Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին հայկական լրահոսի ամենաքննարկված թեմաներից են, թերեւս, աշխարհի տարբեր կենտրոններում բնակվող ազդեցիկ հայերի ուղերձները՝ ուղղված վարչապետ Փաշինյանին՝ հեռանալու կոչերով: Հայաստանում մշտապես կարեւորվում է աշխարհի ազդեցիկ հայերի դիրքորոշումը, որովհետեւ ավանդաբար հենց նրանք են եղել երկրում ներդրումների ապահովման լոկոմոտիվները եւ արտաքին քաղաքական էլիտայի եւ հայկական պետականության միջեւ յուրօրինակ «կամուրջը»: Գրեթե միաժամանակ կառավարության անհապաղ հրաժարականը պահանջելու վերաբերյալ հայտարարություններ տարածեցին Սամվել Կարապետյանը, Արտակ Թովմասյանը եւ Ռուբեն Վարդանյանը:
Կարապետյանն ու Թովմասյանն, օրինակ՝ պատերազմական օրերին լայնածավալ աջակցություն ցուցաբերեցին հայկական պետությանը, որի փակագծերը չեն ցանկանում բացել՝ ըստ ամենայնի, որոշակի պետական գաղտնիք պարունակելու պատճառով, իսկ Ռուբեն Վարդանյանը պատերազմի օրերին աչքի ընկավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված բազմաբովանդակ կոչով, որը, ցավոք սրտի, ոչ մի հետեւանք չունեցավ:
Այնուամենայնիվ, ըստ տեղեկությունների, Վարդանյանը եւս Նիկոլ Փաշինյանի հրաժարականի ջատագովներից է: Այսքանով, իհարկե, այս գործիչները չսահմանափակվեցին, քանի որ ակնհայտ էր, որ Փաշինյանի կառավարությունը տապալվել է ոչ միայն ռազմական եւ դիվանագիտական ճակատներում, այլեւ վտանգի տակ է հայկական պետության գոյությունն ընդհանրապես:
Սամվել Կարապետյանն, օրինակ՝ այս օրերին ընդլայնել է իր հետաքրքրությունների շրջանակը եւ, ըստ էության, քաղաքական ակտիվության հայտ է ներկայացնում:
Կարապետյանը, ըստ տեղեկությունների, Մոսկվայում հանդիպել է Վազգեն Մանուկյանին, Իշխան Սաղաթելյանին եւ այլոց, ինչը ցույց է տալիս, որ նա ցանկություն ունի Հայաստանում որոշակի դերակատարություն ստանձնել ոչ թե միջնորդավորված, այլ հենց սեփական օրակարգով:
Առավել ակտիվ դերակատարություն ստանձնեց Արտակ Թովմասյանը, որը, հաշվի առնելով իրադրության ողջ լրջությունը եւ տեղի ունեցող գործընթացների վրա ազդելու կարեւորությունը, «կապիտուլյացիայի ակտ» անունը ստացած հայտնի հայտարարությունից անմիջապես հետո հանդես եկավ Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականի պահանջով, այնուհետեւ հայտարարեց նոր քաղաքական ուժ ձեւավորելու մտադրության մասին:
Ըստ էության, այս ուժը կարող է դառնալ առանցք, որի շուրջ կարող են միավորվել արտերկրի՝ օրեցօր ակտիվացող ազդեցիկ հայերը: Փաստ է, որ արտերկրի հայ գործարարները մեծ մասնաբաժին ունեն երկրի տնտեսական զարգացման գործում։
Հրաժարականի այսպիսի աննախադեպ համընդհանուր պահանջը մեկ բան է հուշում. նրանք այլեւս չեն պատրաստվում Հայաստանի համար սոսկ դոնորի դեր կատարել եւ որոշել են լուրջ պատասխանատվություն վերցնել երկրի ապագայի հանդեպ: Սա է, ըստ էության, վերջին շրջանում արված այդ հայտարարությունների գլխավոր «մեսիջը»: Այս ամենի մեջ մեր «հանրային» շահը, ըստ էության, կարող է լինել այն, որ վստահության լուրջ դեֆիցիտ ունեցող ներհայաստանյան ուժերի ֆոնին առաջիկայում քաղաքական քարտեզը նոր եւ թարմ գունավորումներ կարող է ստանալ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում