կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-02 17:50
Քաղաքական

Ռուսաստանի մասին՝ մեկ անգամ ևս. Դավիթ Վանյան

Ռուսաստանի մասին՝ մեկ անգամ ևս. Դավիթ Վանյան

Քաղաքագետ Դավիթ Վանյանը գրում է.

«Այս պատերազմը, որը հերոսաբար վարում են Հայ ժողովուրդը, բանակն ու Հայ զինվորը, մի կարևոր առանձնահատկություն ունի։ Այն ընթանում է Արցախի շուրջ և Ադրբեջանի տարածքում, իսկ ՀՀ սահմանները, որոնք ձգվում են արևմուտքում՝ Թուրքիայի, և մասամբ արևելքում, Ռուսաստանի պատասխանատվության գոտում են։ Այսինքն, Հայաստանի և Ռուսաստանի ռազմական համագործակցության շնորհիվ, մենք պատերազմում ենք` հավանական ավելի մեծ պատերազմի սահմանափակ կոորդինատներում։ Եկեք ընդունենք, որ սա արդեն իսկ մեծ աջակցություն է մեր ռազմավարական դաշնակցի կողմից։

Բացի սա, Ռուսաստանը երաշխավորում է իր մասնակցությունը, եթե պատերազմը դուրս կգա Արցախից ու կընդարձակվի դեպի Հայաստան, և ապահովում է մեզ զենքով։
Ասածս այն է, որ չնայած մեր բարեկամ երկրի հանդեպ դժգոհություններին ու նրանից՝ սպասելիքներին, Ռուսաստանն արդեն՝ բավական, դրական իմաստով՝ մեծ ներգործություն ունի տարածաշրջանում։
Հիմա, տեսեք։
Ռուսաստանի հետ համագործակցության երկու եղանակ կա։ Մեկը այն է, ինչը, իր բոլոր դրական ու բացասական կողմերով արդեն կա, տեղի է ունենում, ընթանում է։ Այս պայմաններում, հարավում բավական զիջելով, կարծես թե, հասնում ենք որոշակի կայունության, բազմաթիվ զոհեր ենք տալիս, սակայն, ռազմական, ապա քաղաքական նախաձեռնությունները մեր ձեռքն առնելու համար՝ առիթ ենք ստեղծում։ Այս տեսակի պատերազմը ես կանվանեի «պաշտպանական» մարտավարության պատերազմ։
Ռուսատանի, որպես մեր դաշնակցի հետ համագործակցության երկրորդ եղանակը այն կլիներ, եթե մեզ հաջողվեր նրա հետ միասին ու համատեղ, թեկուզև, առանց նրանց մարդուժի մասնակցության, կարողանայինք հյուսել «հաղթական» մարտավարություն։
Պարտադիր չէ, որ այս մասին հայտարարվեր, կամ Մոսկվա՝ բաց նամակներ հղվեին։ Սա կարելի է անել լռելյայն, երբեմն ավելի ցածր մակարդակների պայմանավորվածություններով, ինչպես, օրինակ, դա անում էր Վ․ Սարգսյանը՝ արտակարգ, նույնիսկ՝ ընկերական հարաբերություններ պահելով Պ․ Գրաչյովի՝ ՌԴ պաշտպանության նախարարի հետ։ Եթե անհրաժեշտ լինի, այս դեպքում պիտի համաձայնվենք, առնվազն Հայաստանի տարածում ռուսական բազայի ընդլայնմանը։
Այսպիսի համագործակցություն հյուսելու համար հանրային բարձրաձայնումներն ու պաշտոնական հարաբերությունները խրախուսելի չեն։ Սակայն անհրաժեշտ են հարյուր առ հարյուր վստահելի հարաբերություններ, ռազմավարական խնդիրներում՝ լիակատար համապատասխանեցումներ, եթե անհրաժեշտ է՝ փոխօգնության ու տնտեսական համագործակցության նոր պայմանագրի կնքում, և իրական դաշնակցային սերտ հարաբերություններ։
Ես ընդհանրապես իմաստ չեմ տեսնում բաց նամակների մեջ։ Ավելի լավ կլիներ, եթե ՀՀ-ն կամ ԱՀ-ն պաշտոնական փակ նամակներով դիմեին Ռուսաստանին և բացի սպասելիքներից, առաջարկեին նոր համագործակցության հիմքերը երաշխավորող պայմանագրեր։
Գաղտիք չէ, որ վարչապետի համաձայնությամբ, ԼՏՊ-ն և ՌՔ-նը պատրաստվում էին մեկնել Մոսկվա, ինչպես հայտարավել էր, ռուսական էլիտաների հետ հանդիպումներ անց կացնելու նպատակով։ Ես կարծում եմ, ԼՏՊ-ին ոչ ոք Մոսկվայում չի սպասում, իսկ իրական հաղթանակների բացակայության պայմաններում, թերևս հարցականի տակ է նաև ՌՔ-ի մեկնումը։ Մոսկվա պիտի մեկնի նա, ով օժտված կլինի՝ ՌԴ նախագահ ՎՎՊ-ի հետ ոչ միայն բանակցելու, այլև, բանակցություններում ձեռք բերածը իրականացնելու համար լիազորություններով։ Եւ եթե մենք առողջ ազգ ենք, և պատերազմական այս իրավիճակում, ընդունակ ենք հանուն հաղթանակի՝ ներքին լայն համաձայնության, ապա Մոսկվա պիտի գնա ՌՔ-ը, այն էլ օժտված լինի որոշակի լիազորություններով։
Գաղտնիք չէ, որ ռուսական բոլոր վերլուծական հոդվածներում, էկրաններից ու քաղաքական գործիչներից շուրթերից մի բան է հնչում՝ Մոսկվան չի վստահում ՀՀ իշխանություններին և վախ ունի, որ հնարավորության դեպքում (ինչպես այսօր նրանք դա տեսնում են Բելոռուսիայի դեպքում) Հայաստանը կփոխի իր դիրքորոշումները դեպի արևմուտք։ Իսկ այդպիսի առաջարկություն, հարևան Իրանի ակտիվացման, ՌԴ-ի հետ քաղաքական մրցակցության, Թուքիայի՝ ՆԱՏՕ-յի անդամ լինելու պատճառներով, ընտրություններից հետո ԱՄ Նահանգները անպայմաննորեն կանեն և կփորձեն իրենց ազդեցությունը պահել տարածաշրջանի վրա։
Եթե ուզում ենք գնալ երկրորդ ճանապարհով, ապա, լավ կլիներ, որ մենք այդ երաշխիքները տայինք Ռուսաստանին, իսկ դրա համար՝ բանակցողի Մոսկվա առաքումը լավ նշան կլիներ, և կարող էր նրա հետ լինել մեկ ուրիշ անձ, երկուստեք վստահելի որևէ զինվորական։
Դավիթ Վանյան
Դեպի Արարատ
Հ․ Գ․
Նրանց մեկնաբանությունները, ովքեր կարտահայտվեն ոչ ըստ էության, կհեռացվեն»։