կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-14 11:36
Հասարակություն

Հանրային քննարկման է ներկայացվել դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման կարգի նախագիծը

Հանրային քննարկման է ներկայացվել դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման կարգի նախագիծը

Հ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձևավորման կարգում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Դպրոցի կառավարման գործընթացն առավել արդյունավետ և օբյեկտիվ իրականացնելու, խորհուրդների հետագա անկախ, անկաշկանդ և արդյունավետ գործունեությունն ապահովելու նպատակով նախագծով առաջարկվում է.

  • Ներդնել դպրոցական խորհուրդների խոշորացման գաղափարը: Ըստ այդմ՝ առնվազն 3000 բնակչություն ունեցող բնակավայրերում գործող հաստատությունների դեպքում կձևավորվի առանձին խորհուրդ, իսկ մինչև 3000 բնակչություն ունեցող բնակավայրերում կամ համայնքներում գործող հաստատությունների դեպքում կգործի միացյալ խորհուրդ՝ ներառելով առավելագույնը երեք հաստատություն: Համաձայն նախագծի՝ առանձին խորհուրդը բաղկացած է 11, իսկ միացյալ խորհուրդը՝ առավելագույնը 19 անդամից:
  • Ներդնել խորհուրդների անդամների ռոտացիայի սկզբունք՝ սահմանելով, որ նույն անդամը չի կարող ընդգրկվել խորհրդի կազմում ավելի քան երկու անգամ: Սրանով գործընթացը կդառնա առավել մասնակցային, և ավելի մեծ թվով մանկավարժներ և ծնողներ հնարավորություն կստանան ներգրավվել խորհրդի աշխատանքներում։
  • Ընդլայնել խորհրդում ներգրավվելու իրավունք ունեցող մանկավարժների շրջանակը՝ հանելով տվյալ հաստատությունում առավելագույնը երեք տարի ստաժ ունենալու պահանջը։

ՀՀ օրենսդրությամբ սահմանված է նաև, որ խորհրդի ձևավորման կարգի փոփոխությունից հետո սահմանված ժամանակահատվածում պետք է իրականացվեն գործող հաստատությունների խորհուրդների ամբողջությամբ վերաձևավորելու գործընթացներ:

Նշենք, որ ներկայում դպրոցների կառավարման խորհուրդներին վերապահված է լիազորությունների լայն շրջանակ։ Ոլորտում արվող հետազոտությունները, դպրոցների գործունեության պարբերական մոնիտորինգի տվյալները, ինչպես նաև հանրային լայն հնչեղություն ստացող առանձին դեպքեր ցույց են տալիս, որ այդ խորհուրդները ոչ միշտ են գործում իբրև դպրոցի կոլեգիալ կառավարման մարմին և հիմնականում ձևավորվում են մեկ գլխավոր նպատակի՝ տնօրենի ընտրության համար, որն էլ իր հերթին ստվերում է խորհրդի մյուս լիազորությունները։ Տևական ժամանակ դպրոցների կառավարման խորհուրդների մի մասը ներքաշված է եղել նաև քաղաքական, մասնավորապես, ընտրական գործընթացներում, ինչը զգալի բացասական ազդեցություն է թողել այս օղակի արդյունավետ գործունեության վրա։ Փոքրաթիվ բնակչությամբ համայնքների դեպքում առանձին խնդիր է նաև ազգակցական կապերի պարագայում շահերի բախումը բացառելը։