կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-18 13:42
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախը փակ էջ է Ադրբեջանի համար, իսկ մեր խնդիրն է՝ օգնել ադրբեջանցիներին՝ մեկընդմիշտ մոռանալ Արցախը. Գրիգորի Այվազյան

Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի Արցախում կրքեր բորբոքի, լարվածություն առաջացնի, և փորձում է իր ունեցած արհեստական լծակներով որոշակի լարվածություն առաջացնի ՀՀ ղեկավարության և Արցախի ղեկավարության միջև. այս մասին այսօր հայտարարեց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը՝ ընդգծելով, որ Արցախում նախընտրական քարոզարշավն անցավ հանդարտ պայմաններում, և Ադրբեջանի բաղձալի նպատակները այս ուղղությամբ դժվար թե իրականանան:

Ըստ Այվազյանի՝ Ադրբեջանի համար այդպես էլ անկատար երազանք կմնա միակողմանի զիջումներ անելու ծրագիրը՝ անկախ այն բանից, թե Արցախում ով կգա իշխանության:

«Նրանք, ովքեր կարծում են, որ Արցախում որոշ զարգացումները կբերեն ՀՀ-Արցախ հարաբերությունների բարդացման, պետք է հիասթափված լինեն: Ով էլ ընտրվի, ՀՀ-ն ու Արցախը կարևոր հիմնախնդիրների շուրջ կաշխատեն նույն ուղղությամբ», - ասաց նա:

Այվազյանը նշեց, որ այս ուղղությամբ Ադրբեջանի բռնապետի դժգոհությունները բերեցին մի կողմից այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» գործոնի կենդանացմանը, մյուս կողմից Ալիևը երկրի Միլլի Մեջլիսի ամբիոնից հայատյացություն քարոզեց հայ ժողովրդի, հայկական պետականության դեմ, ինչը բավական կոշտ արձագանքի արժանացավ մեր ԱԳՆ-ի կողմից, որը հիմնականում կառուցողական  է տրամադրված Ադրբեջանի նկատմամբ:

Ադրբեջանագետը տարակուսելի համարեց այն, որ միջազգային հանրության ներկայացուցիչները հանդիպումներ են ունենում այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչների հետ: Այդ կառույցի ղեկավարի հանդիպումը  Մեծ Բրիտանիայի դեսպանի, դրանից առաջ Անջեյ Կասպշիկի (ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ), ԱՄՆ դեսպանի հետ հանդիպումները, ըստ Այվազյանի, կազմակերպվել են ադրբեջանական իշխանությունների կողմից. «Համապատասխան միջազգային կառույցների և դեսպանատների կողմից սա հակազդեցության չարժանացավ, և փաստացի, նրանք գնացել են Բաքվի ֆաշիստական ռեժիմի հետ համագործակցության», - նշեց նա:

Գրիգորի Այվազյանը դապարատեց այս կառույցների ադրբեջանամետ դիրքորոշումը և նշեց՝ վաղուց սպասում են, որ այս կառույցները հանդիպումներ ունենան նաև ադրբեջանահայերի հետ, ինչը, սակայն, չի նախաձեռնվել՝ անպատասխան թողնելով հայերի դիմումները:

«Մտահոգիչ է, երբ Սիրիայում վերջին շրջանում ռուս-թուրքական սրացումից հետո Թուրքիայի բռնապետը այցելեց Բաքու և պայմանավորվածություններ ձեռք բերվեցին այնտեղ: Թուրքիան փորձում է գործադրել նաև ղարաբաղյան քարտը, և ակնկալում են ռուսական կողմից որոշակի զիջումներ», - ընգծեց Այվազյանը:

Ադրբեջանագետը նկատեց, որ երբ մենք խոսում էինք Սումգայիթի կամ Բաքվի ցեղասպանության մասին, Ադրբեջանում խուճապ էր առաջանում, և այդ խուճապը մեղմելու համար նրանք հորինել են տարվա մեջ երեք ցեղասպանություն. «Ադրբեջանի ղեկավարի հոխորտանքները միայն ներքին լսարանի համար չեն, և դա ապացուցեց Մյունխենյան հանդիպումը, երբ հանդգնեց համաշխարհային հանրության դիմաց ասել, որ ադրբեջանցիները Երևանի բնակչության 90 տոկոսն էին կազմում ժամանակին՝ այն դեպքում, երբ Անդրկովկասում Ադրբեջան պետություն չկար, իսկ ադրբեջանցի եզրույթը մտցվեց 1938 թ»:

Ըստ Գրիգորի Այվազյանի՝ երբ Ալիևը բարձրացնում է Ադրբեջանի հետագա կառուցվածքի և ճակատագրի խնդիրը, պետք է մտածի, որ ապագայում Ադրբեջանը լինելու է հայկական, թուրքական և այն ժողողվուրդների համադաշնային պետություն, որի մեջ չի մտնում Արցախը: 

«Արցախը փակ էջ է Ադրբեջանի համար, իսկ մեր խնդիրն է՝ օգնել ադրբեջանցիներին՝ մեկընդմիշտ մոռանալ Արցախը», - եզրափակեց Գ. Ազվազյանը: