Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրելի ռումինահայեր և բուլղարահայեր
Արդեն երեք շաբաթից ավելի է, որ հայ ժողովուրդն ապրում է իր պատմության դժվարագույն, բայց միևնույն ժամանակ հերոսական ժամանակահատվածում: Հայ զինվորը կենաց և մահու կռիվ է տալիս դարավոր ոսոխի դեմ, ով դարձյալ նպատակ ունի ջնջել հայությանը և ենթարկել ցեղասպանության:
Այսօր առավել քան երբևէ Արցախն ու Հայաստանը, Մեր Սրբություն Հայրենիքը կանչում է Մեզ նոր սխրագործությունների, կանչում է պատմության փառավոր նոր էջ կերտելու: Մեր քաջարի զինվորները, կամավորականներն ու աշխարհազորայինները հերոսաբար դիմադրում են թուրք-ադրբեջանական միացյալ ուժերին և միջազգային ահաբեկչական խմբավորումներին: Այսօր Մենք մաքառում ենք ոչ միայն Մեր ինքնության պահպանման, Մեր ազգային արժեհամակարգի ու Հայրենյաց սահմանների անառիկության համար, այլ նաև միջազգային հանրության լուռ հայացքների ներքո պայքարում ենք ահաբեկչության դեմ և ապահովում ենք նաև իրենց աչքերն ու ականջները գոցած միաջազգային հանրության անվտանգության համար: Այսօր Մեզ է վիճակված դառնալու տարածաշրջանում խաղաղության և անվտանգության երաշխավորը:
Այսօր էլ Մեր զինվորներն ու հրամանատարներն հերոսական ու աներևակայելի մարտեր են մղում թշնամու դեմ: Սակայն սա բոլորիս Սրբազան պատերազմն է, սա համայն հայության գոյապայքարն է, քանզի վճռվում է հայի լինելության և չլինելության հարցը: Քանզի եթե չկա Արցախ, չկա նաև Հայաստան և Սփյուռք, եթե չկա Հայաստան, չկա ռումինահայ կամ բուլղարահայ համայնք: Ուստի սա բոլորիս պայքարն է և ճիշտ հիմա է պահը, երբ պիտի համախմբվենք և միասնական ճակատ կազմենք նենգ թշնամու և ահաբեկչական հրոսակախմբերի դեմ:
Սիրելիներ, Սրբազան Հայրենիքը կանչում է Ինձ, Ձեզ և Մեզ բոլորիս: Եկեք զինվորագրվենք և մեկնենք Արցախ՝ պաշտպանելու հայոց փառապանծ բանակի թիկունքը: Ոչ միայն աղոթքով, նվիրատվություններով ու հումանիտար օգնություններով, այլ առավել ևս ֆիզիկապես կանգնենք հերոս զինվորի կողքին, մարտնչենք և միասին կերտենք հայ ժողովրդի հերոսական պատմության հերթական դրվագը: Սա հայ ժողովրդի նոր Սարդարապատն է, ուր հաղթանակն անկասկած Մերն է լինելու: Մեր պայքարն արդար է, իսկ Աստված միշտ արդարների կողմն է, իսկ ,,եթե Աստված մեր կողմն է, հետևաբար ո՞վ է մեզ հակառակ,, (Հռոմ. 8. 31): Ուրեմն առաջ դեպի պայքար և դեպի հաղթանակ:
Թող Աստված օրհնի ու պահպանի Հայաստան և Արցախ Հայրենիքը Մեր, քաջարի մեր զինվորներին ու հրամանատարներին:
Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյան
Առաջնորդ Ռումանիոյ թեմին հայոց
Առաջնորդական տեղապահ Բուլղարիայի հայոց թեմի