կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-11 16:21
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին բերման ենթարկեցին Փաշինյանի հրաժարականի պահանջով երթի ժամանակ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին Ֆրանսիայի հրապարակից՝ խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնելու ժամանակ՝ հայտնում է Yerkir.am-ը։

Ցուցարարները 10 րոպե ժամանակ էին պահանջել ոստիկանությունից՝ իրենց խաղաղ ակցիան անելու և երթով առաջ շարժվելու համար։

«Եթե մեզ 10 րոպե ժամանակ չունեն տալու, ուրեմն Նիկոլին 2 րոպե պիտի չտային։ Եթե մեր ժողովրդի անվտանգության մասին են մտածում, ուրեմն Նիկոլը մեր ժողովրդի անվտանգությւոնը դրել է խիստ հարցականի տակ։ Եթե մենք 10 րոպե իրավունք չունենք մեր բողոքի ակցիան իրականացնելու, ուրեմն մնում ենք այստեղ՝ ինչ կարան, թող անեն»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։  

Բողոքի ակցիայի մասնակիցները նստեցին գետնին՝ 10 րոպե մնալու և շարժվելու համար։

Այդ պահին ոստիկանները սկսեցին հատուկ գործողությունը, որի արդյունքում խաղաղ ցուցարարներին՝ քաշքշելով և հարվածելով, տարան դեպի ոստիկանական մեքենաները։

«Նիկո՛լ, դավաճան»,-վանկարկում էին ցուցարարները։

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ բիրտ ուժ կիրառելը ապօրինի գործողություն է, որևէ տրամաբանության մեջ չի մտնում։

«ՀՀ քաղաքացիները իրավունք ունեն իրենց խաղաղ բողոքի ակցիաներն իրականացնել, ինչի՞ համար են ոստիկանները ուժ կիրառում, առավել ևս կուսակցության՝ Հայ Հեղափոխական Դաշնակցության ղեկավարի նկատմամբ։ Մեկը կարո՞ղ է բացատրել՝ ի՞նչ հիմքով, ի՞նչ են անում»,-ասաց ԱԱԾ նախկին տնօրենը։

Նա նշեց, որ ոստիկանների 95 և ավելի տոկոսը հայրենասեր մարդիկ են, պարզապես այս պահին մոլորված են և հասկանալու են, որ չպետք է ծառայեն դավաճաններին։

«Սպան չի կարող լինել դավաճանի ենթակա, կատարել դավաճանի հրամանները, սպան չի կարող համաձայն լինել մեր հայրենիքը նման ձևով հանձնելուն, սպան չի կարող հանգիստ նայել Ադրբեջանում երեկ անցկացված զորահանդեսին»,-ասաց Վանեցյանը։

Նա արձանագրեց, որ այս իշխանությունները բացառապես սպառել են իրենց և հույսը դրել բացառապես բիրտ ուժի կիրառման վրա, որը անթույլատրելի է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին ևս բերման ենթարկեցին։