Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խարբերդի (ներկայիս թուրքական պաշտոնական անվանումը՝ Էլազըղ) Ալաջաքայա գավառին ենթակա Բաղին շրջանում գտնվող հայկական պատմական շինությունները ենթարկվում են գանձագողերի ավերածություններին: Այդ մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
Աղբյուրի համաձայն՝ Ալաջաքայա գավառից 21 կմ հեռու գտնվող մոտ 600-ամյա պատմական բնակավայրը լիովին վերանալու վտանգի տակ է: Այդ շրջանում, որտեղ ենթադրաբար գտնվել են 2 հայկական և 1 մահմեդական թաղամասեր, բացի բնակատեղիներից, կան նաև եկեղեցի, ջրաղաց և գերեզմաններ:
Ժայռոտ և ընդարձակ տարածքում կառուցված այդ պատմական բնակավայրում գտնվող կառույցները բավականին ուշագրավ են և կարողացել են պահպանել իրենց պատմական առանձնահատկությունները և հասնել մեր օրեր:
Թուրքական աղբյուրում նաև նշվում է, թե մինչ օրս որևէ գիտական ուսումնասիրություն չի կատարվել այս տեղանքում: Դարեր շարունակ բազմաթիվ բնական աղետների դիմակայած սույն պատմական կառույցները վերջին շրջանում սկսել են ավերվել գանձ որոնողների կողմից, որոնք չեն բավարարվում պատմությունը ոչնչացնելով, այլ նաև 600-ամյա հայկական գերեզմանները բացելով՝ փորձում են գտնել արժեքավոր մետաղներ:
Աղբյուրը նաև հայտնում է, որ բացված գերեզմանները չեն փակվում և այդպես էլ բաց են մնում, և որ շրջակա գյուղերի բնակիչները խնդրում են այդ պատմական շինությունները հնարավորինս արագ պահպանման տակ առնել ու, դրանք վերականգնելով, փոխանցել հետագա սերունդներին:
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net