորեն խախտելով մեր երկրի անվտանգային հավասարակշռությունը»,- ասաց ռազմական փորձագետը։
Վրթանեսյանի կարծիքով՝ առնվազն տասը տարի եւ միլիարդավոր դոլարներ կպահանջվեն, որպեսզի կարողանանք դարձյալ կառուցել բանակը, սպառազինել, ամրաշինական աշխատանքներ տանել:
Հարցին՝ նոր սահմանազատումները, անվտանգային տեսանկյունից, ի՞նչ սցենարային զարգացումներ կարող են ունենալ, փորձագետը պատասխանեց, որ նոյեմբերի 9-ին ստորագրված տխրահռչակ հայտարարությունից հետո իրականում որեւէ երկարաժամկետ խնդիր չի լուծվել։ Նա շեշտեց՝ պատերազմն իրականում չի ավարտվել, ընդհակառակը՝ այդ հայտարարությամբ տրվել է անվտանգության մի կոնֆիգուրացիա, որը շատ ավելի անկայուն է, քան մինչեւ պատերազմն էր։
«Պատերազմից հետո Արցախում տեղի ունեցած դեպքերը փոքր կամ առանձին միջադեպեր չեն։ Գուցե փոքր են դիտվում՝ պատերազմի, ճակատամարտի ֆոնին, բայց վերադառնանք հետ։ Հադրութում առնվազն մեկ դեպքի ժամանակ 9 հոգի զոհվեց։ Այսպիսի բան ոչ պատերազմական իրավիճակում երբեւիցե չի եղել։ Էլ չասեմ, թե որքան մարդ է գերի ընկել, զոհվել, որոնց մասին ինֆորմացիան թաքցվում է հասարակությունից: Պաշտոնական որեւէ բան չի ասվել այս կապակցությամբ։ Սա նշանակում է, որ ցանկացած պահի նորից ռազմական գործողություններ կարող են սկսվել։ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ իր ստորագրած փաստաթղթով խաղաղություն բերեց։ Իրականում ոչ թե խաղաղություն է, այլ շատ ավելի վատ պայմաններով հետաձգված պատերազմ»,- ընդգծեց Վրթանեսյանը։
Անդրադառնալով հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպմանը՝ նա ասաց, որ Փաշինյանի եւ Ալիեւի որեւէ հանդիպում չի կարող Հայաստանի համար լավ բան նշանակել։
«Փաշինյանը նույնիսկ խոստովանեց, որ Ալիեւի բանավոր հրահանգներով Սյունիքից դիրքեր է հանձնում։ Ուստի ի՞նչ կարելի է սպասել այս հանդիպումից։ Ալիեւը հրապարակայնորեն վիրավորել, ստորացրել է Փաշինյանին, նա այդ ամենը թողել է անպատասխան։ Միջազգային իրավունքի պրակտիկայում նման խայտառակ բան չի եղել, որ մի երկրի ղեկավար այսպես հրապարակայնորեն ստորացնի մեկ այլ երկրի ղեկավարի։ Հայաստանին նոր բանակցող է պետք»,- ընդգծեց ռազմական փորձագետը։
Լիանա Սարգսյան