Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Շիրակի մարզում Արցախից ժամանակավոր ապաստան գտած ընտանիքները վերադառնում են իրենց տները: Նոյեմբերի 23-ին Գյումրիից երկրորդ խումբը մեկնեց Արցախ: Դեռ անցած շաբաթ 45 անձ էր մեկնել, իսկ նոյեմբերի 23-ին՝ ևս 57 քաղաքացի. այս մասին հայտնում է Yerkirmedia.am-ը:
Արցախ վերադառնալու ցանկություն հայտնում են ոչ միայն այն ընտանիքները, որոնց տները պահպանվել են, այլ նաև նրանք, ովքեր այլևս օթևան չունեն: Արևիկ Հակոբջանյանը Սղնախից է, հիմա ընտանիքի հետ մեկնում է Ստեփանակերտ: «Գնում ենք Ստեփանակերտ, այնտեղ կմնանք, կտեսնենք: Գնացողների հետ խոսել ենք, ասում են՝ նորմալ է,- նշում է տիկին Արևիկն ու ավելացնում,- չորս երեխայի հետ եմ գնում՝ դժվար կլինի, բայց մեր հողն այնտեղ է»:
Մայիլյանները Հադրութի Այգեստան գյուղից են: Իրենք ևս ցանկություն են հայտնել Արցախ վերադառնալ: «Լավ է լինելու, միայն թե նորից բռունցքվել է պետք ու մեր հողերը ետ բերել: Երկու կռվի մասնակցել եմ, այս մեկը լրիվ ուրիշ էր: Յոթ ազգ մեկ ազգի՝ հայի դեմ էր կռվում: Ինչ անենք, չկարողացանք հաղթել: Տունս ու տեղս լիքը՝ ստիպված թուրքին եմ թողել, բայց, ոչինչ, նորը կստեղծենք»,- ասում է Սպարտակ Մայիլյանը:
Հետագա օրերին ևս խմբեր կմեկնեն Արցախ: Պատասխանատուները վստահեցնում են՝ Արցախ մեկնելու ցանկություն հայտնած ընտանիքներ դեռ շատ կան: