կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-12 17:50
Տարածաշրջան

Ադրբեջանը հայտարարում է, որ ղարաբաղյան հարցը մեկընդմիշտ լուծվել է ու սկսել է Արցախի յուրացումը. իսկ ի՞նչ կարգավիճակ է ունենալու բզկտված Արցախը

Ադրբեջանը հայտարարում է, որ ղարաբաղյան հարցը մեկընդմիշտ լուծվել է ու սկսել է Արցախի յուրացումը. իսկ ի՞նչ կարգավիճակ է ունենալու բզկտված Արցախը

Նիկոլ Փաշինյանն այսօր հերթական անգամ ուղերձով դիմեց ժողովրդին՝ հերթական ոչինչ չասող ուղերձը։ Մարդիկ ակնկալում էին, որ երկրի ղեկավարը գոնե կանդրադառնա էական թեմաներին՝ Արցախի կարգավիճակին, Արցախից տարագիր դարձած հայության դաժան ճակատագրին, կբացատրի, թե կնքված խայտառակ փաստաթղթից հետո ինչպես է Արցախի հայությունը հանձնված տարածքներից ընդամենը մի քանի օրում կարողանալու դուրս բերել իր գույքն ու ունեցվածքը, կբացատրի, թե ինչ կարգավիճակ ունի Արցախը, արդյո՞ք ապահով  է վերադառնալ այն մի փոքր հողակտորը, որը չհանձնվեց թշնամուն, ինչպե՞ս և որտե՞ղ է ապրելու արդեն փախստական դարձած արցախահայությունը։

Սակայն, ինչպես արդեն սովոր ենք, հերթական դեմագոգ–պոպուլիստական ուղերձն էր, որի գլխավոր նպատակը ոչ թե Արցախի հետ կապված որևէ շոշափելի թեմայի մասին խոսելն էր, այլ երկրում ստեղծված ֆոնի պատճառով ահագնացող դժգոհության ալիքն ու իր հրաժարականի հասունացած պահանջը։

Ստեղծված իրավիճակի գլխավոր մեղավոր Փաշինյանը, որի 2.5 տարվա իշխանության ընթացքում Հայաստանը հեղինակազրկվեց, ոչնչացվեցին բանակցային գործընթացում ձեռք բերված թեկուզ նվազագույն  հաջողությունները, վատթարացան հարաբերությունները արտաքին ճակատում, մասնավորապես՝ մեր գլխավոր դաշնակից Ռուսաստանի հետ, տնտեսության խոստացված «բում»–ը չեղավ, հեղինակազրկվեցին բանակն ու ուժային կառույցները, կաթվածահար եղավ առողջապահական համակարգը, պարտվողական մտքերն ու սեփական մեղքերը բարդեց զինվորի և քաղաքացու վրա, տապալեց զորահավաքը, ստորագրեց հայոց պատմության ամենաամոթալի փաստաթղթերից մեկը, որով փաստացի հայաթափվեց (հայաթափվում է) Արցախը։

Մինչ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է կապիտուլյացիան ներկայացնել որպես հաղթանակ և աջուձախ մեղավորներ փնտրել՝ Ադրբեջանն արդեն սկսել է յուրացնել երբեք իրեն չպատկանած հողերը։

Շուշիում և Հադրութում սկսել է հնչել մուսուլմանական ազանը. անշուշտ սա հայերին գրգռելու համար է, քանզի Ադրբեջանում ազանը արգելված է և դժվար թե այդ տեսանյութերից հետո ոչ ձևական ազան հնչի։

Ադրբեջանական մամուլն արդեն գրում է, որ ադրբեջանական բջջային օպերատորների կապն արդեն հասանելի է հանձնված Շուշիում ու դեռևս անհայտ ճակատագրով մնացած Ստեփանակերտում, իսկ ցանցի անուն դրել են Qelebebizimdir՝  հաղթանակը մերն է։

Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբուլօղլուն ռուսական РБК-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ձեռք բերված փաստաթուղթը ո՛չ ստատուս քվո է, ո՛չ էլ զինադադար, այլ ղարաբաղյան հարցի վերջնական լուծում, և Բաքուն այլևս նման խնդիր չունի, ու հայկական ուժերի՝ Արցախից դուրս բերումով «վերջ է դրվում ադրբեջանական տարածքների օկուպացմանը»։

