Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
17 կուսակցությունների խորհուրդն 2020 թ. նոյեմբերի 11-ին, ժամը 13-ին Երևանի Ազատության հրապարակում հրավիրել է համապետական հանրահավաք: Վերազանցելով իր լիազորությունները՝ ՀՀ ոստիկանությունը հայտարարել է, որ ռազմական դրության պայմաններում արգելվում են հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելը, անցկացնելն ու մասնակցելը։ Ըստ այդմ, հորդորել է զերծ մնալ հավաքներ և հանրային միջոցառումներ կազմակերպելուց, անցկացնելուց և դրանց մասնակցելուց։
Օրինակա՞ն է, արդյոք, ՀՀ ոստիկանության այս պահանջը. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը խնդրի առնչությամբ Yerkir.am-ին ներկայացրեց հետևյալը. «Արձանագրում ենք, որ ոստիկանությունն այս հայտարարությամբ ոչ միայն փորձում է անհամաչափորեն սահմանափակել քաղաքացիների իրավունքները, այլ նաև խախտում է ՀՀ Սահմանադրության և «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով երաշխավորված հավաքների ազատության քաղաքացիների իրավունքը: Մասնավորապես՝ Սահմանադրության 44-րդ հոդվածի համաձայն, յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք: Այս իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով: «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի որևէ դրույթ չի նախատեսում 2020 թ. նոյեմբերի 11-ին հրավիրված խաղաղ հանրավաքին մասնակցելու արգելք»:
Ոստիկանության այն հիմնավորման առիթով, թե իբր 2020 թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության որոշմամբ երկրում հայտարարվել է ռազմական դրություն և դրանով իսկ արգելվել է հավաքներ անցկացնելը կամ մասնակցելը, Ա. Մինասյանը նշեց. «Սահմանադրության 76-րդ հոդվածը, որը նախատեսում է քաղաքացիների հիմնական իրավունքների՝ արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ սահմանափակումներ, հստակ ամրագրել է, որ նույն հոդվածով նախատեսված բացառություններից զատ մյուս իրավունքները, այդ թվում՝ հավաքների ազատությունը կարող է օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցվել կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկվել միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը` արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնված միջազգային պարտավորությունների շրջանակներում: Հավաքների ազատության սահմանափակման, այլ ոչ թե արգելման համանման նորմ սահմանված է նաև «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով: Այսինքն խոսք չի կարող լինել հավաք անցկացնելու կամ դրան մասնակցելու արգելքի մասին: Երկրորդ՝ Ոստիկանության կողմից վկայակոչված՝ կառավարության որոշմամբ նախատեսված հավաքների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցության արգելքը ոչ միայն չի համապատասխանում վերը նշված օրենսդրական պահանջներին, այլ նաև, ըստ էության չկան այն հիմքերը, որոնց առկայությամբ երկրում մտցվել էր ռազմական դրություն: Այսինքն, ՀՀ կառավարությունը կարող էր վերացնել ս.թ. սեպտեմբերի 27-ից երկրում մտցված ռազմական դրությունը: Մինչդեռ կառավարության անգործությունը վկայակոչելով՝ Ոստիկանությունը փորձում է չհիմնավորված սահմանափակել քաղաքացիների՝ հավաքների ազատության իրավունքը»:
Ստացվում է, որ որդեգրված քաղաքականությամբ՝ ՀՀ կառավարությունը և վարչապետին ենթական ՀՀ ոստիկանությունը փորձում են ոչ իրավաչափորեն արգելափակել ՀՀ քաղաքացիների՝ իշխանություններին պահանջներ ներկայացնելու համար հրավիրված խաղաղ և սահմանադրությամբ երաշխավորված՝ հավաքների ազատության իրավունքը:
Ա. Մինասյանը դատապարտում է այս գործելաոճը՝ ոստիկանությունից պահանջելով պահպանել ՀՀ գործող օրենսդրությունը և հորդորելով վերջինիս՝ առաջնորդվել Սահմանադրությամբ և «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածով նախատեսված ոստիկանության համար սահմանված պարտականությամբ, որի համաձայն ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում պարտավոր է աջակցել խաղաղ բնույթ նախատեսող, շտապ հավաքին։
«Ըստ այդմ, ևս մեկ անգամ վերահաստատում ենք ս.թ. նոյեմբերի 11-ին, ժամը 13-ին Երևանի Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մեր օրինական որոշման մասին և ՀՀ բոլոր քաղաքացիներին հրավիրում ենք մասնակցել այդ հավաքին»,- եզրափակեց ՀՅԴ ՀԳՄ անդամը: