կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-15 22:34
Արցախ

Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուս խաղաղապահների 18 դիտակետ

Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուս խաղաղապահների 18 դիտակետ

Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով՝ ռուսական խաղաղապահները Հարավային և Հյուսիսային պատասխանատվության գոտիներում տեղակայել են 18 դիտորդական կետեր։ ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ռազմատրանսպորտային ինքնաթիռներով շարունակվում է անձնակազմի, սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի փոխադրումը Հայաստան, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում շարունակվում է ռուսական խաղաղապահ զորակազմի հիմնական ուժերի օպերատիվ տեղակայումը։

«2020 թվականի նոյեմբերի 10-ից իրականացվել է ընդհանուր 118 չվերթ, այդ թվում ՝ վերջին մեկ օրվա ընթացքում 23 չվերթ։ Նոյեմբերի 10-ից Լաչինի միջանցքում 7 դիտորդական կետեր են տեղակայվել (Աղավնո, Լիսագոր, Զարիսլի ճանապարհահատվածի երկայնքով)։ Նոյեմբերի 14-ին 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումները ավարտել են «Հյուսիս» պատասխանատվության գոտում դիտակետերի տեղակայումը։

Ներկայում հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են 9 դիտակետերում Հարավային պատասխանատվության գոտում և 9 դիտակետերում Հյուսիսայինում պատասխանատվության գոտում»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ռուսական խաղաղապահ ուժերի կառավարումն իրականացվում է Ստեփանակերտում տեղակայված հրամանատարական կետից։ Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

«Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն ՝ Լեռնային Ղարաբաղում շարունակվում է զոհվածների դիերի փոխանակումը։ Այն անցկացվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ինչպես նաև Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգմամբ։ 

Հնարավոր միջադեպերի կանխման և ռուս զինծառայողների անվտանգության ապահովման նպատակով ուղիղ կապի միջոցով իրականացվում է շարունակական փոխգործակցություն Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում շարունակվում է ռուս խաղաղապահների զորակազմի տեղակայումը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։