Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այժմ՝ բուն պատերազմի մասին։ Դեռևս 2020 թ. հունիսի 12-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը «վարչապետին», մի քանի օր անց նաև «Անվտանգության խորհրդին» ներկայացրել էր մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը՝ հավելելով, որ այսուհետ ՀՀ հակառակորդը ոչ միայն Ադրբեջանն է, այլև Թուրքիան, և որ Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել այդ պետությունների համահավաք ներուժին։ ԳՇ պետն անհրաժեշտ էր համարել ՀՀ քաղաքական ու դիվանագիտական ներուժն ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե հետաձգելուն։ ՀՀ «վարչապետ» Նիկոլ Փաշինյանը, կարծես, պարզապես անտեսել է պատերազմից առաջ Ադրբեջանի ռազմական ներուժի, ՀՀ-ին սպառնացող վտանգի մասին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախազգուշացումը։
Ինչևէ, 2020 թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանա-թուրքական կողմի հարձակմամբ սկսվեց պատերազմը, որն ընթանում էր ծանր պայմաններում։ Թեև, այժմ հայտնի փաստերի համաձայն, ռազմաճակատի մի շարք հատվածներում հայկական զորքերը թշնամուն հասցնում էին ծանր հարվածներ, հաջողությամբ պաշտպանում իրենց դիրքերը, իսկ որոշ դեպքերում՝ բարելավում զբաղեցրած դիրքերը, նույնիսկ՝ առաջ շարժվում, այնուամենայնիվ, Հայկական բանակի դրությունն, ընդհանուր առմամբ, ծանր էր։
Ինչո՞ւ պատերազմը չդադարեցվեց նոյեմբերի 9-ից շատ ավելի վաղ։ Արդյո՞ք պատերազմը դադարեցնելու անհրաժեշտության մասին երկրի քաղաքական ղեկավարությանը զգուշացվել է։ Պարզվում է՝ այո, այդպիսի զգուշացում եղել է, այն էլ՝ բավական ծանրակշիռ։ Պատերազմի չորրորդ օրը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը «Անվտանգության խորհրդի» նիստում տեղեկացրել է հայկական զինված ուժերի կորուստների մասին և տվել գնահատական՝ «նշելով, որ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում՝ այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն, և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում» հայկական կողմը կունենա «բանակցային գործընթացի ավելի ոչ բարենպաստ պայմաններ»։ Հաշվի առնվե՞ց այդ զեկույցը, թե՞ ոչ։ Արդեն իսկ հայտնի դարձած փաստերն ու վկայությունները խոսում են այն մասին, որ թե´ այդ նախազգուշացումը, թե´ պատերազմի օրերին «վարչապետի» հետ հանդիպած ՀՀ քաղաքական ուժերի ներկայացուցիչների մտահոգություններն ու պատերազմը դադարեցնելու մասին առաջարկություններն անտեսվել կամ անուշադրության են մատնվել։ Պատերազմը սկսվելուց մի քանի օր անց «վարչապետը» հրապարակավ հայտնեց, որ ինքը մերժում է Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի օգնությանը դիմելու առաջարկությունները, և որ ինքը դրա կարիքը չի տեսնում։
Արդյոք պատերազմը դադարեցնելու հնարավորություն եղե՞լ է։ Պարզվում է՝ այո, եղել է, այն էլ այնպիսի հնարավորություն, որը միանշանակ թույլ էր տալիս խուսափել ՀՀ-ի ու Արցախի կապիտուլյացիայից, մեզ պարտադրված ծանր ու նվաստացուցիչ պայմաններից։ Նոյեմբերի 17-ին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ «հոկտեմբերի 19-ին, 20-ին ինքը հեռախոսային բանակցություններ է ունեցել ինչպես նախագահ Ալիևի, այնպես էլ վարչապետ Փաշինյանի հետ։ Եվ այն ժամանակ Ադրբեջանի ռազմական ուժերն իրենց էին վերադարձրել հսկողությունը Ղարաբաղի աննշան հատվածում՝ Ղարաբաղի հարավում։ Ընդհանուր առմամբ, ինձ հաջողվեց համոզել Ալիևին, որ կարելի է դադարեցնել ռազմական գործողությունները, որին ի պատասխան նա, որպես պարտադիր պայման, առաջարկեց փախստականների վերադարձը, այդ թվում՝ և Շուշի, քաղաք Շուշի։ Բայց ինձ համար անսպասելիորեն մեր հայ գործընկերների դիրքորոշումը ձևակերպվեց այնպես, որ դա իրենց համար անընդունելի է։ Փաշինյանն ինձ ուղղակի ասաց, որ դրանում Հայաստանի և Ղարաբաղի շահերի համար տեսնում է վտանգ։ Ինձ այժմ էլ այդքան հասկանալի չէ, թե այդ վտանգն ինչում կարող էր լինել՝ նկատի ունենալով այն, որ ենթադրվում էր խաղաղ քաղաքացիների վերադարձ՝ հայկական կողմի հսկողությունը պահպանելով Ղարաբաղի այդ հատվածի, ներառյալ՝ Շուշիի նկատմամբ, և նկատի ունենալով մեր խաղաղապահների առկայությունը, որի մասին արդեն այդ ժամանակ պայմանավորվել էինք և´ Հայաստանի, և´ Ադրբեջանի հետ»։
Նախքան հիմնական շարադրանքին վերադառնալը նշենք, որ, մեր կարծիքով, ՌԴ նախագահն ամենևին էլ պատահական չէ, որ հայկական գործընկերներ (армянских коллег) բառակապակցության փոխարեն սկզբնապես արտաբերեց ամերիկյան գործընկերներ (американских коллег) արտահայտությունը։ Կարծում եմ՝ սա հերթական ուղերձն է մեզ, նախևառաջ «վարչապետին»՝ գործել այլոց թելադրանքից անկախ։
Ինչո՞ւ «վարչապետ» Փաշինյանը, լավ իմանալով հանդերձ ՀՀ-ի և Արցախի ծանր, անհուսալի ռազմական դրության մասին, մերժեց ՀՀ ստրատեգիական դաշնակից Ռուսաստանի Դաշնության նախագահի առաջարկությունը։ Չէ՞ որ, ինչպես տեսանք, պատերազմի սկզբից չորս օր անց նրան զեկուցել էին, որ պատերազմի յուրաքանչյուր օրը բարդացնելու է Հայոց դրությունը և թուլացնելու ՀՀ բանակցային դիրքերը։ Իսկ ՌԴ նախագահի առաջարկությունը կատարվել է պատերազմի 24-րդ օրը։ Այսինքն՝ դրությունը բավական ծանրացել էր, որի մասին նա չէր կարող տեղյակ չլինել։ Ինչպե՞ս կարելի էր շարունակել անհաջողության դատապարտված պատերազմը և անխուսափելի մահվան, գերության կամ անհայտության ուղարկել հազարավոր հայորդիների: Ինչպե՞ս կարելի էր ՀՀ-ն և Արցախը հասցնել կապիտուլյացիայի և թշնամուն զիջել այնպիսի տարածքներ, ինչպիսիք են Շուշի քաղաքը, Շուշիի, Հադրութի, Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի շրջանների մի մասը, որոնց նկատմամբ թշնամին 1994 թ. զինադադարից ի վեր՝ մինչև առնվազն հոկտեմբերի 20-ը, նույնիսկ հավակնություններ չէր ներկայացրել: Ինչպե՞ս կարելի էր թշնամուն միակողմանի զիջել կոմունիկացիաներ ՀՀ տարածքով, որոնք նրան հնարավորություն կտան կապելու Նախիջևանը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ, գուցե և ՀՀ նկատմամբ տարածքային հավակնությունների հող կստեղծեն: Ինչպես տեսանք ՌԴ նախագահի՝ վերը ներկայացված խոսքից, այդ ժամանակ թշնամու ախորժակը կարելի էր սահմանափակել, թշնամին, փաստորեն, պատրաստ էր դադարեցնել պատերազմը, քանզի հանդիպում էր Հայոց բանակի համառ դիմադրությանը և հսկայական կորուստների գնով արձանագրել էր աննշան հաջողություններ։ Սակայն ՀՀ «հպարտ» «վարչապետը» մերժեց նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտից անհամեմատ նպաստավոր զիջումների գնով պատերազմը դադարեցնելու՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի առաջարկությունը և ՀՀ-ն ու Արցախը հասցրեց լիակատար կապիտուլյացիայի։
Պատկերն ամբողջացնելու նպատակով անդրադառնանք Շուշիի և ռազմավարական մի շարք այլ տարածքների, ճանապարհների ու վայրերի ճակատագրին։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ Հայոց բանակը կարող էր թշնամուն ջախջախել, առնվազն երկարատև և ուժասպառ անող դիմադրություն ցույց տալ Շուշի տանող «Դժոխքի» կիրճում, բուն Շուշիում, Քարինտակում, մինչև Քարիտակ ձգվող լեռնային նեղ կածաններում, նույնիսկ՝ Հադրութում, սակայն անհասկանալի պատճառներով դա տեղի չունեցավ։ Ինչպես նոյեմբերի 18-ին նշել է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը, Շուշիի հանձնման հարցն իր համար էլ է մութ։ Նա նոյեմբերի 6-7-ի դրությամբ Շուշիում նահանջող զինվորներ չի տեսել, չի տեսել նաև, որ պահեստազորը փախչի, հակառակը՝ բոլորն էլ ոգևորված էին։ Նա նաև նշում է, որ Քարինտակը պետք է, որ լավ պաշտպանված լիներ, որ Քարինտակից Շուշի ձգվող «ծիրի» հատվածում այդ օրը ոչնչացվել է թշնամու 300-400 զինվորական։ Ռուս ռազմական լրագրող, Wargonzo նախագծի հեղինակ, ռազմական գործողությունների կիզակետում գտնված Պեգովը ևս նշում է, որ Շուշիի անկումը ռազմական գործողության արդյունք չէր, այլ քաղաքական։ Նա նշում է, որ նոյեմբերի 9-ին Շուշիում գտնվող Արցախի բանակի շուրջ 200 զինվոր նույնիսկ պատրաստ էր հարձակվել թշնամու վրա, իսկ մի քանի 100-ն էլ պատրաստ էին դրսից օգնության շարժվել Շուշիի պաշտպաններին, սակայն նոյեմբերի 9-ի առավոտյան ժամը 5-ին մի ինչ-որ հրաման ի չիք դարձրեց հայկական կողմի այդ ձգտումը։ Արշավիր Ղարամյանի վկայությունն էլ խոսում է այն մասին, որ Բերձորում կազմավորված օպերատիվ զորախումբը նոյեմբերի 7-ին և 8-ին Շուշի-Լիսագոր շրջանում հաջող կռիվներ է մղել թշնամու դեմ և նրան պատճառել մեծ կորուստներ, այնուհետև որոշել է նոյեմբերի 9-ի առավոտյան գրոհել Շուշի-Քարինտակ խաչմերուկի ուղղությամբ և թշնամու առաջապահ ուժերը կտրել հիմնական ուժերից։ Այդ զորախումբը նոյեմբերի 9-ի կեսօրից հետո ծանր հարված է հասցնում Քարինտակ-Զարուսլու գծով հարձակվող թշնամուն՝ որոշում կայացնելով նոյեմբերի 10-ի առավոտյան զարգացնել գրոհը Շուշի-Քարինտակի խաչմերուկ ուղղությամբ։ Սակայն կասկածելի հանգամանքների պատճառով բանը դրան չհասավ։
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ հայկական «Իսկանդեր»-ները չհարվածեցին, ինչո՞ւ չպայթեցվեցին Բաքու-Ջեյհան նավթամուղը, Մինգեչաուրի ջրամբարն ու ՋԷԿ-ը, չէ՞ որ դրանք հսկայական վնաս կպատճառեին Ադրբեջանին և կատարյալ խուճապ կառաջացնեին այնտեղ ու մեծապես կթեթևացնեին մեր դրությունը, գուցե և հաղթանակի հնարավորություն կընձեռեին։ Ինչո՞ւ հայկական նորագույն ռազմական ինքնաթիռները հրթիռներ չունեին։ Իհարկե, Շուշիի անկման կամ դավաճանական հանձնման, հայկական մի շարք այլ տարածքների հանձնման մշուշապատ պատմությունները, հայկական զորամասերին տրված նահանջի կամ հարձակումը կանխող անհասկանալի հրամանների արդարացվածությունը, առհասարակ պատերազմական գործողությունները և դրանց առնչվող բոլոր խնդիրները հատուկ քննության կարիք ունեն:
Գուցե նույնիսկ նոյեմբերի 9-ին կապիտուլյացիայի անհրաժեշտություն չկար։
Հայ ժողովրդին պատուհասած արհավիրքի ահագնությունը, բնույթը, չափը, հնարավոր ծանրագույն հետևանքները թույլ են տալիս մտածել, որ կապիտուլյացիայի ակտը ստորագրած գործչի մնալը ՀՀ «վարչապետի» (որին աջակցում կամ առնվազն չի ընդդիմանում ՀՀ իշխանության օրենսդիր ու գործադիր բարձրագույն, ինչպես նաև տեղական մարմիններում գերիշխող նրա քաղաքական թիմը) պաշտոնում կարող է նորանոր կորուստների, զրկանքների ու ողբերգությունների տեղիք տալ։ Սարսափելի է ասելը, բայց կարող է վտանգվել նույնիսկ Հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը և Հայոց պետականությունը։ Փաստացիորեն անընդունակ, ձախողված, պարտված ու հեղինակազրկված, տիրապետող կարծիքի համաձայն՝ ՀՀ-ին և Արցախին, Հայ ժողովրդին դավաճանած «վարչապետի»՝ օր առաջ հեռանալն իր պաշտոնից ՀՀ-ի և Արցախի, բովանդակ Հայ ժողովրդի անվտանգության համար գոյապահպանական անհրաժեշտություն է։ Ի՞նչ երաշխիք, որ նա ՀՀ-ին, Արցախի Հանրապետությանը, Հայ ժողովրդին չի պատճառի նոր, այլևս անդառնալի, կործանարար աղետներ։ Ի՞նչ երաշխիք, որ հաջորդ զոհը, տարածքը, որը կհանձնվի Ադրբեջանին, չի լինելու Սյունիքը, հատկապես, որ նոյեմբերի 9-ից հետո ադրբեջանա-թուրքական ագրեսորները մտքներով անցած պահանջները ներկայացնում են հայերին և որևէ հակազդեցություն չեն ստանում «վարչապետի» ու նրա թիմի կողմից։ Հայկական «իշխանությունների» անտարբերության կամ անգործունակության պայմաններում ադրբեջանցիներն անարգել հայտնվում են նույնիսկ, այսպես կոչված, բուն Լեռնային Ղարաբաղի, այն է՝ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքի հայկական գյուղերում կամ հողատարածքներում, որոնք կապիտուլյացիայի ակտով չպետք է հանձնվեն նրանց, և պահանջներ են ներկայացնում մեր հայրենակիցներին, ծաղրուծանակի ենթարկում նրանց, փորձում առևանգել կամ սպանել Արցախի տարբեր բնակավայրերում ապրող մեր հայրենակիցներին։ Իսկ հայկական իշխանություն կոչվածները ոչ միայն չեն պաշտպանում հայ բնակիչներին, ոչ միայն բողոքի նոտա չեն ներկայացնում Ադրբեջանի իշխանություններին, այլև նույնիսկ չեն դիմում ռուս խաղաղապահների միջնորդությանը՝ գոնե ծանրագույն կապիտուլյացիայի պայմանները պահպանելու խնդրանքով։ Նոյեմբերի 20-ին ադրբեջանցիները հայ գյուղացիների համար լրիվ անսպասելի մտան աննվաճ մնացած Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղ։ Կարծես թե վտանգի տակ է Բերդաշենը. ինչ-որ ադրբեջանցիներ փորձում են իրենցով անել նրա հողատարածքները։
