Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հնարավոր չէ պարտված իշխանության հետ ապագայի հույսեր կապել՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԱՄՆ Արևելյան շրջանի ՀՅԴ կենտրոնական կոմիտեի անդամ, «Արցախ ֆոնդ» բարեգործական հիմնադրամի պատվիրակության անդամ Խաժակ Մկրտչյանը։
Նա նշեց, որ այն քաղաքական տրամադրությունները, որ տիրում են Հայաստանում, նույնը նաև Սփյուռքում է․ պարտված իշխանությունը պետք է ընդունի իր անկարողությունը, ապաշնորհությունը և տեղ տա ավելի կարող, հայրենիքին ավելի սրտացավ մոտեցող ղեկավարության։
«Որպեսզի հնարավոր լինի այս անկայուն և անորոշ վիճակը կայունացնել, որ գոնե այսուհետ ազգն ու հայրենիքն իմանան՝ ուր են գնում և Սփյուռքն էլ, այդ անորոշությունները վերանալով, իր նոր անելիքները կարողանա ձևակերպել»,-ասաց Խաժակ Մկրտչյանը։
Այսօրվա անորոշության պայմաններում, ըստ նրա, Սփյուռքի բարեսիրական միությունները, քաղաքական, լոբբիստական կառույցները իրենց անելիքները ձևակերպելու դժվարություններ ունեն, որը չի կարող հստականալ, եթե Հայաստանում իշխանությունը չփոխվի։
«Եվ պատահական չէ, որ սփյուռքյան նույնիսկ գլխավոր կառույցները այս կառավարության հրաժարականը պահանջած են՝ պարզ այն մոտեցումով, որ այս կառավարությունը իր ապաշնորհությունը ապացուցեց և մեծ չարիք մը բերավ թե՛ մեր ազգին, թե՛ հայրենիքին։ Այս իրականությունը ակնհայտ է Սփյուռքի մեջ»,-նշեց նա։
Խաժակ Մկրտչյանը, «Արցախ ֆոնդի» պատվիրակության կազմում, այցելել է Արցախ՝ անելիքները ճշգրտելու համար։
««Արցախ ֆոնդը» գործում է տարիներե ի վեր և պատկանում է Ամերիկայի հայ մշակութային ընկերակցության։ Այն բարեսիրական միություն է, որ Արցախում տարբեր ծրագրեր է իրականացնում։ Բայց այս պատերազմի լույսի տակ քաջ գիտնալով, որ ընկերատնտեսական և այլ տեսակի հարցեր կան, մենք մեր անելիքները ճշգրտելու համար ուզեցինք այցելել և ծանոթանալ ընդհանուր կացության։ Բայց նաև որոշ բարեսիրական առաքելությամբ էլ եկած ենք»,-ասաց Խաժակ Մկրտչյանը։
Արցախում վիճակը իսկապես շատ տխուր էր, ասաց նա, անզեն աչքով էլ երևում էր, որ սոցիալ-տնտեսական շատ բարդ խնդիրներ կան, որոնց պետք է դիմագրավել։
«Առաջին խնդիրը՝ զոհվածների այս մեծ քանակության մեջ կնշանակե, որ բավական մեծ միջոցներ են պետք, որ զոհվածների ընտանիքների սոցիալական խնդիրները մեղմացնենք։ Վիրավորների հարց կա, որ նաև խնդիր է, որոնց պետք է դիմագրավել։ Կարևոր երևույթը, որ տեսանք, ադրբեջանցիների գրաված տարածքներեն ահագին տեղահանված արցախցի հայրենակիցներ կան, որոնք այսօր կացարան գտնելու կամ ուղղակի տեղ ունենալու, ապրելու խնդիր ունեն։ Եթե ամփոփենք՝ զոհվածների ընտանիքներ, վիրավորներ և տեղահանվածներ»,-ասաց Խաժակ Մկրտչյանը։
Սրանք, իհարկե, առաջնահերթ խնդիրներն են, բայց ապագայում արցախցիների աշխատանքի, անվտանգության հարցերը ևս ուսումնասիրելու են և փորձեն լուծել։
«Արցախ ֆոնդի» գրասենյակը Ստեփանակերտում է, ունի նաև անձնակազմ, որը տեղում ֆոնդի գործերը կարգավորելու պարտականություն ունի։ Հենց նրանք էլ ազդակներ են ուղարկելու, երբ արդեն հստակ լինի՝ ում հետ պետք է աշխատեն սփյուռքյան կազմակերպությունները իրենց ծրագրերն իրագործելու համար։
Բարեգործական այս հիմնադրամում համոզված են, որ մեկանգամյա բարեգործությամբ հարցեր չի կարելի լուծել, հեռանկար կա անպայման աշխատատեղեր ստեղծելու, որպեսզի արցախցին կարողանա շարունակել ապրել իր հողում։
«Գիտենք նաև, որ ընկերատնտեսական հետևանքները վերացնելը ինքնին պետության պարտականությունն է, բայց նաև մեզ պես բարեգործական միություններ ինչ-որ չափով, այդ սահմանափակ հնարավորությունների պարագայում, լրացուցիչ աշխատանք են տանում։ Մենք գիտենք, որ չենք կարող հազարավոր զոհվածների բոլոր ընտանիքներին օգնել կամ աշխատանքով ապահովել բոլոր տեղահանվածներին, բայց մենք մեր հնարավորության սահմանների մեջ որոշ չափաբաժին կարող ենք մեզ վրա վերցնել՝ թեթևացնելու տեղահանվածների, վիրավորների և զոհվածների հարազատների դժվարությունները, ինչու չէ նաև նպաստել պետության բեռը թեթևացնելուն։ Հեռանկար ունենք աշխատատեղեր ստեղծելու, բնական է՝ ոչ մեծ մասշտաբներով, բայց փոքր մասշտաբներով, որոնք քիչ թե շատ աշխատատեղեր և արցախցու համար Արցախում մնալու հնարավորություններ կստեղծեն»,-ասաց Խաժակ Մկրտչյանը։
Այս ամբողջ աշխատանքը կազմակերպելու համար դարձյալ հստակություն է պետք, այսօրվա տվյալներով՝ շատ են անորոշությունները, որոնք, հույս ունեն, գոնե ժամանակի ընթացքում կշտկվեն, որ ապագայում իրենք էլ կարողանան ավելի գիտակցված և ծրագրված ձևով աշխատել։
ԱՄՆ-ում Արցախից հույսը չեն կտրել, իրավունք էլ չունեն կտրելու՝ վստահեցնում է Խաժակ Մկրտչյանը, հիմա ճիգերը կրկնապատկելու ժամանակն է։
«Ամերիկայի մեջ գոնե ակտիվ տարրը, այն, որ լոբբինգով կամ քաղաքական գործունեությամբ կամ բարեգործությամբ զբաղվող շրջանակներն են, ատոնք բացարձակապես հույսները իրավունք ալ չունին կտրելու, որովհետև ընդհակառակը հիմա ճիգերը կրկնապատկելու ժամանակաշրջան է։ Մեր շրջանում Հայ Դատի հանձնախմբերը իրենց աշխատանքները կրկնապատկելու ճիգերի մեջ են, որպեսզի ամերիկյան գոնե մարդասիրական օժանդակություններ կարենան ապահովել։ Հետևաբար, հուսահատությունը՝ ոչ, բայց ընդհանուր այս պարտությունը իսկապես կոտրված հոգեվիճակ են ստեղծել, այդ մեկը չի կարելի չտեսնել։ Մանավանդ որ, հաղթանակի մեծ հույսերով կապրեինք պատերազմի ընթացքում և այս խայտառակ պարտությունը և այս խայտառակ համաձայնագիրը, որը ստորագրված է․․․ այսօր ողջ Սփյուռքի տարածքում կտիրե նույն կոտրվածությունը, ինչ այսօր կտիրե Հայաստանի և Արցախի մեջ»,-վստահեցրեց Խաժակ Մկրտչյանը։
Հուսահատվելու տեղ չունենք, ասաց, ընդհակառակը ուժերը կրկնապատկելու իրողության տակ ենք։
Աննա Բալյան