Բյուլբուլօղլուն նաև հայտարարել է, որ Ադրբեջանի «տարածքում» հայերը կարող են հանգիստ ապրել, սակայն ցանկացած անջատողականություն կճնշվի ադրբեջանական իշխանությունների կողմից և նրանք (հայերը) պետք է ենթարկվեն ադրբեջանական օրենքին։

Ադրբեջանցի պատգամավոր Վահիդ Ահմեդովն հայտարարել է, որ Մարտունին, Ստեփանակերտն ու Իվանյանը (կիրառել է դրանց ադրբեջանական անվանումները) ադրբեջանական են և շարունակելու են մնալ Ադրբեջանի կազմում: «Նախագահը (Ալիևը) այդ շրջաններում կնշանակի գործադիր ղեկավարներ, դատախազներ և ոստիկանություն։ Իսկ հայերին, որոնք ապրում են այդտեղ, կտրվեն ադրբեջանական անձնագրեր»,– նշել է նա։

Փաստորեն, նույնիսկ այն տարածքը, որը մնացել է նախապատերազմյան Արցախից և այնտեղ տեղակայվել են ռուսական զորքեր, ադրբեջանցիները վերջնականապես համարում են իրենցը, ինչը, ըստ նրանց, քննարկման առարկա չէ այլևս։

Իսկ որտե՞ղ է այս հարցում հայկական դիրքորոշումը, ինչպե՞ս է հայկական կողմը տեսնում ծվատված Արցախի ապագան։ Այս հարցն արդեն դժվար թե մտահոգի «թավշյա վարչապետին», որը մտածում է միայն սեփական աթոռին մնալու մասին, որը դարձյալ լծվել է ֆեյքերի միջոցով հանրությունը պառակտելու գործին, սկսել է արդարանալ, որ եթե չստորագրվեր այդ խայտառակությունը, ավելի շատ զոհեր ու կորուստներ կունենայինք:

Իշխանական քարոզչամեքենան սկսել է ընդդիմախոսներին մեղադրել, որ՝ եթե կարողանում էիք այսքան մարդկանցով հավաքվել և ցույց անել, ինչո՞ւ Շուշիի մատույցներում չէիք, ինչո՞ւ սահմաններին չէիք, պահանջում են, որ ցուցարաները տուն գնան՝ մոռանալով, որ ցուցարարներից շատերի տունն Արցախում էր։

Դարձյալ մեղադրում են ՀՅԴ–ին, մեղադրում են սահման չգնալու համար, մոռանում են այն մի քանի հարյուր դաշնակցականների մասին, որոնք առաջին իսկ օրվանից Արցախում էին, զոհվում էին, դիրքեր էին հետ բերում, օրինակ՝ Վարնկաթաղ բլրի, որն ուներ ռազմավարական մեծ նշանակություն, մոռանում այն մի քանի տասնյակ նահատակների մասին, որոնք ընկան հանուն Արցախի ապագայի (կներեք, ՏՂԵ՛ՐՔ)։

Մենք միշտ երազում և խոսում էինք Արևմտյան Հայաստանը հետ բերելու մասին՝ չհասկանալով, որ «Արևմտյան Հայաստան» ենք դարձնում Արցախը, որին ստիպված կլինենք հեռվից սիրել, ստիպված կլինենք նայել այնտեղ մեր քաղաքակրթության պղծմանն ու ոչնչացմանը։

Երբեք ստորացուցիչ չէ ներողություն խնդրելը սեփական ազգից, ստորացուցիչ չէ սեփական սխալները ընդունելը, հասկանալը, որ տապալել ես քո քվեն, հասկանալը, որ 2.5 տարում ոչ մի հայանպաստ գործ չի կատարվել։ Փողոցում կանգնածը քո թշնամին չէ, քաղաքական հակառակորդը՝ գուցե, բայց ոչ երբեք՝ քո թշնամին, փողոցում կանգնածը սեփական հողերը հետ ցանկացողն է, իրեն հայրենազրկելու համար պատասխան պահանջողը։

Այլևս պետք է պատասխանել հարցերին, պետք է վերցնել պատասխանատվությունը կատարվածի համար, պետք է արդեն, իրոք, «խոսել ժողովրդի հետ»։ Վաղն արդեն ուշ կլինի։


Ա. Եղիազարյան