Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստան գազի մատակարարման պայմանագրի՝ ևս երեք ամսով երկարաձգումը որևէ կերպ չի կարող թուլացնել Հայաստանի գազամատակարարման համակարգում խորացող ճգնաժամը, իսկ դրամի արժեզրկման արդյունքում Հայաստանի գազամատակարարման համակարգում կձևավորվի ավելի քան 3,3 մլն ԱՄՆ դոլարի պարտք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ Հիշեցնենք, որ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ – ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դեկտեմբերի 30-ին երկարաձգել էին Հայաստան գազի մատակարարման պայմանագիրը 2021 թվականի առաջին եռամսյակի համար, այսինքն 2021 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանը գազ ստանալու է նույն գնով՝ 165 ԱՄՆ դոլար 1000 խմ-ի հաշվով։
Տնտեսագետի խոսքով՝ այս կարճաժամկետ որոշումը վկայում է ռուսական կողմի հետ Հայաստանի իշխանությունների վարած ձախողված քաղաքականության մասին։
«Վերջին երկուսուկես տարվա ընթացքում գործող իշխանությունները ոչ միայն չկարողացան նվազեցնել բնական գազի գինը, այլև ձախողված բանակցությունների արդյունքում սահմանին գազի գինը բարձրացավ 10 տոկոսով կամ 15 ԱՄՆ դոլարով։ Դա հանգեցրեց նրան, որ 2020թ. հուլիսի 19-ից խոշոր սպառողների՝ օրինակ ջերմոցային տնտեսությունների կամ ԱԳԼՃԿ-ների համար գազի սակագինը աճեց շուրջ 6 տոկոսով»,-ասաց նա։
Անդրադառնալով բնակչության համար գազի սակագնի հնարավոր բարձրացմանը, տնտեսագետը նկատեց․
«Գործող սակագնով բնակչության (կամ ամսական մինչև 10,0 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողների) համար բնական գազի սակագինը 1 խմ-ի համար 139 ՀՀ դրամ է։ Գործող բնական գազի սակագնի հաշվարկի համար վերցվել է 2020 թվականի պետական բյուջեով ընդունված փոխարժեքը՝ 480 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի համար։
Տարեկան Ռուսատանից Հայաստան է ներկրվում շուրջ 2,2 մլրդ խմ գազ, որի համար վճարում ենք դոլարով՝ 165 ԱՄՆ դոլար 1000 խմ-ի համար։ Եթե խոշոր սպառողների համար բնական գազի սակագինը հաստատված է դոլարով և ամեն ամիս ճշգրտվում է փոխարժեքը, ապա բնակչության համար սակագինը սահմանված է դրամով։ Ռուսաստանից ներկրվող գազի շուրջ 31 տոկոսը կամ 0,7 մլրդ խմ-ն սպառում է բնակչությունը, ում համար բնական գազի սակագինը հաշվարկած է դրամով՝ այդ տարվա պետական բյուջեով հաստատված փոխարժեքով։
2020 թվականի նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլացիոն համաձայնագրի ստորագրելուց հետո դրամը սրընթաց արժեզրկվեց 6,6 տոկոսով կամ 35 ՀՀ դրամով՝ կազմելով 525 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի համար։ Դրամի նման մեծ և երկարաժամկետ արժեզրկումը տնտեսական հիմքեր է ստեղծում «Գազպրոմ Արմենիա» ընկերության համար՝ բնակչության համար ևս բնական գազի սակագնի վերանայման հայտ ներկայացնելու։ Անշուշտ, բնական գազի սակագնի վրա բազմաթիվ գործոններ են ազդում, սակայն այլ հավասար պայմաններում՝ 139 ՀՀ դրամ 1 խմ-ի հաշվով գործող սակագնի դեպքում գազամատակարարման համակարգը կշարունակի պարտք կուտակել, որը ուշ թե շուտ, ուղղակի կամ անուղղակի եղանակով վճարելու է դարձյալ հայ սպառողը։ Նկատի ունենալով, որ 2021 թվականին սահմանի վրա գազի գինը մնալու է նույնը, ապա 2021 թվականի ընթացքում, խիստ լավատեսական 493,76 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլար փոխարժեքի տարբերակի դեպքում, գազամատակարարման համակարգում կձևավորվի ավելի քան 3,3 մլն ԱՄՆ դոլարի պարտք, որը այլ հավասար պայմաններում բնական գազի սակագնի հաշվարկի վրա կարող է ազդել 1 ՀՀ դրամով»։
Սուրեն Պարսյանը նկատեց, որ պատերազմից հետո դրամի արժեզրկմամբ պայմանավորված գազի սակագինը խոշոր սպառողների համար արդեն իսկ շուրջ 6,6 տոկոսով կամ 30 ՀՀ դրամով թանկացել է, օրինակ՝ ԱԳԼՃԿ-ներում 1 կգ սեղմված գազի գինը աճել է 30-40 ՀՀ դրամով կամ 10 տոկոսով։
Ըստ նրա՝ գազի սակագնի պարբերաբար փոփոխությունները կարող են լուրջ հարված հասցնել հատկապես բիզնեսին։
«Բիզնեսի պլանավորման տեսանկյունից բնական գազի սակագների հնարավոր վերանայման ռիսկը լրացուցիչ անորոշություն է, որը հաղթահարելու համար ցանկացած իշխանություն գոնե մեկ տարվա կտրվածքով կանխատեսելի կոմունալ ծառայությունների սակագներ պետք է ապահովի»,-ասաց Սուրեն Պարսյանը։