Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արևմտյան Հայաստանի շրջաններից Խարբերդում գտնվող Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին լիովին անհետանալու վտանգի տակ է։ Այդ մասին, Akunq.net/am-ի հաղորդմամբ, ահազանգում է թուրքական «Էվրենսել» պարբերականը։
Աղբյուրի համաձայն՝ 6-րդ դարում կառուցված սույն հնամյա եկեղեցին հետագայում կոչվել է նաև Խուլեվանք։ Սուրբ Գևորգ վանքը 15-րդ դարում վերածվել է նշանավոր գրչակենտրոնի։ Վանքի հոգևոր սպասավորներից արքեպիսկոպոս Գևորգի հեղինակությամբ 1443 թ․ հրապարակված գրքում նշվում է, որ վանքը լքվել է Լենկթեմուրի արշավանքների ժամանակ, սակայն հետագայում հայ հոգևորականները վերականգնել են այն։
Վանքից մեր օրեր է հասել միայն եկեղեցին, որը գտնվում է Խարբերդի (ներկայիս, թուրք․ անվանումը՝ Էլազըղ) Շահինքայա թաղամասում։ Թեև սրբավայրը պաշտոնապես գրանցվել է որպես մշակութային հարստություն, սակայն թուրքական իշխանություններն այն թողել են ճակատագրի քմահաճույքին։
Եկեղեցին պարբերաբար ենթարկվում է գանձագողերի ավերածություններին։ Շահինքայայի թաղապետ Հըդըր Շահինը շեշտում է, որ ինքը շատ է ջանք գործադրել եկեղեցու պահպանման ուղղությամբ, սակայն իշխանությունները տեր չեն կանգնել կառույցին։ Թուրքական լրատվամիջոցի թղթակցի հետ զրույցում նա ընդգծել է, որ թեև անցյալ տարի Խարբերդի քաղաքապետն իր այցի ժամանակ խոստացել է այդ կողմերում զարգացնել զբոսաշրջությունը, սակայն դեռևս ոչ մի զարգացում չի գրանցվել այդ ուղղությամբ։
«Էվրենսել»-ի թղթակից Օզքան Զյուլֆիքյարը հրապարակման վերջում հայտնում է, որ թեև թուրքական իշխանությունները 20 տարի շարունակ հանդես են եկել եկեղեցու վերականգնման անհրաժեշտության մասին բազմաթիվ հայտարարություններով, սակայն գործնականում որևէ բան չեն ձեռնարկել, իսկ թեմայի շուրջ մեկնաբանություններ ստանալու նպատակով Խարբերդի քաղաքապետարան արված իր զանգերն անպատասխան են մնացել։
Լուսանկարները՝ Օզքան Զյուլֆիքյարի
https://www.evrensel.net/haber/476125/koruma-altina-alinan-kilise-korumasiz
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net/am