կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-06 21:46
Քաղաքական

Հորդորում եմ բոլորին՝ անհապաղ պայքարել բուհական համակարգը քայքայող այս նոր օրենքի դեմ. բժշկ. գ.դ., պրոֆեսոր Գ. Հակոբյան

Հորդորում եմ բոլորին՝ անհապաղ պայքարել  բուհական համակարգը քայքայող այս նոր օրենքի դեմ. բժշկ. գ.դ., պրոֆեսոր Գ. Հակոբյան
ԵՊԲՀ-ի վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի վարիչ, Ռուսաստանի Դաշնության Բժշկա-Տեխնիկական Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս, Ակադեմիայի Հայասատանի մասնաճյուղի գիտական ղեկավար, Միջազգային Ստոմատոլոգիական Ակադեմիայի անդամ, Դիմածոնտային Վիրաբույժների Եվրոպական Ասոցիացիայի անդամ, ՀՍԱ-ի վիրաբուժական ստոմատոլոգիայի սեկցիայի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հակոբյանը գրում է.

«Հարգարժան գործընկերներ,սիրելի ուսանողներ, գիտական հասարակության ներկայացուցիչներ, մտավորականներ: Պետական կառավարման բոլոր ոլորտներում համատարած ձախողումներ արձանագրած ներկա վարչակազմը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին որոշման նախագիծը կառավարության որոշմամբ հապճեպ կարգով ուղարկել է ԱԺ։
 
Ներկա քաղաքական տնտեսական ճգնաժամի պայմաններում առանց վերջնական քննարկումների, այս օրենքը հրատապ ընդունելու անհրաժեշտություն չունի և ունի բազմաթիվ խնդրահարույց և վիճելի դրույթներ:
 
Այս նախագծով նախատեսվում է ռեկտորներին և գիտական հաստատությունների տնօրեններին ոչ թե ընտրել, այլ նշանակել 5 տարի ժամկետով անմիջապես ԿԳՄՍ նախարարի կողմից, որը հակասում է ՀՀ սահմանադրությամբ ամրագրված բուհական ինքնավարությանը։
 
Այս դեպքում ռեկտորները կդառնան իշխող վարչակազմի հնազանդ կամակատներ, որը կսահամանափակի բուհի ինքնակառավարման իրավունքը, հակասելով ՀՀ Սահմանադրության 38 հոդվածի (Կրթության իրավունք) 3-րդ կետին, որը սահմանում է․ «Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատություն»:
 
Նախագիծը խնդրահարույց է բուհական ինքնավարության տեսանկյունից, քանի որ Կառավարման խորհուրդների անդամների ուղիղ կեսը նշանակվելու է ԿԳՄՍ նախարարի կողմից։
 
Հատկապես մտահոգիչ է օրենքի նախագծի այն դրույթը, որով բուհի պրոֆեսորա-դասախոսական կազմի համար տարիքային սահմանափակումներ են նախատեսվում: Օրենքի այս դրույթի կիրառման դեպքում ոչ միայն կխաթարվի բուհերի գիտա-մանկավարժական գործունեությունը, այլև կբերի բուհերի գիտական հետազոտական աշխատանքների կազմալուծմանը, ասպիրանտների և ատենախոսական աշխատանքների հետագա սահամանափակմանը, քանի որ հինականում այդ աշխատանքները ղեկավարում են տարիքով փորձառու պրոֆեսորները:
 
Զարմանալի է, որ ԱՄՆ-ի պես գերհզոր երկրի նախագահ ընտրվում է 75 տարեկան Ջ.Բայդենը, որը պատասխանատու է ոչ միայն իր երկրի համար, այլև ամբողջ աշխարհում օրակարգ է թելադրում, իսկ այդ տարիքի ակադեմիկոսը կամ պրոֆեսորը ըստ առաջարկվող նախագծի դուրս է մղվում բուհի գիտա-մանկավարժական գործունեությունից, որը մեծ վնաս կհասցնի բուհի հետագա զարգացմանը:
 
Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել այն հանգամանքը, որ տարիքային սահմանափակումների մասին օրենքի դրույթները որոշակիորեն հակասություն ունեն Հայաստանի Սահմանադրության 29 հոդվածի հետ, որով արգելված է ցանկացած տեսակի խտրականության դրսևորումը, այդ թվում՝ տարիքի: Աշխատանքի հետ կապված սահմանային տարիք սահմանելը նաև մարդու իրավունքների ոտնահարում է:
 
Այս խնդրահարույց օրենքի նախագծի մեկ այլ դրութ, որը վերաբերվում է բժշկական կլինիկական կրթության վարչական և կառավարչական պաշտոնների համատեղման (կլինիկայի ղեկավար և տվյալ մասնագիտության ամբիոնի վարիչ) բացառմանը, կբերի կլինիկական կրթության, մատուցվող բժշկական օգնության և սպասարկման որակի վատթարացմանը:
 
Օրենքի որոշ դրույթներ մասնավորապես կապված ռոտացիոն համակարգի հետ նաև վտանգում է բուհի ուսանողների շահերը: Օրենքի նախագծով էապես սահմանափակում է ուսանողի մասնակցությունը բուհական կառավարմանը։
 
Հայաստանի Հանրապետության բուհերի կառավարման համակարգում ուսանողությունը ունի 25 տոկոս ներկայացուցչություն։ Ըստ Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենքի նախագծի համալսարանների կառավարման բարձրագույն մարմնում՝ Հոգաբարձուների խորհրդում, ուսանողների համամասնությունը 25 տոկոսից իջեցվում է 1 ձայն՝ խորհրդի 12 անդամի պարագայում (ներկայումս` 32 անդամ, որից 8-ը՝ ուսանող): Այդ փաստը բուհերի կարևորագույն խնդիրների լուծման հարցերում որոշիչ դեր ու նշանակություն ունի։ Ուսանողները լինելով բուհի կառավարման մարմիններում որոշիչ և կարևոր նշանակություն ունեն։ Նախագծում բացակայում են ուսանողների կրթության պետական աջակցությունը (օրինակ՝ փոխատեղման) սահմանող դրույթները:
 
Օրենքի հակասահմանադրական դրույթների ընդունման դեպքում բուհերը կզրկվեն ինքնակառավարման իրավունքից։ Օրենքի կիրառումը կբերի նաև բուհերի միջազգային վարկանիշի և հեղինակության նվազմանը:
 
Օրենքի նախագիծը քննարկումների ընթացքում բացասական է գնահատվել և՛ ակադեմիական հանրության, և՛ ուսանողների կողմից, իսկ վերջին օրերին դրա խնդրահարույց կողմերին է անդրադարձել նաեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը: Ուստի, կոչ ենք անում ՀՀ կառավարությանը հետ կանչել խնդրահարույց նախագիծը և սկսել ոլորտի զարգացման հայեցակարգերի շուրջ հետագա քննարկումներ՝ ներգրավելով բուհերի ներկայացուցիչների, կրթության կազմակերպիչների և իրավաբանների, ուսանողական խորհրդի ներկայացուցիչների, հասարական կազմակերպությունների ներկայացուցիչների:
 
Հորդորում եմ երկրի բուհական, ուսանողական, դասախոսական և գիտական հանրությանը բոլոր հնարավոր միջոցներով անհապաղ պայքարի բուհական համակարգը քայքայող այս օրենքի դեմ»։