Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տակաւին երեք տարի առաջ կը զգուշացնէինք Հայաստանի մէջ տեղի ունեցող զարգացումներուն ներկայացուցած հաւանական վտանգը յատկապէս Արցախին եւ ընդհանրապէս Հայաստանին ու հայութեան։ Ներկայ պատերազմը այսօր կը հաստատէ այդ վտանգին համար հնչեցուած ահազանգին իրականացումը։
Ներկայ կացութեան նկատմամբ գոյութիւն ունին քաղաքական աշխարհահայեացք եւ աշխարհաքաղաքական ըմբռնում, որոնց ընկալումը կը տարբերի հայկական հասարակական միտքը ձեւաւորող կողմերուն միջեւ։ Այդ կողմերուն մէջ առաջնագոյնը հայրենի ներկայ իշխանութիւնն է, որուն վստահուած է հայրենիքի ղեկը։
Հետեւաբար, պէտք է պարզել ներկայ իշխանութեան քաղաքական աշխարհահայեացքն ու աշխարհաքաղաքական ըմբռնումը։ Այս ուղղութեամբ թերեւս լաւագոյն պարզաբանումը կը կատարէ վարչապետը՝ իր «Մենք ու մեր շահերը» խորագրով յօդուածին մէջ, որ լոյս տեսած էր քսան տարի առաջ՝ «Հայկական Ժամանակ» թերթի 23 Մայիս, 2001-ի համարին մէջ։
Վարչապետը կը գրէ.- «... ԱՄՆ-ը մտածում է, եթե ՀՀ-ն անտեսելով սեփական շահը իր ողջ տարածքը ծառայեցնում է Ռուսաստանին, ի՞նչն է խանգարում, որ մի փոքր, չափազանց փոքր տարածք ծառայի ԱՄՆ-ի եւ Թուրքիայի շահերին: Այդ փոքր տարածքը Մեղրին է, ու եթե այդ միջանցքի գաղափարն իրականանա, Հայաստանն այլեւս չի կարող խանգարել Թուրքիային եւ ԱՄՆ-ին, քանի որ կդադարի աշխարհքաղաքական գործոն լինել: ... Թուրքիայի Կենտրոնական Ասիա դուրս գալը մեր շահերին ոչնչով չի հակասում, այլ կրկնենք, հակասում է Ռուսաստանի ու Չինաստանի շահերին:»
Եւ կ՚աւելցնէ.- «Այն, որ Մեղրին պետք է թուրքերին ու ԱՄՆ-ին, ուղղակի հոյակապ է, որովհետեւ այս դեպքում Մեղրին սովորական տարածքից վերածվում է հաղթաթղթի, ու դա մեր հաղթաթուղթն է: Ինձ համար անհասկանալի են տեսակետներն այն մասին, որ մեր հաղթաթուղթը մեր կրծքին սեղմած պետք է պահենք: Սա մանկամիտ մոտեցում է: Հայաստանի դիրքորոշումը այս հարցում մեկը պետք է լինի. եթե Թուրքիան կամ Ադրբեջանը ուզում են հաղորդակցվել Մեղրիով, թող հաղորդակցվեն. թող օգտագործեն մեր տարածքը, թող օգտագործեն մեր երկաթուղին ու վճարեն դրա համար, ինչպես ընդունված է աշխարհում:»
Վարչապետին այս քաղաքական աշխարհահայեացքը եւ աշխարհաքաղաքական ըմբռնումը այսօր Արցախեան ինքնապաշտպանութեան նժարին վրայ էր։
Սեդօ Պոյաճեան