կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-20 18:31
Հասարակություն

Դերսիմում հայկական եկեղեցին լիովին անհետանալու վտանգի տակ է

Դերսիմում հայկական եկեղեցին լիովին անհետանալու վտանգի տակ է

Այշե Սյուրմե

Էրգան գյուղի բնակիչները հայտնել են, որ պետությունը բախտի քմահաճույքին է թողել եկեղեցին, իր պահպանության տակ չի վերցրել այն և եկեղեցու քարերից դպրոց կառուցել։

Դերսիմի Խոզաթ գավառին ենթակա Էրգեն գյուղում գտնվող Սուրբ Հարություն հայկական եկեղեցին, որի միայն մի քանի պատն է կանգուն մնացել, լիովին մոռացության է մատնվել։

Սուրբ Մարիամ Աստվածածնին նվիրված այս եկեղեցին կառուցվել է 975 թվականին։

Միջնադարում հայկական կրթության և մշակույթի զարգացման մեջ ևս մեծ ներդրում ունեցած սույն եկեղեցում բազմաթիվ ձեռագրեր են ստեղծվել։

1915 թ․ հայերի դեմ սկսված ցեղասպան քաղաքականության ժամանակ եկեղեցում ողջակիզել են այստեղի վերջին հոգևորականին։ Նախկինում այս եկեղեցու անունը եղել է «Երկայն», փոխվել «Էրգեն»-ի։

Սույն եկեղեցին, որ կառուցվել էր Դերսիմի ամենագեղեցիկ քարերից, շարունակում է պատմական մեծ արժեք ունենալ՝ չնայած ավերակ վիճակին։

Եկեղեցու ներսում աչքի են զարնում զարդաքանդակները, խաչի նշանները, ցորենի հասկի մոտիվները և հայերեն գրությունները։

Գյուղի վերջին հայը

Եկեղեցու մեջտեղում պահպանվում է Խասե անվամբ հայ կնոջ գերեզմանը, ով կարողացել էր փրկվել Ցեղասպանությունից և իր կյանքի մեծ մասն անցկացրել էր ավերակ դարձած այս եկեղեցին գանձագողերից պահպանելով։ Գյուղացիները Խասեին թաղել են եկեղեցում՝ իր կտակի համաձայն։

Երբ գանձագողերն սկսել են քանդել Խասեի գերեզմանը, գյուղացիները գերեզմանի վրա բետոն են լցրել՝ այն պահպանելու նպատակով։ Եկեղեցու տանիքը փլվել է, և մինչ այժմ այստեղ ոչ մի վերանորոգում չի իրականացվել։

Թռչունները բույն են դրել եկեղեցու փլված պատերին, փողոցային կենդանիները ևս այստեղ են պատսպարվում։

Էրգան գյուղի բնակիչները հայտնել են, որ պետությունը բախտի քմահաճույքին է թողել եկեղեցին, իր պահպանության տակ չի վերցրել այն և եկեղեցու քարերից դպրոց կառուցել։

Եկեղեցին չի վերականգնվել

Գյուղի բնակիչներից Հյուսեին Չելիքը, ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ եկեղեցին մեծապես ավիրվել է, նշել է, որ այն կանգուն է եղել մինչև 1970-ական թվականները։

Չելիքը շեշտելով, որ պետությունը եկեղեցում ոչ մի վերանորոգում չի իրականացրել և պահպանության տակ չի վերցրել, ասել է․ «Քանի որ գյուղացին տեղյակ չէ, որ այս պատմական կառույցն արժեքավոր հուշարձան է, քանդել է այն։ Եկեղեցին մի մեծ սենյակ ուներ․ մանուկ հասակում, երբ անձրևում էր, այդ սենյակում էինք պատսպարվում։ Ներկայում այդ սենյակը չկա․ ավիրվել է կամ, միգուցե, քանդվել ոմանց կողմից։ Չգիտեմ՝ պետությունն այն չի պահպանել, որովհետև հայկակա՞ն էր, թե՞ ոչ, բայց համոզված եմ, որ այս եկեղեցին մի այնպիսի ժառանգություն է, որ անհրաժեշտ էր պահպանության տակ վերցնել։ Այն գեղեցիկ հուշարձան է՝ թե մեր գյուղի և թե մեր նահանգի համար։ Եթե վերստին պահպանության տակ առնվի, վերանորոգվի, բազմաթիվ մարդիկ կգան այն տեսնելու»։

«Մի ամբողջ մշակույթ է ոչնչացվել»

Ջեմալ Օղուզխանը հայտնելով, որ վերջին հայ կինը՝ Խասեն, իրենց հետ է ապրել, ում գերեզմանը գտնվում է եկեղեցում, հավելել է․ «Խասեն ասում էր՝ «Իմ ծնողները դուք եք»։ Նա մեր գյուղի վերջին հայն էր։ Կորցրել էր իր ամբողջ ընտանիքին։ Եկել ու մեզ մոտ էր ապաստանել։ Ես ու տիկինս էլ նրա համար մայր ու հայր էին դարձել։ Շատ էինք նրան սիրում։ Պաշտպանում էր եկեղեցին, շատ ջանք թափում, որ վնաս չհասնի նրան։ Քանզի այս եկեղեցին նրան մնացած միակ ժառանգությունն էր։ Խասեին, իր կտակի համաձայն, եկեղեցում թաղեցինք։ Գերեզմանի վրա բետոն թափեցինք, որովհետև գանձագողերը վնասում էին այն»։

«Պետությունը եկեղեցու քարերով դպրոց կառուցեց»

Օղուզխանն ընդգծելով, որ եկեղեցուն տեր չի կանգնել ոչ միայն պետությունը, այլ նաև՝ տեղի բնակչությունը, նշել է․ «Ով եկավ, եկեղեցու քարերը վերցրեց և տուն կառուցեց իր համար։ Պետությունն էլ դպրոց կառուցեց։ Եթե ճիշտ եմ հիշում, եկեղեցու սյուներով հարսի սենյակներն էին զարդարում։ Մեր ու պետության ձեռքերով մի ամբողջ մշակույթ և ժառանգություն ոչնչացրեցինք»։

https://www.demokrathaber.org/guncel/dersimde-ermeni-kilisesi-yok-edildi-h135298.html

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net