Նման ծանրագույն իրավիճակում ՀՀ փաստական միանձնյա ղեկավարը՝ «վարչապետը», ոչ միայն չի ընդունում իր մեղքը և չի պատրաստվում հեռանալ իշխանությունից, այլև փորձում է ամեն գնով, որքան էլ ցավալի լինի ասելը, նույնիսկ երկրի կործանման վտանգը հաշվի չառնելով, իր ձեռքում պահել այդ իշխանությունը։ Գործող «վարչապետը» կա՛մ բացարձակապես անկարող է իրականացնել երկրի ղեկավարումը, կա՛մ էլ, ըստ շրջանառվող լուրերի, դա միտումնավոր չի անում։ Առանց հիմնավորման նույնիսկ նախարարներ են ազատվում պաշտոնից կամ ընդունվում են նրանց հրաժարականները։ Հրաժարական տված նախարարն առանց որևէ հիմնավորման նշանակվում է «վարչապետի» գլխավոր խորհրդական։ Ժողովրդից թաքուն կապիտուլյացիայի ակտ ստորագրած անձը գաղտնի օրակարգերով, առանց որևէ պարզաբանման բանակցություններ է վարում այլ երկրների հետ։ Կրած դառնագին անհաջողության համար «վարչապետն» առ այսօր ներողություն չի խնդրել Հայ ժողովրդից և չի ներկայացրել անհաջողության պատճառների մասին բովանդակալից հաշվետվություն, չի ներկայացրել իրավիճակի հաղթահարման հիմնավորված ծրագիր։ Կարծես թե իր անվտանգությունն Արցախի անվտանգությունից ավելի կարևորող և դրա համար հսկայական ռեսուրսներ ներգրավող վարչապետի պաշտոնը մի կերպ պահող անձնավորությունը մեղադրում է բոլորին, բացի իրենից, մեղադրում է նույնիսկ տասնապատիկ անգամ լավ զինված թշնամու դեմ հերոսաբար պատերազմած սրբության սրբոց Հայկական բանակին՝ զինվորներին, սպաներին, պահեստազորին ու կամավորներին, Հայ ժողովրդին, մեր Սուրբ նահատակներին։ Այնինչ՝ ակնհայտ է, որ սին են կապիտուլյացիոն ակտը հայկական զինված ուժերի վրա գցելու փորձերը։ Ռազմական ու պետական գործիչների, հայ և օտար փորձագետների, պատերազմի մասնակիցների բազում վկայությունների համաձայն՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված և մինչև նոյեմբերի 9-ը տևած պատերազմում անհավասար պայմաններում գտնվող Հայոց բանակը թեև թշնամուն հարկադրված զիջել է տարածքներ, կռվել է անձնուրացաբար, հերոսաբար, ցուցաբերել է բարձր պրոֆեսիոնալիզմ։ Այս առումով երկու կարծիք չի կարող լինել։ Անշուշտ, եղել են անցանկալի երևույթներ՝ ռազմաճակատ գնալուց հրաժարվելու, ռազմաճակատից հեռանալու կամ փախչելու դեպքեր, սակայն, ինչպես հետևում է բազում վկայություններից, դրա պատճառը գլխավորապես եղել է պահեստազորից և կամավորականներից ջոկատների ձևավորման, նրանց ռազմաճակատ ուղարկելու գործի ոչ պատշաճ կազմակերպումը, նրանց թերի սպառազինումը։ Կռվողների մի զգալի մասը նույնիսկ զրահաբաճկոններ չի ունեցել։ Իսկ ո՞վ է այդ ամենի մեղավորը՝ շարքային զինվորակա՞նը, շարքային քաղաքացի՞ն, թե՞ երկրի ղեկավարը՝ իր թիմով։ Իհարկե, երկրի ղեկավարը։
Դրաման խորանում է բոլոր ուղղություններով։ Համազգային այս ողբերգության օրերին շարունակվում է համազգային գաղափարների ու կառույցների արժեզրկումը։ Չգիտենք, թե ինչ բարոյական իրավունքով է կառավարությունը «Հայաստան» համահայկական հիմադրամից վերցրել տասնյակմիլիոնավոր դոլարներ, ինչ բարոյական իրավունքով է շարունակում միլիոնավոր դրամների պարգևավճարներ հատկացնելու քաղաքականությունը, երբ երկիրը կանգնած է տնտեսական ու ֆինանսական աղետի եզրին։ Արցախի մեր տասնյակհազարավոր հայրենակիցներ զրկվել են իրենց տներից ու ապրուստի միջոցներից և մատնվել անտերության ու թշվառության՝ թե´ թշնամուն հանձնվող և թե´ չհանձնվող տարածքներում։ Կարծես թե բարձիթողի են մատնել անհայտ կորած ու գերի ընկած հայ զինվորների հարցերը, նրանց հարազատները։ Հետաքրքիր է՝ «վարչապետն» ու նրա թիմը մեկ անգամ գոնե հեռուստացույցով ուղիղ նայե՞լ են ողբերգություն ապրող մեր հայրենակիցների աչքերի մեջ, խղճի խայթ զգացե՞լ են։
Այսպիսով՝ «դավաճանած» կամ կապիտուլացված, ձախողված ու դիմազրկված «վարչապետը» պետք է օր առաջ հեռանա, որպեսզի հնարավոր լինի փրկել հայոց պետականությունը և դնել ապագայի հիմքերը դնել, որպեսզի հնարավոր լինի ժողովրդին փրկել նոր զրկանքներից ու զոհերից։ Դա անհրաժեշտ առաջին քայլն է մնացածը փրկելու համար։ Այնուհետև պետք է ստեղծել հայրենասեր ու պրոֆեսիոնալ մասնագետներից կազմված՝ Հայրենիքի փրկության կամ Ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն, որը՝
1) վերջ կտա ստրկական անձնատվությանը. անտարբերի, անճարի, ստրուկի և անմեղսունակի կեցվածքով չի դիտի մեր Հայրենիքի բզկտումն ու տասնյակհազարավոր հայրենակիցների ողբերգությունը,
2) կկարգավորի Ռուսաստանի հետ հարաբերությունները, նրա հետ կվերականգնի փոխադարձ հարգանքի ու վստահության մթնոլորտը, կհասնի նրա աջակցությանը և, անշուշտ, նրա օժանդակությամբ բանակցությունների ընթացքում կհասնի կապիտուլյացիոն ակտի անորոշ դրույթների հայանպաստ լուծմանը, որոշ տարածքների հանձնման գործընթացի հետաձգմանը,
3) արագորեն կվերակազմակերպի, կվերազինի ու կհզորացնի Հայոց բանակը, որպեսզի զսպի անհագ թշնամու զավթողական նկրտումները և ապրելու հնարավորություն տա մեր ժողովրդին,
4) կհզորացնի ազգային անվտանգության համակարգը,
5) արագորեն կվերականգնի տնտեսությունը, որը, անտերության մատնվելու պատճառով, մեր աչքերի առաջ սրընթացորեն գահավիժում է,
6) կխթանի կրթության ու գիտության զարգացումը,
7) կմշակի գերժամանակակից ռազմարդյունաբերության ստեղծման ծրագիր՝ մարդկային գործոնը ռազմադաշտում հնարավորինս բացառելու ուղղվածությամբ,
8) լուրջ քայլեր կձեռնարկի լրջորեն խախտված ազգային համերաշխությունը, հասարակական կայունությունը վերականգնելու համար,
9) կմշակի թշնամուն հանձնված Արցախ աշխարհի մեծ մասն օր առաջ Մայր Հայրենիքին վերադարձնելու ծրագիր և կդնի գործողության մեջ:
Անվիճելի է այն հանգամանքը, որ կապիտուլացված, առավել ևս՝ կապիտուլյացիայի հասցրած գործչի ու նրա թիմի հետ ոչ ոք հաշվի չի նստի ոչ միայն երկրի ներսում, այլև արտաքին աշխարհում։ Արցախյան խնդրի շուրջ բանակցությունների ընթացքում թե´ Ադրբեջանը, թե´ այլ երկրների ներկայացուցիչներն այլևս անդեմ «վարչապետի» հետ կխոսեն միայն վերջնագրերի լեզվով՝ ջանալով առավելագույնը պոկել ՀՀ-ից և Արցախ Հանրապետությունից:
Արմեն Ասրյան
պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ
Սկիզբը՝ այստեղ: