կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-25 10:28
Առանց Կատեգորիա

Ոչ միայն Փաշինյանը, այլև պատգամավորներն են միջամտում դատական գործերին. «Իրատես»

 Ոչ միայն Փաշինյանը, այլև պատգամավորներն են միջամտում դատական գործերին. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Երկուսուկես տարի իշխանական աթոռները զբաղեցնողներն այդպես էլ չեն կողմնորոշվում՝ ի վերջո ի՞նչ են ուզում դատական համակարգից: Ամենատարբեր դատական գործերի մասով դատարանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար անցանկալի որոշումներից հետո իշխանության ներկայացուցիչները տարաբնույթ որակումներ են տալիս դատարաններին ու դատավորներին, ընդհուպ՝ դատարանների շրջափակում:

Գործընթացն անձամբ Փաշինյանն է գլխավորում՝ դատավորներին «վնգստացողներ», «պատվեր կատարողներ», «նախկիններին սպասարկողներ» անվանելով: «Շեֆի» աչքին բարձրանալու համար թիմի մյուս անդամները, նամանավանդ խորհրդարանական մեծամասնության պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչները, դարակազմիկ մտքեր են արտահայտում:

Օրերս լրագրողները «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանից մեկնաբանություն խնդրեցին՝ կապված վարչապետի այն հայտարարության հետ, թե նոյեմբերի 10-ի գիշերը տեղի ունեցած միջադեպերը, մասնավորապես, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործը ոչ ամբողջական, թերի է քննվում:

Ըստ Փաշինյանի՝ գործում ներգրավված անձինք շատ ավելի պետք է լինեին: Պատգամավորը, որ մինչև խորհրդարան գալը փաստաբանությամբ է զբաղվել (մանդատ ստանալուց հետո որպես փաստաբան նրա լիազորությունները կասեցվել են), պարզվում է՝ վարչապետի հայտարարության մեջ տարօրինակ կամ խնդրահարույց ոչինչ չի նկատել:

Ավելին, հավելում է՝ պետական-իրավական հանձնաժողովի անդամները նույնպես դատավորների հետ պարբերաբար հանդիպումներ են ունենում և դատական տարբեր գործերի մասով քննարկումներ կազմակերպում: Սահմանադրության 162-րդ հոդվածը հստակ սահմանում է. «Արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է»: Թե ինչքանո՞վ են թե՛ վարչապետ Փաշինյանը, թե՛ պատգամավորները միջամտում դատական համակարգի գործունեությանը, «Իրատեսը» մեկնաբանություն խնդրեց փաստաբան Արամ Վարդևանյանից:

«Նիկոլայ Բաղդասարյանին ուղղակի հիշեցնեմ. երբ երիտասարդ դատավորներից մեկին փողոցում վարչապետի խոսքերով դիմեցին՝ ասելով՝ «դուք վնգստացո՞ղ եք, թե՝ ոչ», այդ միջադեպից հետո արդարադատությանը խոչընդոտելու հատկանիշով քրեական գործ հարուցվեց: Բաղդասարյանը թող չմոռանա, որ թեև այժմ քաղաքականությամբ է զբաղվում, բայց իրավաբան է: Լավ կանի նման մտքեր չարտահայտի, այլապես կհիշեցնեմ իր արտահայտած այն միտքը, թե Սահմանադրական դատարանի հանդեպ անօրինական միջամտությունների դեպքում ՍԴ անդամները թող վարչական դատարան դիմեն»,- նշեց Վարդևանյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում