կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-30 19:08
Քաղաքական

ՀԱԿ հերթական հանրահավաքն սկսվեց

ՀԱԿ հերթական հանրահավաքն սկսվեց

Րոպեներ առաջ մեկնարկեց Հայ ազգային կոնգրեսի հերթական հանրահավաքը:

 

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը ցուցադրեց կոալիցիոն կուսակցությունների անդամատոմսերով լի` այս անգամ էլ 8 կգ քաշով տոպրակը: Նա հավաստիացրեց, որ այդտեղ գերակշռում են ՀՀԿ-ի անդամատոմսերը, որոնց վրա կան Անդրանիկ Մարգարյանի եւ Սերժ Սարգսյանի ստորագրությունները:

 

Արամ Մանուկյանը խորհուրդ տվեց բոլոր ազնիվ ՀՀ քաղաքացիներին` հանձնել իրենց անդամատոմսերը:

 

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն իր ելույթում դարձյալ մեղադրեց ոստիկանությանն ու ազգային անվտանգությանը` մարզերից հանրահավաք գալ ցանկացողներին ահաբեկելու համար. «Դա շարունակվում է արդեն  3 ու կես տարի, եւ սա լավագույն ապացույցն է այն բանի, որ այս իշխանությունները լեգիտիմ չեն: Նշանակում է` այս իշխանությունը սարսափում է սեփական ժողովրդից»:

 

Նա հիշեցրեց, որ ՀԱԿ-ն իր ձեւավորման սկզբում ճանապարհային քարտեզ է ներկայացրել, եւ հիմա ժամանակն է, որպեսզի իրականացվի այդ քարտեզի  ամենակարեւոր հատվածը: «Վերջնաժամկետն ավարտվել է, եւ մենք սպասելու ոչինչ չունենք, մեր առաջնային նպատակը դառնում է Հայաստանում շուտափույթ կերպով լեգիտիմ իշխանության ձեւավորումը»,- ասաց նա:

 

ՀԱԿ համակարգողը կոչ արեց մի կողմ դնել քաղաքական հակասությունները եւ միանալ Ազատության հրապարակում հավաքված ժողովրդին` անգամ եթե չեն համակրում Հայ ազգային կոնգրեսին: Կոչ արեց միանալ հանրահավաքին` պատմական այս գործընթացին մասնակից դառնալու համար:

 

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը հայտարարեց, թե ՀԱԿ-ի եւ իշխանությունների միջեւ տեղի ունեցող երկխոսությունը փաստացի դադարեցվել է: «Այս իշխանությունները սարսափում են արտահերթ ընտրությունների գաղափարից անգամ, քանի որ դրանք քաղաքական սուբյեկտների համար հավասար հնարավորություն են ստեղծում, ինչն էլ իրենց համար պարտություն, մահ կլինի»,- ասաց նա:

 

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն էլ համոզված է` Հայաստանում պետք է փոխվի իշխանության որակը, իրականացվող քաղաքականությունը եւ իշխանության  վերաբերմունքը ժողովրդի հանդեպ:

 

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե 20 տարի հետո մենք ունենալու ենք ավելի հզոր Հայաստան` Ստեփան Դեմիրճյանը նշեց, որ այսպես շարունակվելու դեպքում  20 տարի հետո ունենալու ենք 100 անգամ ավելի հարստացած մի քանի մարդ եւ դատարկված երկիր: «Այսօր  բոլորն են գիտակցում, որ այսպես շարունակել չի կարելի, եւ փոփոխություններն անխուսափելի են: Կա հասարակական պահանջ` պահանջում է ամբողջ հայ ժողովուրդը, մեր ժողովուրդը ձգտում է ապրել ժողովրդավարական երկրում»,- հայտարարեց Ստեփան Դեմիրճյանը: