կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-25 16:31
Տարածաշրջան

Գերմանիան հրաժարվել է Թուրքիային արտահանձնել լրագրող Ջան Դյունդարին

Գերմանիան հրաժարվել է Թուրքիային արտահանձնել լրագրող Ջան Դյունդարին

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկիրը չի արտահանձնի թուրք լրագրող Ջան Դյունդարին, որը Թուրքիայում լրտեսության և ահաբեկչության մեղադրանքով դատապարտվել է 27 տարի 6 ամիս ազատազրկման, քանի որ համարում է, որ լրագրողի դատապարտումը քաղաքական դրդապատճառ ունի:

«Գերմանիան  սկզբունքորեն չի հանձնում քաղաքական պատճառներով դատապարտված անձանց: Գերմանիայի կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի աջակցի անկախ լրատվամիջոցներին և լրագրությանը ամբողջ աշխարհում: ԵՄ-ի և Թուրքիայի միջև լավ և տևական երկկողմ հարաբերությունների հաստատման կարևոր պայմանը միջազգային չափանիշների պահպանումն է ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերում»,- ԱԳՆ-ին մեջբերում է Deutsche Welle-ն:

Գերմանիայի արտգործնախարարության հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահականի հասարակայնության հետ կապերի տնօրեն Ֆահրեթին Ալթունը Բեռլինին կոչ է արել արտահանձնել Դյունդարին:

«Ջան Դունդարը դատապարտվել է լրտեսության և ահաբեկչական կազմակերպությանը օժանդակելու մեղադրանքով: Նրան լրագրող, իսկ նրա դատավճիռը խոսքի ազատությանը հարված անվանելը նշանակում է վիրավորել իրական լրագրողներին ամբողջ աշխարհում: Փոխանակ աջակցելու նրա հանցագործություններին, մեր գործընկերները պետք է նրան արտահանձնեն Թուրքիային»,- գրել էր Ալթունը:

Ավելի վաղ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը քննադատել էր դատարանի որոշումը՝ այն անվանելով «լուրջ հարված Թուրքիայում անկախ լրագրությանը», որը նա համարում է հիմնարար իրավունք:

«Լրագրությունը հանցագործություն չէ, այլ՝հասարակության համար անփոխարինելի ծառայություն, հատկապես՝ երբ քննադատում և հետաքննում է իշխանությանը», - ասել է Մաասը:

Հիշեցնենք, որ Cumhuriyet թերթի նախկին գլխավոր խմբագիր Դյունդարը դատապարտվել է 27 տարի 6 ամիս ազատազրկման Թուրքիայում «քաղաքական և ռազմական լրտեսության» և «զինված ահաբեկչական կազմակերպությանը օգնություն ցուցաբերելու համար». նա 2015 թ. բացահայտել էր Էրդողանի և սիրիացի զինյալների կապը։