կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-22 12:26
Հասարակություն

Գաղափարի զինվորը. հուշ-երեկո` նվիրված Խաժակ Տեր-Գրիգորյանի 77-րդ տարեդարձին (լուսանկարներ)

Համեստ, քչախոս, պայքարող, հայրենասեր. այսպես են դաշնակցականները հիշում ընկեր Խաժակին` Հայ դատի պայքարի նվիրյալ, ազգային, գաղափարական, քաղաքական և հասարակական գործիչ Խաժակ Տեր-Գրիգորյանին: Երեկ ՀՅԴ Գերագույն մարմնի նախաձեռնությամբ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ ՀՅԴ ակնառու գործիչ Խաժակ Տեր-Գրիգորյանի 77-րդ տարեդարձին նվիրված հուշ-երեկո:

Միջոցառմանը ներկա էին ՀՅԴ ղեկավար մարմինների անդամներ, երիտասարդ դաշնակցականներ, Խաժակ Տեր-Գրիգորյանի հարազատները, հյուրեր: Երեկոյի մեկնարկին ներկայացվեց Խաժակ Տեր-Գրիգորյանի կյանքին ու գործունեությանը նվիրված ֆիլմը, որում մանրամասն խոսվում է հայրենիքում Դաշնակցության վերահաստատման առաջին տարիների և այդ շրջանում Խաժակ Տեր-Գրիգորյանի կատարած հսկայածավալ աշխատանքի մասին:

«Ընկեր Խաժակը շատերի համար ուսուցիչ էր, ուսուցիչ, ով կրթում էր իբրև կուսակցականի, իբրև հայրենասերի, կրթում էր լավ մարդկանց` ընտանիքը, հասարակությունը սիրող, արդարությունը պաշտպանող մարդկանց: Նրա համար հայրենիքը պաշտամունք էր»,- ելույթում ասաց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանը:

«Մեզնից ամեն մեկը բարեբախտություն է ունեցել կյանքի որոշակի հատված կուսակցական, ազգային պայքարի ճանապարհ անցնել ընկեր Խաժակի հետ: Նրան ներկաներից շատերը կհիշեն, որպես կուսակցականի, ում ամեն խոսքն ուշադիր լսվել է, ամեն չասած բառը` հասկացվել: Մարդ, ում ամեն մի քայլը, ապրած ամեն օրը եղել է դաս կուսակցականին վայել պահվածք ունեցող մարդու համար: Ընկեր Խաժակը մեզ սովորեցրեց պայքարել գաղափարի և իղձերի համար»,-ասաց Գեղամ Մանուկյանը:

Խաժակ Տեր-Գրիգորյանի մասին հուշեր պատմեց նաև կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ով ժամանակին նրա հետ անդամակցել է ՀՅԴ Կենտրոնական կոմիտեին: «90-ականների սկզբին միանգամից շփվեցինք Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ներկայացնող մի հզոր մտավորական շերտի հետ, որոնց թվում էր նաև ընկեր Խաժակը: Ընկեր Խաժակին բնորոշ հաստատումներից էր հեղափոխականությունը, ոչ թե կեղծ հեղափոխականությունը, ամպագոռգոռ խոսքերը, այլ կյանքի, կենցաղի, ամեն օրվա աշխատանքի մեջ արմատական, որակական փոփոխությունների անհրաժեշտությունը: Ընկեր Խաժակն իր ցանկացած քայլը դիտում էր հեղափոխականի պրիզմայով, իսկ այդ հեղափոխականությունը շատ հեռու էր արկածախնդրությունից, պոպուլիզմից, այն ամուր նստած էր նրա կուսակցության հարյուրամյա ժառանգության վրա: Նա իր ամենօրյա աշխատանքում արմատական, որակական փոփոխությունների խնդիր էր դնում»,- նշեց Մկրտչյանը:

Նախարարի խոսքով` Խաժակ Տեր-Գրիգորյանն անսահման սեր ուներ հասարակ մարդկանց, ընկերների նկատմամբ: Նա առանձնահատուկ վերաբերմունք ուներ մտավորականի, գիտնականի հանդեպ: «Ընկեր Խաժակը կարողանում էր մարդուն ճիշտ գնահատել իր դերակատարության մեջ: Նա հանգիստ, իմաստուն ղեկավար էր, ով բացարձակ հարգանք ու վստահություն ուներ երիտասարդների շրջանում: Ընկեր Խաժակի խոսքը, նրա` մի փոքր դանդաղ ասվող արտահայտությունը բոլորի համար օրենք էր, և բոլորը նրան հարգանքով էին վերաբերվում»,- ասաց Լևոն Մկրտչյանը` նշելով, որ եթե Դաշնակցության պատմության մեջ նշելու լինի այն 30-40 գործիչներին, ովքեր ձևավորել են Դաշնակցության գաղափարախոսությունը, վստահաբար ընկեր Խաժակն այդտեղ իր տեղը կունենա:

ՀՅԴ Բյուրոյի մամլո դիվանի պատասխանատու Արտաշես Շահբազյանի բնորոշմամբ` Խաժակ Տեր-Գրիգորյանը Դաշնակցության ակնառու գործիչներից էր, ում փորձառությունն ու վաստակը տասնամյակների անմնացորդ, գիտակցված, անշահախնդիր եւ անկեղծ նվիրումի արդյունք էին: «Երբեք նրա խոսքից ու կեցվածքներից չեզրակացրեցինք եւ միայն ուրիշներից իմացանք, որ Հայաստան էր վերադարձել արդեն իսկ հարուստ ու գնահատված կենսագրության բեռով: Տարիների փորձություններից չէր կոտրվել, չէր հոգնել, մնացել էր պայքարի, զրկանքի ու զոհաբերության պատրաստակամ մարտիկ, ով խորին հավատ ուներ Դաշնակցության անցյալի, ներկայի եւ ապագայի առաքելության հարցում: Նայելով նրան` կարելի էր պատկերացնել Դաշնակցության անցյալի մեծերին, կարծես մեկն էր զավարյանների, աղբալյանների, վարանդյանների, նավասարդյանների փաղանգից»,- ասաց Արտաշես Շահբազյանը: