Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանն այսօր անցկացրեց նախագահի ընտրություն՝ համապատասխան 2002 թվականի ուսանողական խորհրդարանի կանոնադրության: Քվորումն ապահովելուց հետո, փակ-գաղտնի քվեարկությամբ՝ 30 կողմ եւ 2 դեմ ձայների հարաբերակցությամբ Ընդհանուր բժշկության, Ստոմատոլոգիական եւ Դեղագիտական ֆակուլտետների կուրսերի հոսքերի ավագների կողմից նախագահ ընտրվեց Ընդահանուր բժշկության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Տիգրան Ալեքսանյանը, որը կպաշտոնավարի 2021 թվականի փետրվարի 1-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը:
Ավելի վաղ ստեղծված կանոնադրական բարեփոխումների հանձնաժողովը նախաձեռնել է կանոնադրական փոփոխություններ: Դրանք իրականացնելուց հետո՝ այդ ժամանակ ընդունված կանոնադրության համաձայն, սեպտեմբերին կանցկացվեն ուսանողական խորհրդարանի նախագահի նոր ընտրություններ:
Փետրվարի 1-ից ուսանողական խորհրդարանի նորընտիր նախագահ Տիգրան Ալեքսանյանը կփոխարինի Ռոբերտ Գալստյանին: Վերջինս ողջունելով կայացած ընտրությունը՝ շնորհակալություն հայտնեց այն թիմին, որի օգնությամբ խորհրդարանն իրականացրել է իր աշխատանքները:
«Նոր թիմ, նոր գաղափարներ, նոր մոտեցումներ»,-ընդգծեց Ռոբերտ Գալստյանը:
Ուսանողական խորհրդարանի նորընտիր նախագահը վստահություն հայտնեց, որ միասին հնարավոր կլինի կառուցել ուսանողական ակտիվ համայնք եւ դառնալ ուսանողության շարժիչ ուժը:
«Մենք պահելու եւ էլ ավելի ենք զարգացնելու որդեգրած սկզբունքները, որպեսզի յուրաքանչյուրի ձայնը դարձնենք ավելի լսելի: Դրա կարեւոր նախապայմաններից է, որ ուսանողները լինեն առավել շահագրգռված»,-ասաց նա՝ ավելացնելով, որ ուսանողական խորհրդարանի նոր ձեւավորված թիմը պետք է առաջնորդվի մեկ միասնական գաղափարով՝ այս ամենը պատասխանատվություն է, որն առաջ է մղելու ուսանողության շահերը: