կարևոր
21019 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-11 17:23
Տնտեսական

100 մլն ԱՄՆ դոլար + 311 մլն եվրո պարտք՝ ԱԺ հերթական նիստերի օրակարգում

100 մլն ԱՄՆ դոլար + 311 մլն եվրո պարտք՝ ԱԺ հերթական նիստերի օրակարգում

Yerevan.Today-ը գրում է․ «ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 11-ին հրավիրված արտահերթ նիստի ընթացքում քննարկվել է ««Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանի խոսքով օրինագիծն ուղղված է 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված պակասուրդի ֆինանսավորմանը և ներառում է ՀՀ կառավարության ծրագրի նպատակադրումներից բխող տնտեսական բարեփոխումները: Համաձայնագրի հիմնական պայմաններ են. վարկի գումար՝ 100 մլն ԱՄՆ դոլար, վարկի մասհանման և սպասարկման արժույթ՝ ԱՄՆ դոլար, վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝ 2024 թվականի դեկտեմբերի 31:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը  հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել նաև «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1024 01 C վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին»  օրենքի նախագիծը:

Ծրագիրը կազմված է երեք հիմնական բաղադրիչներից՝ առաջինը հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարելավումն է, երկրորդը՝ պետական արժեթղթերի թողարկման և կառավարման շրջանակի ու փողի շուկաների ենթակառուցվածքի ամրապնդումը, երրորդը՝ ձեռնարկատիրական գործունեության ֆինանսավորման նոր գործիքների մշակումն ու առավել թափանցիկ կառավարման ապահովումը: Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 75.000.000 եվրո բյուջետային աջակցության վարկ: Մայր գումարի մարման ժամկետը 20 տարի է, արտոնյալ ժամկետը՝ 5 տարի:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը քննարկման է ներկայացրել Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև ստորագրված ««Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Համաձայնագրով Հայաստանին կտրամադրվի 236 մլն եվրոյի չափով վարկ. մարման ժամկետը 20 տարի է, որից արտոնյալ` 5 տարի:

Օրենքների նախագծերը ստացել են դրական եզրակացություն: Դրանք կներառվեն ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում»: